View Single Post
Old 11 Jun 07, 15:25   #14 (permalink)
VIP Lord
VIP Ultra Club
KODAK's Avatar
Join Date: Jan 2007
Location: Nederland
Age: 41
Posts: 2,541
Rep Power: 20 KODAK is on a distinguished road
Send a message via ICQ to KODAK Send a message via MSN to KODAK Send a message via Yahoo to KODAK
ՀԱՐՃԸ
Դանիել Վարուժան

Գ

–«Տե՛ս, Նազենիկ, ինչպես դաշտն ըսպառեց ձիս վըզանուտ
Ա՜յնքան երագ` որ կարծես մոխիրի մէջ բոցանուտ
Սըմբակներն իր խըրվեին: Ան հպարտ է, իմ Սիրուն,
Երբ այդ մազերըդ խառնւած կը զգա իր հորդ բաշերուն»:
–«Ո՛վ իմ ասպետս և իմ քաջըս, մըտրակե՛ անդադրում`
Մինչև որ սա անիծւած Սիւնաց սահմանը թողում:
Սարսափն է դեռ սըրտիս մէջ, բայց մեն մի դռոյթը ձիուդ
Հոգիիս մէջ կը սպաննե երկիւղի տրոփ մը անգութ:
Ո՛վ իմ ասպետս և իմ քաջըս, մտրակե՛, անդադրում»:
Այսպես անոնք խոսելով` հըճըվանքով մ'անպատում
Կ'արշաւերին դեպ Շիրակ: Տըրդատի լայն կուրծքին վրայ
Կը հանգչեցներ` հարճն ամփոփ` գըլուխն իբրև լուսնկա.
Մերթ ոտքերն իր կը զարներ ձիուն փորին տըղընդեր,
Մերթ Տըրդատի անութին տակեն ետև կը նայեր,
Հորիզոնին շըրջելով կապոյտ աչքերն` որոնց մէջ
Բերկըրանքներ կը հիւսէրին շողերն առեչ առ առեչ
Միշտ մեծցնելով հոյսը զվարթ` ծախւած ճամբուն մեծությամբ:
Շանթ կը տեղար արեգակը երկընքեն վար անամպ
Իր տոթին տակ խեղդելով կենդանութիւնը շուրջի.
Կարծես հողին մէջ ղողւած ըլլար ամեն մեկ ճըճի.
Միմիայն մերթ կը լսվեր բըզզոցը թավ զամբուռին,
Որ ա՛լ հոգնած ընդերկար հալածելե կենդանին`
Արշավանքին փոշվոյն մէջ կանհայտանար խորամուխ:
Անոնք իրար փաթթըւած կ'ամբարտակեն սարին գլուխ:

Խուլ դըրոդիւն մ'հեռվեն եղավ յանկարծ լըսելի,
Կարծես գետնին ընդերքեն անցներ ամպրոպ մ'ահռելի:
Տըրդատ շըրուշակը դարձուց, և երիվարը խոկուն
Ծամծըմելե դադրեցավ պահ մը լըկամը փըրփրուն:
Վարը, դէմի հովիտեն դեպի գագաթ ծառացան
Ձիավորներ զինավառ մըրրկարշաւ ու դաժան:
Ոմանք աղեղ ունեին և ոմանք լախտ ու տապար,
Ոմանց տեգերն ուղղաձիգ արեգակին տակ փարփառ
Հանկարծակի սարեն վեր փայլատակներ ճայթռեցին.
Բակուր մէջտեղն էր անոնց աշտանակած ահեղ ձին.
Կու գար լուծել իշխանեն վըրեժ, պատժել հարճն անխիղճ`
Մորթէլով հոն` փոխանակ զայն փըրկելու աղծապիղծ,
Կոչնականները բոլոր զինւած էին արդ իր հետ.
Երեկ գինով հըղփացած, այսօր արեան հակամետ:
Երբ Բագոսեն վերջ որրեց զանոնք Արեսն արդընկեց`
Հանդիսատես վատութէան հուշն հոգինին զայրագնեց:
Ըսկուտեղին արհավիրքը սիւներուն ընդմէջեն
Հետո իրենց սըրտին մէջ վառեց վրեժի մը գեհեն:
Տըրդատ երկար նայեցավ դեպի հրոսակն հալածիչ,
Աչքերէն թոյն կ'հոսեին մոլուցքի զոյգ մը կարիճ.
Գըրկին մէջ հարճը յանկարծ արձակեց ճիչ մը տրտում.
–«Ո՛վ իմ ասպետս,– ողոգեց,– օ՜հ, մըտրակե՛ անդադրում.
Գերին ըլլամ քու սուրիդ, անոնց գերին մ'ըներ զիս.
Ահա տեգերն ուղղեր են միահամուռ կոկորդիս`
Ուր համբոյրիդ տաքութիւնը դեռ, ավա՜ղ, չէ պաղեր»:
Ըսավ: Թաղեց ասպետին ծոցին մէջ գլուխն ոսկեհեր:
Հա՞րկ էր արդյոք ճակատիլ. ո՛չ. պիտի կռիվն ունենար
Անհավասար հաղթանակ, թէև վըսէր մ'հավասար:
Ու Տըրդատես թոթվեց սանձն երիվարին հողմասլաց,
Երկրադըղորդ թընդաց դռոյթն, փոշին ելավ, և սուրաց,
Ու ըսկըսավ հալածումն հըսկաներուն սանձարձակ:
Ողոգեց հարճը նօրէն.–«Ո՛վ իմ ասպետըս վրիժակ,
Ես կը տեսնեմ անութիդ տակեն զանոնք` որ կ'իջնեն
Բըլուրն ի վար, աչքերնին մեյ մեկ անդունդ լուսեղեն.
Հարիւր ձիեր կարկառեր են վիզերնին դեպի մեզ,
Որոնց շունչերը կ'ելլեն պինչերնեն տաք մոխրի պես:
Օ՜, մտրակե՛, մտրակե՛, երբ բըռնեն զիս` վագրի նման
Պիտի կրծեն ոսկորներս, լակեն արիւնըս լըման»:
–«Հեղեղին մէջ մազերուդ փակե աչքերդ, իմ Աղվոր,
Եվ կուրծքիս վրայ քընացիր օրորումով այս հըզօր,
Անոնք այստեղ չըհասած` մենք Շիրակ ենք գիրկ գըրկի»:
Ու լայնալանջ երիվարը մըտրակեց ուժգնակի:
Անցավ խորունկ փապերէն, հեղեղատեն մեծագոգ,
Ընկըղմեցավ խորն հովտին, ճեղքեց ավազն հրաբորբոք.
Եվ ուղղաբերձ, մեծաշունչ, համբարտակեց սարն հըսկա
Թավալելով հետք ի վար ապառաժներ` որոնց վրայ
Լուսնանըման կուռ պայտերն իրենց դըրոշմը դըրին.
Ճապուռներուն մէջ որսն իր սեղմելով միշտ ավելի.
Ժայռերն ի վար խոեացավ ջըրվեժին պես փըրփրալի`
Հորձանքին մէջ տանելով լերան ծաղիկ մը կարմիր
Իբրև դաշտին մեկ ընծան տըրւած վիհին լայնադիր:
Ու մըտրակե՜ց, մըտրակե՜ց, երբոր յանկարծ լըսվեցան
Իր ետևեն սուլումները նետերու դավաճան:
–«Ասպե՜տ, ասպե՜տ, մահն հասավ մեր թիկունքեն, կը շչա:
Օ՜, կը վախնա՜մ, կը վախնա՜մ. ուսիդ վրայյեն նետ մ'ահա
Հըրախայթոց օձի պես շըշըչալով սըլացավ:
Վայրկյա՜ն մըն ալ և անոնք կու գան կ'հասնին մեծարշաւ.
Աղեղներէն լայնալիճ կարծես արիւն կը կաթի
Եվ կը ներկե ձիերուն հորդ հորդ բաշերը կաթի:
Ասպե՜տ, ասպե՜տ, մի մատներս զիս անոնց խեռ մոլուցքին,
Ես քու գերին, ձիդ ըլլա թող գերին քու մըտրակին»:
Այսպես ըսավ Նազենիկ. լալ ըսկըսավ դառնահեծ,
Եվ Տըրդատի կուրծքին վրայ գըլուխը այնքա՛ն սաղմեց`
Որ զրահին մէջեն իսկ կը լսէր տրոփը սըրտին:
Գանգուրներն իր հողմածուփ ձիուն բաշին կը խառնվին.
Ինք կը սարսռա վարմն ինկած աղավնիի մ'հանգունակ:
Սարսափելի էր տարափը նետերուն մահարձակ`
Որոնք ջուրի նըման օդն եռանդահորձ ճեղքելով
Կ'երթային մահ երգել փախըստական զոյգին քով:
Այն ժամանակ Տրդատես գլուխն իր դարձուց մըրրկահեր
Եվ հեգնօրէն մըռընչեց.–«Հալածեցեք, դե՛հ, գայլե՜ր,
Մինչև շընչատ վար կախվին ձեր լեզուները դողդոջ.
Արձակեցե՜ք կըռնակիս ձեր ասեղները կընոջ»:
Ըսավ. և նժոյգն այս անգամ խթէց այնքան ուժգնալի`
Որ արշաւանքն եղավ շտապ մըտածումեն ավելի:
Ահա ձո՛րն ինք կը սուզի, սարի՛ն միւսները կ'ելլեն.
Կը փայլակե ինք սարին, անոնք ձորին խորերէն
Կը փոթորկվին: Եվ նըման զոյգ մ'ամպրոպի մոլեկան
Լեռնահարթին վրայ անգամ մ'այնքա՛ն իրար մոտեցան,
Որ պիտի շանթը ճայթէր, պիտի պոռթկար նետն արիւն`
Եթէ Տըրդատ ըզգեցած չըլլար քեմուխտ հաստատուն:
Անոնց հանած փոշիներն իրար միացան` կազմելով
Հըրատապ ամպ մը խարտյաշ` կարծես հըղի արիւնով:
Այն ժամանակ պիտ' հազիվ արձակեր տեգն իր Բակուր`
Որ ճեղքե թիկն ասպետին, և հարճին լանջը փըրփուր,
Երբ վիհ մ'յանկարծ դժոխորկոր լերան գըլխուն փեռեկւած
Արհավիրքով մ'ընկրկեց հալածողները սրընթաց:
Ճողոպրեցավ Տըրդատես, և լեռն ի վար ուղղակի
Դիմեց անտառ մը մըռայլ` որ սահմանն էր Շիրակի:
Բակուրի խումը կեցավ հառաչակուլ, ոգեսպառ,
Կատաղութէան խարոյկով ամբողջովին բոցավառ:
Ա՛լ հուսահատ` աղեղները պըրկեցին տըղընդեր,
Լարերն եղան լայնալիճ, անձրևեցին փըքիններ.
Նետե դատարկ կապարճներն եկան լեցվիլ վրեժ ու ոխ:
Հազիվ թէ ծոցն անտառին կ'ընդգոգեր զոյգը փախչող`
Բակուր իր նետը վերջին, հերձակ մ'ամբողջ ժահրաշիթ,
Արձակեց այնքա՜ն զօրեղ, թիրախին ա՜յնքան ճըշգրիտ,
Որ օձի նման շչալով թունոտ լեզվովը սաղապ
Տըրդատեսի անութին տակեն սողոսկ անցավ թափ,
Ու մըխվեցավ վարձակին ծոծրակին մէջ լուսաբուխ
Եվ հոն մընաց` հորդառատ մազերուն մէջ խորամուխ:
Երեք անգամ սըրսըփաց զարնւած աղվոր աղավնին,
Երեք անգամ չուզելով կարծես թողուլ իր հոգին:
Այս բանը ո՛չ Տըրդատես նըկատեց, ո՛չ ալ Բակուր,
Իրենց անզուսպ մոլուցքին փոշիներէն դարձած կոյր.
Բնավ չըտեսան թէ ի՛նչպես կը փըշրվեր ու կ'իյնար
Դաշնակութէան ու գեղի աստւածակերտը գոհար.
Միայն նըժոյգը վրընջեց, ու երեք հեղ սարսըռաց
Երբ սառեցավ փորին վրայ զարնըվող ոտքը յանկարծ:

Դ

Իջևան մ'է կառուցւած սահմանին վրայ Շիրակին,
Գործ արքունի ճոխութէան, մեծազանգւած, ահագին:
Լայն դըռներն իր կը բացվին ճամբուն վըրա հրատոչոր
Դուրս շընչելով զովութիւն և աղբերուն հոտը չոր:
Արևուն դէմ կիզանուտ ապաստան մ'է մըշտազով
Ճամբորդներն հոն կը հասնին տոթէն թխացած ծոցերով
Եվ հոնքերնին բեռնավոր փոշիներով տապախարշ.
Հո՛ն կը հասնին սայլերն հոյլ գոմեշներե ծանրաքարշ,
Եվ կաղացող ջորիներն ու կարավանն էշերու
Քաղցրաողկոյզ խաղողին կողովներուն տակ հըլու:
Հո՛ն կը հասնին շար ի շար ուղտերը հաղթ` բեռնավոր
Տարաշխարհի զանազան համեմներով քաղցրածոր
Եվ կը պառկին ծընկածալ, խըրոխտավիզ, կ'որոճան
Անծանոթ խոտն հեռավոր երկիրներուն արփական:
Թանձրակառոյց իջևանը բարիք մ'է երկնատու
Երբ կը հըսկե ճամբուն վրայ` որուն ծայրերը երկու
Հորիզոնին խորհուրդին մէջ տաղտկօրէն կ'անհետին,
Երբ կը վառե անկենդան լըռութէան մէջ լեռնային
Իր պանդուխտի օճախներն ամեն մարդու անխըտիր
Եվ հոն ամռան ջերմութիւնը մարելու ի խընդիր
Թանին ալիքը կը հոսի երակներու մէջ ծարավ:
Բայց միշտ հասնիլն հոն, անկե մեկնելեն քաղցըր չէ բնավ:
Ավասիկ այդ իջևանն է` ուր կու գա Տըրդատես
Ապաստանիլ նետերուն և արևուն դէմ հրակեզ:
Ծալքերուն մէջ թիկնոցին և կուրծքին վրայ զրահակուռ
Պարուրւած է Նազենիկ մարմարի պես ջարդուփշուր.
Այլևս, ո՛հ, չի հուզեր ոչ մեկ սարսուռ, ոչ մեկ վանկ
Չըքնաղ մարմինն իր սառած լուսարձանի մ'հանգունակ:
–«Արդյոք քնացա՞վ (կը խորհի` ասպետն հասած իջևան)
Թէ սարսափեն մարեցավ, ճըրագի պես, կուրծքիս վրայն:
Ի՜նչպես կըրնա սալանալ այդքան եռանդ մ'յանկարծոյն
Եվ տարածվիլ սըրտիս վրայ շիրմաքարի մը հանգոյն»:
Խորհելով այսպե՛ս Տըրդատ վար կը ցատկե նըժոյգեն
Եվ կ'իջեցնե վարձակն ալ, բայց աչքերն իր կը տեսնեն
Մազերուն մէջ Բակուրի նետն ըսպաննիչ, արիւնն հիր`
Որ հոսած է ծոծրակեն ժապավենի պես կարմիր:
Կընոջ մարմինը անշունչ գիրկը կ'իյնա ցըրտագին.
Կատաղութիւն ահավոր ասպետական խաբկանքին…
Մազերն ամբողջ կը քըստմնին` երբ սիրտն անոր կը տեսնե
Տիեզերքի մը սըրտին նըման` դադրած տրոփելե,
Երբ կը խորհի թէ կինն այդ մեկ թարթափին մէջ աչքին
Գեղեցկութէան հեթանոս ուներ գանձերը անգին,
Թէ իր մարմինն է լոգցած երկնի շողովը անշեջ,
Մեղր ուներ իր թուշին տակ, լոյս ուներ իր ծիծին մէջ,
Եվ իր ձեռքին ու ոտքին մատերուն ծայրն էր խըտացած
Տիեզերքն այս հարդագող Ճարտարութիւնն առեղծւած.
Եվ խորհեցավ վերջապես` սրահին մէջ Բակուրին
Աստւածացումն իր միսին, փոթորկումները պարին,
Եվ առջի հեղ ըլլալով ապառաժ մարդն այդ լացա՜վ…
–Ո՜վ պատրանքի արցունքներ հերոսներուն մեծ համբավ,
Որոնք երբեմըն սըրտի խօրէն կ'հոսին տըխրամած
Հին օրերու հաղթութէան պըսակներուն վրայ դեղնած:

Ե

Բարտի մը կար հինավուրց` զօր ձեռքերովն իր բարի
Իջևանին քով տընկեր էր Դիցանոյշ մ'անտառի.
Սակայն այդ օրն ոստ առ ոստ ան կը չորնար տրտմօրէն
Տերևներն իր դալկահար հողին վրայ ողբալեն:
Ո՛վ գիտե ո՛ր մըրրկածուփ գիշերվան մէջ Արամազդ
Զարկեր պատռեր էր անոր սիրտն իր շանթով մեծասաստ.
Եվ գըլուխն իր գեղուղեշ` որ կը հասներ արևին`
Արդ սոսափներ չէր երգեր, կը նիզակվեր դեպ երկին:
Հո՛ն, ահա այդ բարտիին շուրջը եկան հավաքվիլ
Անտառաբնակ չորս քուրմեր կընգուղ ու ջանջիլ,
Ու Տըրդատի հրամանով անոր բունին ճիշտ ներքև
Միահամուռ փորեցին Նազենիկի փոսը սև.
Ու երգեցին Աստղիկին: Տըրդատ սըրտեն շանթահար`
Անոր դեռ թա՛րմ դիակն առած գրկին մէջ կու լար:
Երբ զայն փոսին հանձնեցին` մազերուն մէջ շաղապատ
Դեռ Բակուրի նետն ոսկի կը փայլակեր լուսացայտ:

Իջևանի քով տնկւած վաղընջական այն բարտին
Վերընձիւղում մ'ըստացավ` բուժելով վերքն իր սրտին`
Երբոր Հարճին լոյս մարմնոյն ավիշներով կենսահորդ
Թաթախվեցան հողին տակ արմատներն իր խորդուբորդ,
Եվ ըսվեցավ թէ անոր տերևուտքին մէջ դողդոջ
Չըքնաղ հոգին վարձակին բընակեցավ դար մ'ամբողջ,
Լուսնկային ժըպտեցավ, ծոծրակին վերքը տվավ ցոյց,
Հովերուն հետ պար եկավ, բամբիռներն իր հնչեցուց:

Վ Ե Ր Ջ
 
__________________


HayCity Armenian Game Portal

KODAK is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 20:03.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60