View Single Post
Old 20 Jun 07, 18:51   #1 (permalink)
ДИАКОН
VIP Club
MONK's Avatar
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Posts: 728
Rep Power: 18 MONK is on a distinguished road
Մասունքներ և <Գյուտ նշխարաց>

Սրբոց մասունքները կամ նշխարները բնական կամ մարտիրոսական մահվամբ իրենց մահկանացուն կնքած սրբերի նյութական-մարմնական մնացորդներն են, ինչպես նաև նրանց անձի հետ կապված իրերն ու առարկաները: Դեռևս Հին Կտակարանում առկա են սրբերի մասունքների հրաշագործ զորությունների և դրանց նկատմամբ եղած հարգանքի նախադեպեր (օրինակ` Դ Թագ. 2.13-14): Քրիստոնեական Եկեղեցում այն վառ սկսեց արտահայտվել հենց ամենավաղ շրջանից: Պատմական ամենաառաջին վկայությունը թերևս կարելի է համարել 2-րդ դարից մեզ հասած ՙՄարտիրոսություն Պողիկարպոսի՚ երկը, ուր սրբոց մասունքները գնահատվում են ՙավելի թանկագին, քան ամենաթանկագին քարը, և ավելի ցանկալի, քան ամենաազնիվ ոսկին՚: Քրիստոնեության հալածանքներին հաջորդող շրջանում սրբոց մասունքների հարգանքը լայն տարածում գտավ թե’ Արևելքում և թե’ Արևմուտքում: Դա պայմանավորված էր այն մեծագույն սիրով ու հարգանքով, որ վայելում էին իրենց կյանքով և անգամ մահվամբ քրիստոնեական վարդապետության ճշմարտությունը վկայած և դրանք իրական կյանքի վերածած, սեփական անձը Սուրբ Հոգու ներգործարան դարձրած սրբերը: Նրանց մահվանից հետո էլ Եկեղեցին շարունակում էր վայելել նրանց իրական ներկայությունը նյութեղեն մասունքների միջոցով, որոնց հրաշագործ զորությունը սրբոց բարեխոսության ու մարդկանց ունեցած նրանց անմար սիրո աեհավատչյան էին:
Նախապես սրբոց նշխարները պահվում էին հատուկ պատրաստված գերեզմաններում: Հետագայում մասունքների համար սկսեցին պատրաստվել հատուկ պահարաններ` տուփերի, խաչերի կամ աջերի (վերջինիս մեջ պահվում էին աջ ձեռքի մասունքները) տեսքով:
Ենթադրվում է, որ Հայ Եկեղեցում մասունքներ պահելու ավանդույթը հիմնականում սկզբնավորվել է 4-րդ դարի սկզբից, երբ Ս. Գրիգոր Լուսավորիչը, ձեռնադրվելով Կեսարիայում, Հայաստան վերադարձին իր հետ բերում է Ս. Հովհաննես Մկրտչի և Ս Աթանագինեի մասունքները: Հետագայում լայն տարածում են գտնում նաև սրբոց այլ մասունքներ: Դրանք հիմնականում ամփոփվում էին իրենց պատվին ու անվամբ կառուցվող եկեղեցիների ու վանքերի հիմքում, որոնք հետագայում վերածվում էին ուխտավայրերի և լայն ժողովրդականություն վայելում:
Մեր Եկեղեցու և ժողովրդի համար միշտ էլ հատուկ նվիրական ու սրբազան նշանակություն և արժեք են ունեցել հատկապես ՙՀայոց հավատի հայր՚ Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարները, որոնք մեծ հարգանք են վայելում նաև ողջ քրիստոնեական աշխարհում: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գտնվելու կարևորագույն իրադարձության առթիվ սահմանել է հատուկ տոն` ՙԳյուտ նշխարաց սրբոյն Գրիգորի Լուսավորչին մերոյ՚, որը նշվում է Հոգեգալստի երրորդ շաբաթ օրը, այս տարի` հունիսի 23-ին:
Սուրբ Լուսավորչի կյանքի վերջին ժամանակահատվածն անցավ մարդկանցից հեռու և անտես` ճգնության մեջ Դարանաղյաց գավառի Սեպուհ լեռան Մանյա այր անունով հայտնի քարայրում, որտեղ ապրել էր Հռիփսիմյանց կույսերից Մանեն: Նրա մահվան հանգամանքներն անհայտ են: Պատմությունը բավարարվում է հայտնելով, որ Մանյա այրի առանձնության մեջ կնքեց իր մահկանացուն և նույն այրում թաղվեց հովիվների ձեռքով: Սա Լուսավորչի նշխարների առաջին գյուտն էր: Հետագայում նրա նշխարների մոռացության մատնված տեղն Աստված տեսիլքով հայտնում է Գառնիկ անունով մի ճգնավորի, ինչն էլ Լուսավորչի նշխարների երկրորդ գյուտն էր: Ս. Լուսավորչի նշխարները բերվեցին և ամփոփվեցին Դարանաղյաց գավառի Թորդան ավանում, որը նրա հայրենական սեփականությունն էր:
Հայտնի չէ, թե Լուսավորչի` Թորդանում ամփոփված նշխարները որ ժամանակներից սկսած բաժանվեցին տարբեր վայրեր: Նրա Ս. Աջը, որը պահվում է Մայր Աոթռ Ս. Էջմիածնում, եղել և մնում է Հայրապետական աթոռի իշխանության պաշտոնական նշանակը: Խաչափայտի և Գեղարդի մասունքների հետ այն մեռոնի օրհնության ժամանակ գործածվող գլխավոր սրբություններից է: Ըստ որոշ տեղեկությունների` 5-րդ դարում Բյուզանդիայի Զենոն կայսեր (474-491 թթ.) հրամանով Լուսավորչի նշխարները Թորդանից բռնությամբ տեղափոխվում են Կ. Պոլիս: Հայաստանում է թողնվում միայն Լուսավորչի Աջը: Հովհաննես Դրասխանակերտցու տեղեկության համաձայն` Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը (641–661 թթ.), Զվարթնոցի տաճարը կառուցելիս, Լուսավորչի ոսկորների նշխարները բաժանում և դնում է չորս հաստահեղյուս սյուների տակ, իսկ գլուխը ոչ թե խորքում, այլ դրսում` Ս. Սեղանի տակ գզրոցի մեջ է զետեղում` փափագողների հույսի ու հիվանդների բժշկության համար: Վարդան պատմիչը նշում է, որ նշխարները Գրիգոր Պատրիկ Մամիկոնյանը 7-րդ դարում Կ. Պոլսից է բերում, և այնուհետև դրանք տեղադրվում են Զվարթնոցում: Սակայն Մովսես Կաղանկատվացին, երբ նկարագրում է Արցախի Իսրայել եպիսկոպոսի` Գրիգորի նշխարներից ծնոտի մի մասը Գլխովանքում ամփոփելու դեպքը, գրում է, որ այն հենց Թորդանից տարվեց Արցախ: Հետագայում Ս. Գրիգորի գլուխը, որոշ ոսկորներ և տանջանքի գործիքներից շղթայի մի մասը հայ կույսերը Զվարթնոցի տաճարից տեղափոխում են Նեապոլ (Իտալիա), որտեղ եկեղեցի է կառուցվում ի պատիվ Լուսավորչի (ըստ այլ աղբյուրների` Լուսավորչի նշխարները Նեապոլ են տեղափոխվել Կ. Պոլսից` տեղի վանքերից մեկի միաբանության կույսերի կողմից): Դրանք մինչ այժմ էլ մեծ պատվով պահվում են Ս. Գրիգոր եկեղեցում` մեծ ջերմեռանդությամբ հարգվելով բարեպաշտ նեապոլցիների կողմից: Նեապոլի պահապան սուրբ Գենարիոսից հետո Գրիգորը ճանաչվում է քաղաքի երկրորդ պահապան սուրբը և ունի հատուկ տոն` սեպտեմբերի 30-ին: 2000 թ. նոյեմբերի 8-11-ը Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Վատիկան, որտեղից հայրենիք բերեց Գրիգոր Լուսավորչի մասունքներից, որոնք ի նշանավորումն քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակի` Կաթոլիկ Եկեղեցին վերադարձրել էր Հայ եկեղեցուն:
ՙՀայոց մեծ սուրբ Գրիգորին՚ 5-րդ դարից սկսած պատվել են նաև Բյուզանդիայում: Այժմ էլ Հունաստանի եկեղեցիներում կան Գրիգոր Լուսավորչին նվիրված խորաններ, սրբապատկերներ, որմնանկարներ, խճանկարներ, ինչպես նաև` մասունքներ ու նշխարներ, որոնք ամփոփված են մասնատուփերում: Իսկ Ռուսաստանում` Կարմիր հրապարակում, Վասիլի Երանելու տաճարական համալիրի մեջ է մտնում նաև ՙՀայոց Գրիգորի եկեղեցին՚, որը կառուցվել է Իվան Ահեղ ցարի հրամանով: Ս. Գրիգորին նվիրված սրբապատկերներ կան նաև Կրեմլի Ավետման ու Սպասկի տաճարներում, Կոլոմնայի, Պսկովի, Ռոստովի եկեղեցիներում, ինչպես նաև` Նովգորոդի Ներեդիցա տաճարի պատերը զարդարող որմնանկարներում:
 
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
MONK is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 16:32.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60