ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ ՀԱՅԵՐՆ ԻՐԱՐ ՀԵՏ ԿՇՓՎԵՆ ՀԱՅԵՐԵՆ?
Հայկական տառատեսակների եւ ծրագրերի ստեղծումը` հրատապ քայլ
Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կարեւոր բաղկացուցիչ է հայկական տառատեսակների մշակումն ու ներդնումը այս ոլորտի բոլոր ճյուղերում: Այս միտքը տիրապետող էր երեկ տեղի ունեցած ՙԾրագրաշարերի ու հայկական տառատեսակների ներդրման ու հեղինակային իրավունքների պահպանման կարեւորությունը ՏՏ ոլորտի զարգացման համար՚ անվանումով համաժողովի ժամանակ:
Միջոցառման կազմակերպիչ կառույցներից Հայաստանի ազգային գրապալատի ներկայացուցիչ Էդիկ Ղաբուզյանն այդ կապակցությամբ նշեց, որ ներկայումս գոյություն ունեցող Windows համակարգերում Unicode կոդավորմամբ հայկական տառատեսակների բացակայությունը դժվարացնում է ընդհանուր գործավարությունը: Ներկայումս հիմնականում կիրառվում են ASC|| կոդավորմամբ տառատեսակները, որոնք հնացած են եւ կիրառելի չեն ինտերնետում օգտագործելու համար: Դրա հետեւանքով ամբողջ աշխարհում հայերն իրար հետ ինտերնետով շփվում են անգլերեն տառերով, որը ՙպարզապես խայտառակություն է՚: Ներկայումս մշակույթի նախարարության որոշմամբ Ազգային գրապալատում ստեղծվել է հատուկ խումբ, որը պետք է զբաղվի հայկական նոր տառատեսակների մշակմամբ:
Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների վիճակի մասին խոսելով, Microsoft ընկերության Հայաստանի ներկայացուցիչ Գրիգոր Բարսեղյանը նշեց, որ չնայած այս ճյուղը Հայաստանի կառավարության կողմից հայտարարվել է գերակա ճյուղ, բայց որոշ ցուցանիշներով Հայաստանը շատ վատ դիրքեր ունի: Մասնավորապես Հայաստանում համակարգիչների թիվը 150-180 հազար է, ինչը նշանակում է, որ դրանցից օգտվում է բնակչության 5 տոկոսը միայն: Նույնն է պատկերը նաեւ ինտերնետից օգտվելու ցուցանիշի առումով, մինչդեռ շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար շատ կարեւոր է կապի եւ տեղեկատվության այս միջոցը: Դժբախտաբար Հայաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում ՙպիրատության՚ մակարդակով, որը կազմում է 95 տոկոս:
Գրիգոր Բարսեղյանը, նշելով հայերեն տառատեսակների եւ համակարգչային ծրագրերով ապահովվածության լուրջ խնդիրը, հայտնեց, որ Microsoft -ը պատրաստ է աջակցելու այդ հարցերում տեղական ընկերություններին: Արդեն իսկ ստեղծվել է Windows XP-ի հայկական տարբերակը, շարունակվում է աշխատանքը Windows Vista-ի հայկական տարբերակի ստեղծման ուղղությամբ եւ մինչեւ տարեվերջ նախատեսվում է ավարտել Microsoft Office 2007-ի հայկական տարբերակի մշակումը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
© Copyright AZG
http://azg.am/print_new.php?num=2007071210&lang=AM