Ответ: David Melik
***
Չվերջացող պատերազմ է
այս վերացող երկրի վրա.
կործանումի կրքից բացի
չկա ոչինչ սովորական:
Մնացյալը կեղծ է ու խորթ.
ամենօրյա համբույրները
ողջագուրման
ու կարոտի մասին գրված
նամակները մարտի դաշտից
այս գերհոգնած մոլորակի
զգայական լճացումն են
սոսկ քողարկում,
ուրիշ ոչինչ:
ՎՏԱՐՈՒՄԸ
Ես`
Դևս,
Որ վարժեցրեցի օձին մեղքի արվեստում,
Ամեն Աստծու օր Ադամ եմ լինում,
Եվ անգամ վարձու իմ խղճուկ բնում
դրախտ եմ գտնում.
Երջանիկ եմ ես:
-Ջանիկս,
Կարծեմ, ասացիր,որ քեզ
Եվաեն կոչում,
Կարկաչում է, տես,
ջազն իմ սենյակում
Տիգրիսի ու Եփրատի պես:
Դե, ինչ կասես,
չես գա պարենք:
Ու մենք պարում ենք,
Ու պարուրում ենք իրար քնքշությամբ,
Ու պարպում ենք մեզ,
Պարպում մեր հոգին,
Որ պարուրված է լույսով մաքրության:
Հետո թամբում ենք
Մեր երազների ամենալկտի ու անառակ ձին,
Իսկ երբ դա քիչ է, հիշում ենք օձին :
Օձը ելնում է,
Գրգռված ֆշշում,
Թքում է, թքում
Մեր երազներին,
Մեր սիրած ջազին
Ու մեր երեսին:
Նա կործանում է մեր մաքրությունը
Լկտիության իր հանճարով,
Եվ ես նորից վերապրում եմ վտարումը
Եվ ամեն անգամ օձի պատճառով:
|