ՄՈՐՍ ԾԱՂԻԿ ԾՈՑԻ ՄԵՋ
Մորս ծաղիկ ծոցի մեջ
Կար մի ծիվ-ծիվ Հայաստան,
Ամեն ծալքում մեր ծխի
Կար մի ծիլ-ծիլ Հայաստան։
Հույսեր, հույսեր իմ բուռ-բուռ,
Ձեր ամեն մի հատիկում
Ծլարձակում կար մի լուռ
Եվ կար մի ծիլ Հայաստան։
Երազներ իմ ձյունեղեն,
Մաքուր, մաքուր երազներ,
Ձեր ամեն մի փաթիլում
Կար մի փաթիլ Հայաստան։
Արտասուքներ իմ վճիտ,
Որ ծորացիք ամենուր,
Ձեր ամեն մի կաթիլում
Կար մի կաթիլ Հայաստան։
Երամներ իմ կարոտի,
Ձեր ամեն մի կանչի մեջ
Կար մի տատրակ, մի կռունկ,
Մի արագիլ Հայաստան։
Զարկերակներ իմ զարմի,
Ձեր ամեն մի զարկի մեջ
Զնգում էր մի զրեհիկ,
Զվարթ ու զիլ Հայաստան։
Հավերժություն, աչքդ լույս,
Ուղևորդ է մի նորոգ,
Կանաչ-կարմիր, ծիրանի,
Ճերմակ ու բիլ Հայաստան։
|