Այցելեք
www.azadakrum.org հիմա
Ժիրայր Սէֆիլյանը լիարժեք ինֆորմացիա ունի, ավելին, քան նույնիսկ նրա շատուշատ ընկերներ դրսում: Նա ստանում և ժամանակի ավելցուկի պատճառով ամբողջությամբ կարդում է բոլոր թերթերը, հետևում է բոլոր հեռուստաալիքների քաղաքական հաղորդումներին, "Ազատություն" ռադիոկայանին: Եթե այս ամենը դուք համարում եք "սերժանտա-լևոնական դավադրության" համատեղ քարոզչություն, ապա պետք է իմանաք, որ Ժիրայրը նաև ամեն օր մի քանի տասնյակ հեռախոսային խոսակցություններ է ունենում իր տարբեր ընկերների հետ, որոնցից շատերը, ի դեպ, այնքան էլ համաձայն չեն այն մարտավարությանը, որով նա պաշտպանում է Լևոն Տեր-Պետրոսյանին: Այսինքն, նրա ընկերներից շատերը, այդ թվում նրանք, ովքեր քիչ թե շատ ծանոթ են քաղաքական խոհանոցներին, նույնպես, նամակներով բազմաթիվ հակափաստարկներ են փոխանցում Ժիրայրին: Հավաստիացնում եմ, որ "Սերժանտա-լևոնական դավադրության" առկայությանը վերաբերող վարկածի մասին նույնպես Ժիրայրը բավարար չափով տեղեկացված է: Այնուամենայնիվ նա որոշել է այն, ինչ որոշել է, և այդ որոշումը ոչ թե սերժանտալևոնական արդյունավետ քարոզչության կամ հուսահատ փրփուրներից կառչելու արդյունք է, այլ սկզբունքային քաղաքական հաշվարկի: Ինչ վերաբերում է բուն` "դավադրության" վարկածին: Այն բավարար չափով հիմնավոր չէ: Հակառակ վարկածն ավելի տրամաբանական է: Սերժանտներն են տարածում բանբասանքներն այն մասին, թե Լևոնը խաղի մեջ է Սերժի հետ համաձայնեցված, իբրև թե ընդդիմության շարքերում ավելի լուրջ թեկնածուի առաջանալը կանխելու նպատակով: Որոշ այդպիսի տարածողների, Սերժի ընկերների շրջապատից, ճանաչում ենք անձամբ: Ես չգիտեմ Ժիրայրի ապատեղեկացված լինելով մտահոգ տողերի հեղինակը իրականում ով է. մեկը այն սերժանտներից, որոնք նման բանբասանքներ են տարածում, թե Վազգեն Մանուկյանի, դաշնակցության կամ այլ կազմակերպության համակիր: Կարծում եմ երկրորդը, այլապես քիչ հավանական է, որ օգտագործեր "սերժանտ" բառը: Ամեն դեպքում ես չեմ ուզում ոչ մեկին ավելորդ վիրավորել: Ճիշտ է, Լևոն Տեր Պետրոսյանի առաջադրումը հնարավոր դարձավ Սերժ Սարգսյանի գործունեության արդյունքում, բայց նա դա հաստատ չէր ուզում: Ինչպես ասում են. փորձառու աղվեսը երկու ոտքով է իր լարած թակարդն ընկնում (2 ասացվածքի միաձուլումն է այս դեպքին ավելի համապատասխանում): Նա հետևողականորեն ոչնչացրեց ամբողջ ընդդիմությունը, որպեսզի առանց դժվարության նախագահ դառնա: Սակայն բացարձակ հուսահատության մթնոլորտում նրան ատողները իրենց հայացքն ուղղեցին դեպի նախկին նախագահը, ինչը Սերժը միշտ անհավանական է համարել: Լևոնը այդ հույսի շնորհիվ մի քանի անգամ 20-30 հազարանոց հանրահավաք անցկացրեց, ինչի մասին, թե Վազգեն Մանուկյանը, թե Վահան Հավհաննիսյանը, թե Արթուր Բաղդասարյանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը, թե Սամվել Բաբայանը, թե բոլորը միասին միայն կերազեին: Բոլոր այս թվարկածս գործիչները վաղուց ժողովրդի կողմից չեն ընկալվում որպես քաղաքական գործոն` չնայած նրանցից շատերը շատ լուրջ և դրական անձեր են և որպես այդպիսին զգալի հարգանք են վայելում: Ավելին, մի գուցե ոմանք ավելի նախընտրելի են, քան Լևոն Տեր-Պետրոսյանը: Սակայն ժողովուրդը բոլորին մեկ շանս է տալիս և նրանք իրենցը օգտագործել են արդեն: Լևոն Տեր-Պետրոսյանը նախկինում երբեք, որպես ընդդիմադիր, ժողովրդի աջակցությունը չի հայցել, և ընդդիմության մյուս առաջնորդների համեմատ ունի մի շատ բացառիկ առավելություն` նա նախագահ է եղել: Հետևաբար շատերը դա ընկալում են որպես նորից նախագահ դառնալու ներուժ: Մի գուցե Լևոնի այդ ներուժը չբավականացնի Սերժից իշխանությունը խլելու գործում, սակայն բոլոր մյուսները դրանից հազար անգամ ավելի հեռու են: Ճիշտ է, Լևոն Տեր-Պետրոսյանը ընդդիմությանը չի միավորում, որովհետև միավորելու բան չկա: Փոխարենը նա հույս է ներշնչում իշխանությունից բոլոր դժգոհներին` ժողովրդի մի ստվար հատվածին: Մի գուցե սա շատերի նախանձն ու խանդն է առաջացնում, ոմանց համար սա Սերժից փող կամ քաղաքական կշիռ մուրալու առիթ է, ոմանք անկեղծ վիրավորված են Լևոնից: Սրանք բոլորը երեք տարբերակ ունեն. կամ կանգնում են Լևոնի և նրա խայտաբղետ թիմի կողքին կամ այս կամ այն չափով, կամա թե ակամա ջուր են լցնում Սերժի ջրաղացին կամ կողքի են կանգնում: Ինչ վերաբերում է 5 կամ այլ թվով կուսակցությունների միավորմանը և երրորդ ուժի ստեղծմանը, ապա պետք է նկատել, որ զրոների գումարը միշտ զրո է: Սերժի ծրագիրն այն է, որ նա երկրորդ փուլ մտնի Վահան Հավհաննիսյանի հետ ու վերջինս շնորհավորի իրեն նախագահ դառնալու կապակցությամբ: Եթե դա չստացվեց, ապա գոնե Դաշնակցությունը պետք է լինի երրորդը, որպեսզի կոչ անի իր ընտրողներին, որ ձայները երկրորդ փուլում տան Սերժին: Սակայն կարող է մեկ այլ բան ստացվել: Կարող է Սերժը շատ քիչ ձայն հավաքի և երկրորդ փուլում ստիպված ընդունի, որ նախագահ դառնա հենց Վահանը, պայմանով, որ ինքը կմնա վարչապետ և այդ կարգավիճակով կտիրի երկրին` մի քիչ իշխանություն փոխանցելով նաև Վահանին: Այս սցենարի տրամաբանությամբ, նա պետք է մի քիչ քաղաքականացնի քաղաքական դաշտը: Այս իմաստով որոշ անձ-կուսակցությունների բախտը կարող է բերել և նրանք նորից պահանջված դառնան: Ահա այս երազանքով են ապրում այն ընդդիմադիրները, որոնք այսօր քաղաքական դաշտի լուսանցքում հայտնվելով, նախընտրում են ՍԵրժի ջրաղացին ջուր լցնելը: Ժիրայր Սէֆիլյանը չէր կարող ջուր լցնողներից մեկը լինել: Նա պետք է ընտրեր երկու այլ տարբերակներից: Մեկը կողքի կանգնելն է, մյուսը Լևոնին աջակցելը: Նա ընտրել է երկրորդը, որովհետև ձեռքերը ծալած նստելը նրա բնավորությանը հարիր չէ: Թե ինչու նա ստեղծված պայմաններում որշեց ակտիվորեն աջակցել Լևոն Տեր-Պետրոսյանին, այլ ոչ թե շեշտադրեց նրա հետ իր գաղափարական ընդդիմախոսությունը, կարելի է ծանոթանալ Ժիրայրի հարցազրույցներին ու հայտարարություններից:
Այցելեք
www.azadakrum.org հիմա