Ответ: Սուրբ Ծննդյան պատմական նախադրյալները
Հոգեւոր-կրոնական ոլորտում նախապատրաստությունը գերազանցապես ներկայացված է Սուրբ Գրքում, մասնավորապես` Հին Կտակարանում:
Պատվիրանազանցության ու մեղանչման հետեւանքով մարդն արտաքսվեց դրախտից եւ դատապարտվեց մեղքի ու մահվան իշխանությանը: Իր ընկած վիճակում մարդը փորձում էր վերստին գտնել կորուսյալ դրախտի եւ անմահության ճանապարհը, սակայն մոլոր ճանապարհներով փորձելով գտնել Աստծուն` միայնակ մնացած մարդն ավելի ու ավելի էր խրվում անկյալ կյանքի ճահիճը: Բնապաշտական, կռապաշտական եւ դիցապաշտական կրոններից սկսած օտար պաշտամունքները եկան սովորեցնելու մարդուն կրոնի ժխտական երեսը, այսինքն` թե ինչպիսին չպետք է լինի ճշմարիտ կրոնը: Այնժամ Աստված մի հատուկ միջամտությամբ` հայտնությամբ, սկսեց մարդուն ցույց տալ ճշմարիտ կրոնի հիմունքները, սկզբունքներն ու օրենքները` նախապատրաստելով այն մեծ փրկությանը, որ կանխորոշել էր Ինքը: Աստված ուխտ դրեց արդար Նոյի հետ` ցույց տալով ճշմարիտ կրոնի առաջին նախապայմանը` արդարությունը : Այնուհետեւ իր անսահման հավատի շնորհիվ ընտրվեց Աբրահամը, որին տրվեց խոստումը` դառնալու հայրը մի ժողովրդի, ում ծոցում պիտի ծնվեր մարդկության Փրկիչը: Աբրահամի` խոստմամբ ծնված զավակից առաջացած հրեա ժողովրդի առաջնորդ կարգվեց Մովսեսը, որը դուրս հանեց այդ ժողովրդին եգիպտական գերությունից եւ առաջնորդեց դեպի Ավետյաց երկիրը: Եվ հենց Մովսեսի միջոցով տրվեց Օրենքը, որով վավերացվեց ճշմարիտ կրոնի սրբության գաղափարը: Սուրբ հայրերն ասում են, որ Նոյի միջոցով տրվեց բնական օրենքը, Աբրահամի միջոցով` բանականը, իսկ Մովսեսի միջոցով` գրավորը: Ուխտի ժողովուրդ ընտրված հրեա ազգը չկարողացավ մնալ իր բարձունքի վրա, այլ, անընդհատ մեղանչելով, զրկվեց իր թագավորությունից ու գերի տարվեց օտար ազգերի կողմից եւ սկսեց ձուլվել ու անհետանալ: Հավատարիմ մնացորդը թեպետ վերադարձավ մաքրագործված ու բյուրեղացած, սակայն ժամանակի ընթացքում վերածվեց բրածոյի` կյանքից ու ոգուց զուրկ ծեսերի ու ավանդությունների մեքենայական կատարածուի:
Սակայն հրեական կրոնն ինքնին մի նպատակ չէր, այլ միջոց` մի ավելի կատարյալ կրոնի համար, որը պետք է գար այն լրացնելու: Եվ հասունացման գագաթնակետին հասավ այն Ազատարարի գաղափարը, որի մասին խոստացվել էր դեռեւս առաջին մարդուն, թե նրա սերունդը պետք է ջախջախի օձի գլուխը (Ծննդ. 3:15): Աստծո ընտրյալ մարգարեները սկսեցին ազդարարել Փրկչի` Մեսիայի գալստյան մոտալուտ լինելու մասին, որը պետք է ծնվեր կույսից եւ Աստծո Հոգով հովվեր իր ժողովրդին (Ես. 7:14, 11:1-2, Միք. 5:2): Քրիստոսի Ծննդյանը նախորդող շրջանի վերջին տարիներին հրեական միջավայրի ողջ մթնոլորտը շիկացած էր Մեսիայի գալստյան սպասումով, եւ այս սպասումը փոխանցվել էր ուրիշ շատ ազգերի:
|