Ответ: Սուրբ Ծննդյան պատմական նախադրյալները
Եթե կրոնական նախապատրաստությունը կայացավ հրեական կրոնի, իսկ մտաիմացականը` հունական մշակույթի միջոցով, ապա վարչաշխարհագրական ոլորտում կատարվող նախապատրաստությունն իրականացվեց համամարդկային պատմության այնպիսի մի ֆենոմենի միջոցով, ինչպիսին էր Հռոմեական կայսրությունը: Աննշան մի քաղաքից այն վերածվեց պատմության ամենահզոր, ամենահսկայածավալ ու ամենակազմակերպված կայսրությանը, որի սահմանները տարածվում էին Պարսից ծոցից մինչեւ Ատլանտյան օվկիանոս, Սեւ ծովից մինչեւ Կարմիր ծով, Կենտրոնական Եվրոպայից մինչեւ ամբողջ Հյուսիսային Աֆրիկան ներառյալ: Այս կայսրության միջոցով իրականացավ պատմության մեծագույն միությունը` քաղաքական, վարչական, աշխարհագրական եւ անգամ լեզվական առումներով: Եվ հենց այս միությունն էր, որ պիտի նպաստեր քրիստոնեության արագ զարգացմանն ու տարածմանը: Այս հսկայական կայսրության բոլոր մասերը միավորված էին հռոմեական սրի ուժով, որի շնորհիվ կայսրության մեջ տիրապետում էր հռոմեական օրենքն ու ՙհռոմեական խաղաղությունը՚: Հիսուսը նույնպես գալիս էր` բերելու աշխարհին մեծագույն միությունն ու խաղաղությունը, որը, սակայն, պետք է հիմնված լիներ ոչ թե սրի, այլ սիրո վրա: Հռոմեական օրենքը, որով պետք է մահվան դատապարտվեր Երկնային Փրկիչը, հետագայում պիտի դառնար նրա առաքյալների պատվարը հրեաների ամբաստանություններից, եւ այդ օրենքի ուժով նրա առաքյալները համարձակորեն Երկնային Արքայության խոսքը պիտի քարոզեին իշխանական եւ կայսերական ատյանների առաջ:
ՙԲոլոր ճանապարհները տանում են Հռոմ՚,-ասում էր լատինական ասացվածքը. նույն այդ ճանապարհները Հռոմից տանում էին դեպի աշխարհի չորս կողմերը, եւ հռոմեական օրենքով ու խաղաղությամբ ապահովված այդ ճանապարհներով է, որ պիտի հետագայում քայլեին Քրիստոսի առաքյալները` տանելով բոլոր ազգերին Աստծո եւ փրկության ճանապարհը բացահայտող երկնային պատգամները (Գործք 16:17, 18: 26):
Եթե հեթանոս ժողովուրդները միավորված էին հռոմեական մականի ներքո, ապա հրեաները ցրված էին կայսրության ողջ տարածքով մեկ եւ անգամ նրա սահմաններից դուրս: Այսպիսով, հեթանոսներն աստիճանաբար գաղափար էին կազմում հրեական կրոնի մասին, որը պետք է կամուրջ դառնար քրիստոնեության համար: Իսկ հետագայում, երբ քրիստոնյա քարոզիչները պիտի սկսեին իրենց ավետարանական առաքելությունը, հրեական այս գաղթօջախները պետք է դառնային այն առաջին հանգրվանները, ուր պիտի գային Ավետարանի քարոզիչները եւ շատ հաճախ, հրեաներից մերժվելուց հետո, միայն դառնում հեթանոսներին քարոզելու:
Հռոմեական կայսրությունը, թերեւս, կարող է իրավամբ օրգանական իրավահաջորդը համարվել Ալեքսանդր Մակեդոնացու ստեղծած տերության, որում տիրապետող լեզուն հունարենն էր: Կայսրության տարածքում ապրող շատ ժողովուրդներ, այդ թվում նաեւ Հրեաստանից դուրս ապրող շատ հրեաներ, հունախոս էին: Քրիստոսից դեռեւս երկու-երեք դար առաջ անհրաժեշտություն էր ծագել Հին Կտակարանը հունարեն թարգմանելու, որով իրականացել էր Սուրբ Գրքի անդրանիկ` Յոթանասնից թարգմանությունը (Սեպտուագինտա): Այս թարգմանությամբ ոչ միայն բավարարվում էին հունախոս հրեաների հոգեւոր պահանջները, այլեւ հեթանոս մտավորականները նույնպես հնարավորություն էին ստանում ծանոթանալու ճշմարիտ կրոնի պատգամներին: Այս թարգմանությունը պիտի դառնար նորակազմ քրիստոնեական եկեղեցու պաշտոնական Սուրբ Գիրքը, որին շուտով պիտի ավելանային նաեւ դարձյալ հունարենով գրված Նոր Կտակարանի գրքերը:
|