Originally Posted by azadakrum
ԱԶԱՏԵԼ ԵՆ` ՍԵՐԺԻՆ ՉԾԱՌԱՅԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Մեր թերթում մոտ 10 օր առաջ անդրադարձել էինք □Վարդաշեն□ քրեակատարողական հիմնարկի անվտանգության գծով պետի տեղակալ Գագիկ Հովհաննիսյանին աշխատանքից ազատելու պատմությանը:
Ըստ այդմ, Գ. Հովհաննիսյանին աշխատանքից ազատել էին, քանի որ նրա հայրը` Համլետ Հովհաննիսյանը, ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներից է: Նա Լոռու մարզի պատասխանատուն է: Մեր հրապարակումից հետո ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից մի հերքում էին ուղարկել այն մասին, որ Հովհաննիսյանը ազատվել է իր դիմումի համաձայն, եւ նրան ոչ ոք աշխատանքից չի ազատել: Այս հերքումից մի քանի օր անց` փետրվարի 7-ին, Գ. Հովհաննիսյանը ձերբակալվել էր: Իսկ երեք օր անց նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը: Համլետ Հովհաննիսյանը, ով հատուկ գնդի նախկին հրամանատարն է եւ համանուն հասարակական կազմակերպության վարչության անդամ, մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչպես են իրադարձությունները զարգացել: Ըստ այդմ, երբ նախագահական ընտրությունների քարոզարշավը թափ է հավաքել, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետը իր որդուն կանչել է իր մոտ եւ պահանջել է ազատման դիմում գրել: □Իրեն ասել են` Գագիկ ջան, քանի որ հայրդ Ալավերդիում ակտիվ մասնակցել է Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզարշավին, դու պետք է աշխատանքից ազատվես: Համոզել են դիմում գրել, որպեսզի հետագայում հնարավոր լինի նրան այլ, իբր ավելի լավ աշխատանքի ընդունել□,- պատմում է Հ. Հովհաննիսյանը: Վերջինս որդու կողմից դիմում գրելու մասին իմանալուց հետո զայրացել է: Այսինքն, ըստ Հ. Հովհաննիսյանի, եթե ցանկանում էին ազատել, թող աշխատանքից հեռացնեին, ինքը` Գ. Հովհաննիսյանը, չպետք է նրանց ճնշումներին տեղի տար եւ դիմում գրեր: Փետրվարի 1-ից Գ. Հովհաննիսյանն աշխատանքից ազատվել է, իսկ մոտ մեկ շաբաթից նրան ձերբակալել են: Փետրվարի 10-ից նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Փաստաբան Հովիկ Արսենյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Գ. Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է մի քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել է դեռեւս 2007-ի օգոստոսին տեղի ունեցած մի միջադեպի փաստի առիթով: Քրեական գործը քննում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Հովհաննիսյանը մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահման մեջ: Քրեական գործի պատճառը եղել է ավազակային հարձակման համար երեք անգամ դատապարտված եւ ներկայումս պատիժ կրող մի դատապարտյալի բողոքը, ըստ որի` իբր իրեն Գ. Հովհաննիսյանի հրահանգով ծեծել են: Ի դեպ, սույն դատապարտյալի մականունը Մարմնավաճառ (Պուտանկա) է: Ինչեւէ, քրեական գործի աբսուրդն այն է, որ Մարմնավաճառի բողոքում նշված նրան ծեծողների դեմ որեւէ հետապնդում չի իրականացվում, եւ նրանք շարունակում են պաշտոնավարել, իսկ Գ. Հովհաննիսյանն այսօր անազատության մեջ է:
Տեղի ունեցածի պաշտոնական կողմը որեւէ տրամաբանական բացատրության չի դիմում, ուստի նրա ստվերային կողմը առավել ուշագրավ է: Ըստ Համլետ Հովհաննիսյանի, իր որդու ձերբակալությունից հետո ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը իրենց ընդհանուր ծանոթի միջոցով Գ. Հովհաննիսյանին ազատելու պայման է առաջարկել: □ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ասել էր, որ Համլետին ասեք, թող հետ կանգնի իր քաղաքական հայացքներից, մենք էլ իր որդուն բաց թողենք: Ես էլ պատասխանեցի, որ գնացեք ասեք, ասենք, հետ եմ կանգնում, թող որդուս բաց թողնի□,- պատմում է Հովհաննիսյանը: Բնականաբար, Հովսեփյանը հասկացել է, որ Հ. Հովհաննիսյանն իրեն հեգնել է, եւ պահանջել է, որ նա Սերժ Սարգսյանի օգտին աշխատի, որից հետո խոստացել է ազատ արձակել նրա որդուն: □Մի մարդ, որը պատրաստ է մի գրչի հարվածով ուրիշի երեխայի ճակատագիրը խորտակել, ապա կարող է նույն կերպ նաեւ իր երեխայի հետ վարվել□,- ասում է Հ. Հովհաննիսյանը: Ինչեւէ, գլխավոր դատախազը խոստացել է Գ. Հովհաննիսյանի կալանավորման խնդրին անդրադառնալ փետրվարի 20-ին: □Նա իր ձեւով փետրվարի 20-ին կանդրադառնա իմ որդուն ազատությունից զրկելու խնդրին, ես իմ ձեւով այդ կանեմ□,- ասում է հատուկ գնդի նախկին հրամանատարը: Այս ամենից հետո նա հռետորական հարց է բարձրացնում` ո՞վ է այժմ իրականում չարաշահում պաշտոնական դիրքը` իր որդի՞ն, թե՞ Հովսեփյանը, ով իր ձեռքի տակ եղած ողջ համակարգը ներդրել է մեկ մարդու` նախագահի իշխանական թեկնածուի` Սերժ Սարգսյանի շահերը սպասարկելու համար: Հատուկ գնդի հրամանատարի խոսքերով, տեղի ունեցածն ունի նաեւ լուրջ բարոյական կողմ: □Ես սկզբից մինչեւ վերջ մասնակցել եմ Ղարաբաղյան պատերազմին: Ես պատերազմում հաղթած հրամանատար եմ: Այսօր Ղարաբաղից եկած ինչ-որ երկու անձնավորության ծառաները փորձում են խորտակել նրանց երկիրն ազատագրած մարդու երեխայի ճակատագիրը□,- ասում է Համլետ Հովհաննիսյանը:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
|