Պատասխանը: Ответ: Պատասխանը: Elections of president in Armenia 2008 Նախագահական ընտրությունները Հայաստանում Президентские выборы в Армении
«Ժառանգություն» խմբակցության հայտարարությունը
Մարտ 04, 2008
«Ժառանգություն» խմբակցությունը խստագույնս դատապարտել է մարտի 1-ի վաղ առավոտյան Երեւանի Ազատության հրապարակում, ապա` նույն օրն ու լույս 2-ի գիշերը Երեւանի կենտրոնում խաղաղ ցուցարարների նկատմամբ ոչ համարժեք ու անթույլատրելիորեն ծայրահեղ ուժի գործադրումը:
տպել
ուղարկել ընկերոջը
Փաստացի` վաղ առավոտյան խաղաղ ցուցարարների նկատմամբ զանգվածային բռնությունների կիրառումը հանգեցրեց նոր, էլ ավելի լայնածավալ բռնությունների եւ զոհերի: Նույն օրը երեկոյան գործող նախագահի կողմից Երեւան քաղաքում հայտարարվեց արտակարգ դրություն` դեմ գնալով Եվրոպայի խորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություններին եւ Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրի, այդ թվում` 15-րդ հոդվածի պահանջներին:
Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Ազգային ժողովում գումարված հատուկ նիստում «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները Երեւան քաղաքում արտակարգ դրություն մտցնելու հրամանագիրը, դրանում ամրագրված, իրավիճակն էլ ավելի շիկացնող միջոցառումները, մասնավորապես` քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվության միջոցների, քաղաքական ու քաղաքացիական բազում իրավունքների եւ ազատությունների նկատմամբ դրված արգելքը որակեցին ծայրահեղ եւ լարվածությունն էլ ավելի մեծացնող քայլ:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավորները կարեւորեցին իրավիճակի հանգուցալուծման քաղաքական քայլերի նախաձեռնումը, արյունահեղությանն ու բռնություններին վերջ դնելը, բոլոր հանցագործությունների բացահայտումն ու մեղավորներին պատժելը:
Սակայն այսօր գումարված արտահերթ նիստում, լսելով մեր չորս գործընկերներին պատգամավորական անձեռնամխելիությունից զրկելու եւ նրանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը վկայում է, որ մենք չենք գիտակցում իրավիճակի ողջ լրջությունը եւ իշխանության այս` իրադրությունն ապակայունացնող հերթական քայլի հնարավոր հետեւանքները:
Մենք արձանագրում ենք, որ այդ մարդկանց նկատմամբ իրականացվող նախաքննությունը քաղաքական հաշվեհարդար է, որից ձեռնպահ մնալու կոչով, ի թիվս այլոց, հանդես է եկել ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը: Այս 2 օրերի ընթացքում զբաղված լինելով մեր 4 գործընկերների եւ բազում այլ ձերբակալվածների փնտրտուքով եւ բազմիցս բախվելով մեր պատգամավորների կողմից նրանց գտնվելու վայրը պարզելու ու նրանց հետ տեսակցություն ունենալը խափանող փաստերին ու պաշտոնյաներին, մենք հավաստում ենք, որ նրանց նկատմամբ իրականացվող նախաքննությունը անկողմնակալ, անաչառ չէ եւ դուրս է օրենքից: Այդ մասին է վկայում նաեւ փաստը, որ նշված անձանցից շատերի փաստաբաններին արգելվել է տեսակցել իրենց պաշտպանյալի հետ: Իսկ մեր գործընկերների ու բազում այլ ձերբակալվածների ֆիզիկական ու առողջական վիճակը իսկապես մտահոգիչ է, քանի որ նրանցից ոմանք ենթարկվել են բռնությունների: Մեր 4 գործընկերներին պատգամավորական անձեռնամխելիությունից զրկելն ու նրանց նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելը գնահատում ենք իբրեւ մեր երկրին, մեր հասարակությանն ու միջազգային հանրությանը մարտահրավեր նետելու հերթական անխոհեմ քայլը:
Մենք կոչ ենք անում Ազգային ժողովի մեր բոլոր գործընկերներին` չխորացնել վրդովված հայ ժողովրդի եւ իշխանության միջեւ անջրպետը եւ դեմ կանգնել այս միջնորդությանը, ինչը հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Անթույլատրելի է, որ մենք, լինելով ՀՀ իշխանության օրենսդիր օղակը, դուրս դնենք մեր երկիրն ու մեզ միջազգային իրավունքի եւ պարտավորությունների շրջանակներից: Անթույլատրելի է իշխանության որոշ շրջանակների` այս իրավիճակում ամեն գնով հաղթող դառնալու մոլուցքը: Մենք հորդորում ենք ՀՀ գլխավոր դատախազին` գիտակցելու իր այս միջնորդագրի վտանգավորությունը եւ կոչ ենք անում ետ վերցնել այն: ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության բավարարումն ունենալու է բումերանգի էֆեկտ եւ այստեղ գտնվող պատգամավորներից որեւէ մեկը չի կարողանալու պաշտպանել իրեն այդ բումերանգի հետադարձ հարվածից, քանի որ քաղաքացիական համբերության բաժակը լցվել է:
Հարգելի գործընկերներ, մեր պետության համար այս բախտորոշ պահին սրտով, մտքով, խղճով խնդրում ենք ձեզ` չդառնալ մեր ժողովրդի վերջնական վիհի անդառնալի խորացման մասնակիցը:
4 մարտի 2008թ.
ք. Երեւան
|