Про сдачу чего то за что то в надежде получить не понятно что...
http://www.lragir.am/includes/prnvie...=arm&pid=18461
Չորեքշաբթի, 15 Հոկտեմբերի, 2008
ԱՇԽԱՐՀԸ ԽՆԴԻՐ ՉԷ, ԽՆԴԻՐԸ ՄԵՆՔ ԵՆՔ` ԸՆԴ ՈՐՈՒՄ ՆԱԵՎ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ
Առաջին անգամ չէ, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի կապակցությամբ հնչում են լավատեսական հայտարարություններ մոտալուտ համաձայնության մասին: Առաջին անգամ չէ, որ խոսվում է տարածք հանձնելու Հայաստանի պատրաստակամության մասին: Որքան հայտնի է, այդ տարածքները հանձնելու կամ իշխանության լեգիտիմության ճանաչման հետ փոխանակելու պատրաստակամություն հայտնել է նաեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իսկ նրանից առաջ էլ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է հայտնել տարածքները Ադրբեջանին վերադարձնելու ցանկություն, Ղարաբաղի հակամարտության կարգավորման իր հայտնի մոտեցման շրջանակում: Այնպես որ, Սերժ Սարգսյանն ամենեւին մեր առաջին նախագահը չէ, որ հայտնում է տարածք վերադարձնելու մտադրություն, կամ պատրաստակամություն, կամ մեղմ ասած` հավանական է համարում այդ վերադարձը: Հայաստանի բոլոր երեք նախագահներն էլ, համենայն դեպս հրապարակային դատողությունների շրջանակում, ավելի կամ պակաս, բայց հավանական են համարել, այսինքն Ղարաբաղի խնդրի լուծման իրենց պատկերացումներում տարածքների վերադարձը համարել են փաստացի անխուսափելի: Այլ հարց է, թե նրանցից ով ինչի դիմաց է պատրաստվել կամ պատրաստվում նախաձեռնել տարածքների վերադարձ, այլ հարց է, թե տարածքները վաճառվում են արդյոք, փոխանակվում ինչ որ բանի հետ, թե պարզապես նախերգանք են ինչ որ ավելի կարեւոր եւ էական համաձայնության: Թերեւս այդ ամենն արդեն երկրորդական է, որովհետեւ վերադարձն ինքնին, ինչ նպատակով, ինչ հաշվարկով էլ որ լինի, ենթադրում է մի կարեւոր հետեւանք` այն փաստացի Հայաստանին զրկում է ռազմաքաղաքական կարեւոր բաղադրիչից: Մեր երեք նախագահներն անկասկած հասկանում են այդ հանգամանքը: Բանն այն է, որ նրանք երեքն էլ ոչ միայն հաջորդաբար զբաղվել են եւ զբաղվում են կարգավորումով եւ ծանոթ են դրա շուրջ առկա աշխարհաքաղաքական շահերին, այլ նաեւ մասնակցել են ռազմաքաղաքական այն իրավիճակի ձեւավորմանը, որում առանցքային դեր ունեն տարածքները, հատկապես լինելով հայկական վերահսկողության տակ: Դժվար է պատկերացնել, որ ասենք ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանը, հետո Ռոբերտ Քոչարյանն ու այժմ էլ Սերժ Սարգսյանը, չեն հասկանում, թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանն այդ դիրքով, եւ ինչի է վերածվում Հայաստանը, երբ զիջում է իր այդ դիրքը ինչ որ փաստաթղթային երաշխիքների դիմաց: Հետեւաբար, չհավատալով, որ երեք նախագահներից որեւէ մեկը չի պատկերացնում այդ տարբերությունը, այդուամենայնիվ ինքս ինձ հարց եմ տալիս` ինչու են բոլոր երեք նախագահներն էլ այս կամ այն կերպ արտահայտել տարածքները վերադարձնելու պատրաստակամություն: Նախագահներից ամեն մեկը տվել է, ու թերեւս կտա իր այդ պատրաստակամության բացատրություն: Սակայն, չփորձելով թվարկել բոլորը, այդուհանդերձ համարձակվեմ ասել, որ այդ բացատրություններից որեւէ մեկը երեւի թե համարժեք չէ Հայաստանի համար տարածքների ռազմավարական կարեւորությանը: Այսինքն չկա մի բացատրություն, որը հիմնավոր է դարձնում դրանք վերադարձնելը: Բանն այն է, որ ամենից հիմնավորը կարող է լինել այն, որ ասենք եթե տարածքները հետ չտանք, ապա մեր վերջը կտան: Բայց բանն այն է, որ մեր վերջը ավելի շուտ կտան տարածքները վերադարձնելուց հետո: Եթե մինչեւ վերադարձնելը մենք կարող ենք դիմադրություն կազմակերպել, ապա վերադարձնելուց հետո մենք այլեւս անընդունակ կլինենք նաեւ դիմադրության: Այսպես, թե այնպես, եթե որոշել են ինչ որ տեղ մեր վերջը տալ, ապա միեւնույն է, եթե մենք Հայաստանի տարածքից էլ ինչ որ բաներ հանձնենք ինչ որ մեկին, դա չի ազդելու մեր վերջը տալու մասին այդ մեկի կամ մի քանիսի որոշմանը: Միայն մի տարբերությամբ, մենք երեւի թե այդպես այնքան կտարվենք վերջից խուսափելու ջանքով, որ ինքներս էլ չենք նկատի, թե ինչպես ենք մեր իսկ ձեռքով մեր վերջը տալիս: Թեեւ փաստացի արդեն իսկ տվել ենք, կամ սկսել ենք տալ, մեր իսկ ձեռքով: Եվ սա ամենեւին այն պատճառով չէ, ինչպես իշխանական եւ իշխանամերձ օղակներն են ասում, որ իբր այդպես մենք մեր վերջը տալիս ենք աշխարհաքաղաքական այս լուրջ իրադրությունում միտինգներ անելով, քաղաքացիական պայքարով եւ ընդդիմության այլ գործողություններով: Ամենեւին ոչ: Դա նույնիսկ այն եզակի բաներից է, որ մեզ կարող է օգնել խուսափել վերջից: Մենք մեր վերջը տալիս ենք հենց նրանով, որ դրա դեմ պայքարելու միջոց ենք դարձրել կեղծ քարոզները, կարգախոսները: Որքան էլ ցավալի է, Հայաստանի անկախ պետականությունը կառուցված է հենց դրանց վրա, սկզբից եւեթ: Դրա համար էլ մեր բոլոր նախագահները, մինչեւ այժմ, եւ հաստատապես նաեւ սրանից հետո, հայտնելու են տարածքները հանձնելու պատրաստակամություն: Եվ դա ամենեւին էլ նախագահական անկեղծ համարձակության, կամ հմուտ դիվանագիտական ճկունության արտահայտություն չէ, երբ ասենք ժողովրդի հետ անկեղծ են խոսում, կամ աշխարհի հետ հարաբերվում են մի կողմից պատրաստակամություն հայտնելով, մյուս կողմից ժամանակ շահելով եւ ասենք ամրացնելով դիրքերը: Տարածքները հանձնելու պատրաստակամությունը կոնկրետ Հայաստանի քաղաքական վերնախավի համար եղել է եւ մնում է եւ թերեւս զարգանում է որպես հայեցակարգային մոտեցում: Միգուցե չգրված, բայց հստակ ձեւավորված հայեցակարգային մոտեցում: Այդ իմաստով, Հայաստանի որեւէ ժամանակի վերնախավերի միջեւ տարբերություն գրեթե չկա: Եվ քանի որ այդ վերնախավերը շարունակում են միմյանց, անգամ եթե ոչ փոխհամաձայնեցված սկզբունքով, ապա հիմք է առաջանում ենթադրել, որ այդ հայեցակարգը բավական հաստատուն հավանության է արժանացել նաեւ հանրային գիտակցության կամ ենթագիտակցության մեջ, փաստացի ձեւավորելով համազգային կոնսենսուս: Դա սակայն այդքան էլ սարսափելի չէ: Ի վերջո, ամենեւին էլ վատ չէ, որ գոնե վերջի առումով հայ հասարակությունն ու վերնախավերը կարողանում են գալ միասնական հայեցումի եւ “քարափից” ունիսոն նետվելով փրկվել աշխարհի “ձեռքից”: Սակայն, դա արդեն հայ ժողովրդի համար կրկնվող նվաճում է, քանի որ աշխարհի “ձեռքից” փրկվելը մեզ պարբերաբար հաջողվել է, իսկ ահա մեր իսկ “ձեռքից” փրկվել մեզ այդպես էլ կարծես թե չի հաջողվում: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ