1988թ-ի փետրվարին
[17:50] 20 Փետրվարի, 2009 [
http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=69507 ]
21 տարի առաջ այս օրերին հիմք դրվեց մի շարժման, որի ավարտը հաղթական էր լինելու. Լեռնային Ղարաբաղը ստանալու էր անկախություն: Պայքարը, որ վերաճեց հայ-ադրբեջանական հակամարտության, ավարտվեց հայկական կողմի լիակատար հաղթանակով։ Չնայած մարդկային և ռազմական տեխնիկայի առավելությանը, ռեսուրսներով անհամեմատ հարուստ Ադրբեջանը պարտվեց հայկական միասնական ոգուն եւ գրագետ կազմակերպված դիմադրությանը: Կորուստները երկու երկրների համար էլ աղետալի էին:
Հայկական կողմից միայն ռազմի դաշտում սպանվեց 5865 մարդ, նրանցից 3291-ը Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության քաղաքացիներ էին, իսկ մյուսները` 2574 ՀՀ քաղաքացիներ եւ հայկական սփյուռքի կամավորներ:
Պատերազմի ընթացքում, ռմբակոծությունների եւ հրեատակոծությունների ժամանակ, զոհվեցին 1264 ԼՂՀ խաղաղ բնակիչներ այդ թվում` 500 կին եւ երեխա: Անհայտ կորավ 596 մարդ /179 կին եւ երեխա/:
1988թ.-1994թ. Ադրբեջանում եւ ԼՂՀ-ում սպանվեցին շուրջ 2 000 խաղաղ հայ բնակիչներ:
Ադրբեջանական կողմի կորուստները շատ ավելի մեծ էին, ինչպես լինում է սովորաբար հարձակվողն ավելի մեծ կորուստներ է ունենում, քան պաշտպանվողը: Ադրբեջանցիները կորցրին շուրջ 25.000 մարդ` այդ թվում ադրբեջանական կանոնավոր բանակի զինվորներ, ներքին զորքերի զինծառայողներ, ադրբեջանական ՕՄՕՆ-ի մարտիկներ, գրոհայիններ տարբեր զինված խմբավորումներից եւ բազմաթիվ այլազգի վարձկաններ։
Հայկական կողմը շարքից հանել է մոտ 500 միավոր զրահատեխնիկա` ադրբեջանական բանակի զրահատեխնիկայի պարկի մոտ 31%-ը, այդ թվում 186 տանկ /49%/, 20 ինքնաթիռ /37%/, 20 ռազմական ուղղաթիռ /54%/։ Ոչնչացված տեխնիկայի զգալի մասը, եւ ադրբեջանական, եւ հայկական, պատերազմի ավարտից հետո վերանորոգվել եւ շարք է վերադարձվել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից։
Պատերազմի մասշտաբների եւ դաժանության մասին են խոսում նաեւ հետեւյալ փաստերը` 1991թ. նոյեմբերի 21-ից մինչ 1994թ. միայն Ստեփանակերտի վրա, որի բնակչությունը 1991թ. 54.000 էր, ադրբեջանական բանակն արձակվել է ավելի քան 21.000 ՚Գրադՙ տիպի հրթիռային արկեր, 2700 ՚Ալազանՙ հրթիռ, 2000-ից ավելի հրետանային արկեր, 180 գնդիկային ռումբ, 150 կեստոննայանոց ավիառումբ`այդ թվում 8 վակումային:
ԼՂՀ տարածքում միայն ադրբեջանական բանակի կողմից տեղադրվել է 100.000 հակատանկային եւ ավելի շատ հակահետեւակային ականներ:
Ռազմական դիմակայության արդյունքում Հայկական կողմի վերահսկողության տակ անցան նախկին ԼՂՀ ԱՍՍՀ 7 շրջաններից 5-ը ամբողջությամբ եւ 2-ը մասնակի` Քելբաջարի, Լաչինի, Աղդամի, Զանգելանի, Կուբատլուի շրջանները ամբողջությամբ, եւ Ղազախի ու Ֆիզուլիի շրջանները մասնակի` 7060 ք կմ մակերեսով, որը կազմում է Ադրբեջանի Հանրապետության 8.15%։ Ադրբեջանի ազգային բանակի վերահսկողության տակ մնաց 750ք կմ ԼՂՀ տարածքից, որից 630ք կմ-ը` Շահումյանի շրջանից, բացի սրանից ադրբեջանական բանակի վերահսկողության տակ է նաեւ ՀՀ տարածքի Արծվաշեն գյուղը, իրեն հարող տարածքներով։
Հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում փախստական դարձավ 390.000 հայ` 360.000 Ադրբեջանից եւ 30.000 ԼՂՀ-ից/, բացի սրանից Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման հետեւանքով հայրենիքը լքեցին շուրջ 1մլն հայ: Փախստական դարձան նաեւ ադրբեջանցիներ:
Բայց չպետք է մոռանալ, որ ՀՀ-ում բնակվող ադրբեջանցիների մեծ մասը կարողացավ մեկնումից առաջ փոխանակել կամ վաճառել իրենց բնակարանները, մինչդեռ Ադրբեջանից փախչող հայերը, լավագույն դեպքում ողջ մնացին:
Այսօր ԼՂՀ-ում պահպանվում է 1994 թվականից ձեռք բերված ստատուս քվոն: Չնայած ստորագրված հրադադարի պայմանագրին, այս ընթացքում բազմիցս ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը, որոնք սակայն, բարեբախտաբար ռազմական գործողությունների չեն վերաճել:
Ըստ փորձագետների` այս գնով ձեռք բերված հաղթանակը վիճարկման ենթակա չէ, իսկ Ղարաբաղում մարտական ուղի անցած եւ իրենց կյանքի գնով հայրենիքի մի մասն ազատագրած մարդիկ անընդունելի են համարում թեկուզ մեկ թիզ հողի վերադարձման հնարավորությունը` այն անվանելով դավաճանություն: