Re: АДАНА БЕЗ АРМЯН: 100 ЛЕТ ОДИНОЧЕСТВА
1909թ. Ադանայի կոտորածները. ողբերգության անհայտ տեսարաններ
Ադանայի կոտորածներն Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի լայնամասշտաբ ջարդերի երկրորդ փուլը հանդիսացավ: 1909թ. ապրիլին իրականացված բռնությունները համընկան սուլթան Աբդուլ Համիդ II-ի (1876-1909) համախոհների կողմից իրականացրած հակահեղափոխության հետ: Աբդուլ Համիդը ստիպված էր եղել վերականգնել Օսմանյան սահմանադրությունը` որպես հետևանք 1908թ. Միություն և առաջադիմություն կուսակցության կողմից իրականացրած երիտթուրքական հեղափոխության: Միջերկրականի ափին գտնվող ծաղկուն շրջանը` Ադանայի նահանգը` Կիլիկիայի հին իշխանությունը, իսկ 11-14-րդ դդ. անկախ հայկական պետությունը, զերծ էր մնացել 1890-ականների ջարդերից: Անկարգությունները հատկապես դաժան էին Ադանա քաղաքում, որտեղ, ինչպես հաղորդվում էր, ողջակիզվեցին 4437 հայեր, որի արդյունքում քաղաքի մոտ կեսն ավիրվեց և ոմանց համար առիթ հանդիսացավ նկարագրելու ստեղծված դժողքը` որպես «հոլոքոստ»: Անկարգությունները տարածվեցին ամբողջ նահանգով, և հայերը տվեցին շուրջ 30000 զոհ: Մինչ Ադանայում դիմադրության ապարդյուն փորձեր էին արվում, իսկ շրջակա փոքր գյուղերի հայերը դաժանաբար սրի էին քաշվում, երկու առավելապես հայերով բնակեցված քաղաքներ հաջող ինքնապաշտպանություն կազմակերպեցին: Կիլիկիայի լեռներում գտնվող Հաճընը դիմադրեց պաշարմանը, միաժամանակ Դյորթյոլի (Չորք-Մարզվան) 10000 հայերը դիմակայեցին 7000 թուրքերին, ովքեր շրջապատել էին քաղաքը և կտրել ջրամատակարարումը:
Ջարդերի ծավալը դրդեց կառավարությանը սկսել հետաքննություն, սակայն մեղավորների անպատժելիությունը հարված հասցրեց հայերի` նոր վարչակարգի կողմից ազատական բարեփոխումների իրականացման հույսերին: Օսմանյան կայսրության հետադիմական տարրերը կասկածվում էին կոտորածների սանձազերծման մեջ` Միություն և առաջադիմություն կուսակցությանը վարկաբեկելու համար, սակայն երիտթուրքերը ևս ներգրավված էին: Ադանայի ջարդն ի հայտ բերեց երիտթուրքական շարժման երկակի բնույթը, որը բաղկացած էր թե´ արմատական, և թե´ ազատական տարրերից: Սա նաև ցույց տվեց Օսմանյան պետության ազգայնականների և արմատական ու պահպանողական տարրերի շահերի համընկնումը զարգացած փոքրամասնությունների նկատմամբ իրենց վարած քաղաքականության մեջ: Երիտթուրքերի համար Ադանայի կոտորածները դարձան Օսմանյան կայսրության քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ թուրքերի ատելության ուժգնության ապացույցը և հնարավորություն ընձեռեցին ստուգելու իրենց հմտությունը` այդ ուժերին քաղաքական նպատակներով օգտագործելու համար: Չնայած սահմանադրական կառավարության վերականգնմանը` մասայական բռնությունների ոգին վերածվեց պետական հզորության մեխանիզմի:
Կոտորածներին հաջորդեց երկու հանձնաժողովների ստեղծումը: Դրանցից մեկը կազմավորեց օսմանյան խորհրդարանը (Հայկ Պապիկյան, Հարություն Մոստիճյան, Յուսուֆ Քեմալ, Ֆայիդ Բեյ), իսկ մյուսը` Կ. Պոլսի Հայոց պատրիարքը: Հետաքննելով Ադանայի եղեռնի պատճառներն ու հետևանքները` հանձնախմբերը կազմեցին պաշտոնական տեղեկագրեր, որոնց համաձայն գլխավոր հանցավորներ ճանաչվեցին նահանգապետ Ջևադ բեյը, զորահրամանատար Մուստաֆա Ռեմզի փաշան և նրանց հրահանգները տեղերում կենսագործող պաշտոնյաները: Արձանագրվեց, որ Ադանայի ջարդերին զոհ է գնացել ավելի քան 30.000 հայ: Հայ բնակչությանը հասցված վնասը կազմում էր շուրջ 20 մլն թուրքական լիրա. հրդեհվել էր 24 եկեղեցի, 16 դպրոց, 232 տուն, 30 հյուրանոց, 2 ֆաբրիկա, 1429 ամառանոց, 253 ագարակ, 523 խանութ, 23 ջրաղաց և շատ այլ շինություններ:
Երիտթուրքերը, պատասխանատվությունից խուսափելու և միջազգային հասարակական կարծիքը փոխելու նպատակով, ձևական հետաքննություն սկսեցին, սակայն ջարդերի կազմակերպիչներն ու պատասխանատուներն այդպես էլ մնացին անպատիժ:
Օնլայն ցուցադրությունում ներառված բնօրինակ լուսանկարները վերջերս հայտնաբերված հավաքածուից են, որը ներառում է հիմնականում չհրապարակված ավելի քան 70 լուսանկարներ` արված 1909թ. ապրիլին և մայիսին Ադանայում և հարակից շրջաններում:
Adapted from:
‘Adana Massacre’ by Rouben Paul Adalian
‘Encyclopedia of genocide’
|