Սամվել Բաբայանը ´´Արցախի մասին...
ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի խորին համոզմամբ` ԼՂՀ-ն դադարել է լինել տարածաշրջանում ռազմաքաղաքական միավոր եւ գործոն, ինչպես նաեւ դուրս է մնացել խնդրի լուծման բանակցային գործընթացից այն բանից հետո միայն, երբ 1999 թվականին Երեւանում որոշվել է չեզոքացնել Սամվել Բաբայանին:
«Ա1+»-ի հարցին, թե ԼՂՀ-ն բանակցային գործընթացից դուրս է մնացել հայկական կողմի` Ռոբերտ Քոչարյանի որոշմամբ, նշանակո՞ւմ է արդյոք, որ Բաբայանի կշտամբանքներն ու մեղադրանքներն ուղղված են Քոչարյանին` Սամվել Բաբայանը պատասխանեց. «Ես նորից եմ կրկնում, որ Ռոբերտ Քոչարյանի հետ մենք խնդիր չենք ունեցել, եթե ուղղակի մի փոքր հետ նայենք, ու հիշենք 1999 թ-ը, կտեսնենք, որ Ռոբերտ Քոչարյանի վիճակն ավելի վատ է եղել, քան իմը։ Ռոբերտ Քոչարյանն էն ժամանակ ոչինչ չէր կարա աներ»։
Այդ դեպքում ո՞վ hետաքրքրվեցին լրագրողները. «Ուզում եք անուննե՞ր տամ։ 1999 թ դեկտեմբերի 15-ի անվտանգության խորհրդի կազմը հանեք, բոլոր անունները կան, այսօրվա ընդդիմության շարքերում և մի շարք այլ մարդիկ, բոլորը միասին պարոն Քոչարյանի առջեւ դրել են խնդիր՝ ազատել Սամվել Բաբայանին պաշտոնից, որ մենք մեզ իշխան զգանք, հիմա էլ մայթին կանգնել են ու գոռում են, դե թող շարունակեն գոռալ։ Սա է իրականությունը։ Անուններ չեմ կարող տալ, 15 հոգի ովքեր եղել են, նայեք ցանկը եւ կտեսնեք, բայց Ռոբերտ Քոչարյանի վիճակը այն ժամանակ՝ 1999 թ-ին, դուք ինձանից լավ գիտեք»։
Սամվել Բաբայանն այսօր «Հայացք» ակումբում խոսեց նաեւ ԼՂՀ խնդրում զիջումների մասին:
Նա հայտարարեց, որ ոչ մի զիջման հետ Ղարաբաղի ժողովուրդը չի համակերպվի, նա հայտարարեց, որ այնպես, ինչպես Ղարաբաղի իշխանությունները 88-ին էին վստահեցնում, որ խնդրին լուծում չկա, բայց Ղարաբաղն անկախացավ, այնպես ինչպես 97-ին էին ՀՀ իշխանությունները վստահեցնում, թե այլ տարբերակ չկա, պետք է խնդիրը լուծվի առաջարկվող տարբերակով, բայց մինչ օր չի լուծված, այնպես էլ այսօր կլինի: Առանց ԼՂՀ բնակչության համաձայնության խնդիրը չի կարող լուծվել: Սամվել Բաբայանը պնդեց, որ ազատագրված տարածքները չի կարելի հանձնել, որովհետեւ այնտեղ շատ ավելի մեծ հարստություն կա, քան Կասպյան ավազանում` նավթ:
Սարգսյան-Ալիեւ հանդիպումը Սամվել Բաբայանը համարում է հերթական եւ ոչ առանցքային, քանի որ որքան էլ հայտարարեն, թե մի երկու կետի վերաբերյալ ընդամենը համաձայնություն ձեռք չի բերվել, միեւնույնն է, քանի դեռ Ալիեւը չի ընդունել, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս չի կարող լինել, բոլոր բանակցություններն անիմաստ են:
Բաբայանը նաեւ հայտարարեց, որ Արցախը Հայաստանի մաս է, եւ եթե այս անգամ էլ հայ ժողովուրդը Ղարաբաղը եւ ազատագրված տարածքները զիջեց, ուրեմն գոյություն ունենալու իրավունք չունի:
«1000 տարի տարածք կորցնելով` եկել ենք, այլեւս իրավունք չունենք»,-ասաց Սամվել Բաբայանը»
Նա նաեւ հռետորական հարց է հնչեցրել` Թուրքիան հաղթեց ու զավթեց հայկական հողերը, այսօր նա չի վերադարձնում, այդ դեպքում ինչու պետք է մենք վերադարձնենք հողերը:
Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա Սամվել Բաբայանի կարծիքով, Թուրքիան կվիժեցնի բանակցությունները, իսկ հայտարարության ստորագրումը Շվեյցարիայում ցեղասպանության նախօրեին նա պատահական չի համարում: Ըստ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատարի, դա ձեռնտու էր Թուրքիային, որպեսզի ցեղասպանություն բառը չարտասանվի:
P.S _Ես էլ նույն կարցիքին եմ,ոչ մի մետր հողի զիջում.....