ՈՎՔԵ՞Ր ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅՈՒՄ ՉԵԶՈՔԱՑՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Հարցին թուրքական կայքէջում պատասխանում է «Թուրք-ամերիկյան դաշինք հանուն արդարության» կազմակերպության նախագահը
Օգոստոսի 22-ի համարում «Ազգը» նշել էր, որ ԱՄՆ դաշնային դատարանը հակասահմանադրական է ճանաչել Կալիֆոռնիայի նահանգում ընդունված օրենքը, որը Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին իրավունք է տալիս ապահովագրական ընկերություններից պահանջելու իրենց հարազատների ապահովագրական գումարները: Մեր թերթում միաժամանակ ընդգծվել էր դատարանի այս մոտեցման հիմնավորումըՙ Առաջին աշխարհամարտի տարիներին զոհված հայերի նկատմամբ քաղաքական հետեւանքներով հղի «ցեղասպանություն» տերմինի օգտագործումն արգելող ԱՄՆ-ի դաշնային կառավարության որոշումով:
«Ազգն» այդ մասին տեղեկացնելիս հենվել էր իր հերթին «Լոս Անջելես թայմսին» վկայակոչող «Ազատություն» ռադիոկայանի հաղորդման վրա: Դաշնային դատարանի որոշմանը օգոստոսի 21-ին անդրադարձել էր նաեւ CNN-Turk-ը, իսկ հաջորդ օրըՙ թուրքական մամուլըՙ «Սթար» թերթի գլխավորությամբ, ինչպես նաեւ Նյու Յորքի Turkishny.com կայքէջըՙ ընդ որում, առանց թաքցնելու որոշման առթիվ իրենց ոգեւորությունը:
Դա հատկապես վերաբերում է Turkishny.com կայքէջին, որը օգոստոսի 24-ին հրապարակել է Կալիֆոռնիայի թուրքական համայնքի ազդեցիկ դեմքերից Կարահան Մեթեի պարզաբանումները, որոնցում վերջինս պատմում է, թե ովքեր ինչպես են պայքարում հայկական լոբբիի դեմ, չեզոքացնելու համար Հայոց ցեղասպանությանն առնչվող նախաձեռնությունները: Թեեւ Մեթեն չի հիշատակում ԱՄՆ դաշնային դատարանի որոշման մասին, սակայն նրա պարզաբանումները հենց որոշմանն են հաջորդում, ուստի դժվար չէ ենթադրել դրա համար Կալիֆոռնիայի թուրքական կազմակերպությունների գործադրած բուռն ջանքերի մասին:
Կարահան Մեթեն պարզաբանումներում նշել է, որ Ամերիկայում բնակվող հայերի միասնականության չափանիշը հանդիսացող «հակաթուրքականությունը», որը միշտ համատեղ ջանքերով իբր վառ են պահում հայկական եկեղեցին եւ սփյուռքահայ կազմակերպությունները, հատկապես նկատելի է Կալիֆոռնիայում, որովհետեւ այստեղ հայերի հետ զգալի թվով հույներ են ապրում, հետեւաբար վերջիններիս դեմ պայքարը ամենաթեժ դրսեւորումներով հենց այս նահանգում է ծավալվում: Նա «հայկական» հարցի (Հայոց ցեղասպանության ճանաչման) ուղղությամբ ծավալվող պայքարը նույնացնելով Թուրքիայի մասնատման ջանքերի հետ, ընդգծել է, որ Կալիֆոռնիայում հակաթուրքական բոլոր օրենքների համար հիմք են սփյուռքահայության աջակցությունը վայելող հայամետ կոնգրեսականների ընդունած որոշումները:
Նրա կարծիքով, հայերը, շնորհիվ այդ որոշումների, կարողանում են մշտապես օրակարգում պահել «հայկական հարցը»: Չնայած հայկական լոբբիի աջակցությանը, ինչպես նշել է Մեթեն, թուրքական համայնքը սերտ կապեր է հաստատել Կալիֆոռնիայի սենատի հետ եւ այս տարի, օգտվելով այդ կապերից, կարողացել է կանխարգելել նախորդ տարիներին «կայծակնային արագությամբ անցկացվող» որոշումների ընդունումը:
Կալիֆոռնիա նահանգում հայանպաստ որոշումների կանխարգելման աշխատանքներին, Կարահամ Մեթեի խոստովանությամբ, անմիջականորեն մասնակցել են Turkish Cypriot Community Association-ըՙ TCCA-ն, Turkish Defense Fund-ը, Bruce Fein-ը, David Saltzmann-ը, Assembly of Turkish American Associations-ըՙ ATAA-ն, PAX Turci-ca-ն, Turkish American Association of California-ն` TAAC-ն, Turkish American Alliance for Fairness-ըՙ TAAF-ը, Federation of Turkish American Associations-ըՙ FTAA-ն, ինչպես նաեւ Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանը:
Ի դեպ, ԱՄՆ-ում գործում են շուրջ 100 թուրքական միություններ եւ կազմակերպություններ, որոնց գործունեությունը հիմնականում վերահսկում եւ համակարգում են ATAA-ն, FTAA-ն, ինչպես նաեւ Turkish Student Association-ըՙ TSA-ն: Թեեւ Turkishny.com-ը չի նշում, սակայն ավելացնենք, որ այս կայքէջին Կալիֆոռնիայում հայամետ նախաձեռնությունների կանխարգելման առնչությամբ պարզաբանումներ տված Կարահան Մեթեն TAAF-ի հետ նաեւ Turkish Peace and Justice Committ-ի նախագահն է:
Вот как турки ведут себя не жалея не чего ради не признания Геноцида...