Rep Power: 0
|
Re: Серж Саргсян выслушает доводы Диаспоры по армяно-турецким отношениям
Հայ-թուրքական մերձեցու՞մ. հեռանկա՞ր, թե՞ վտանգ
[ 2009/10/04 | 16:59 ] սփյուռք, քաղաքականություն
Համազգային հիմնահարցերը պահանջում են համազգային որոշումներ
Երեք մայրաքաղաքներից` Երևանից, Բեռնից ու Անկարայից օգոստոսի 31-ի գիշերը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին հրատարակված արձանագրություններն ու դրանց ժամանակացույցը ալեկոծեցին միլիոնավոր հայերի մտքերն ու հոգիները: Հաջորդ առավոտն իսկ, Գերմանիայի Հայ ակադեմիականների միության (ՀԱՄ) վարչությունը որոշեց հավաքվել ու անմիջապես քննարկել ճակատագրական կոչվելու հանգամանքին հավակնող փաստաթղթերն ու դրանցից բխող մտահոգիչ հեռանկարները: Սեպտեմբերի 2-ին որոշում կայացվեց` առանց ժամ իսկ կորցնելու կազմակերպել համայնքային լայն քննարկում, հրավիրել նաև Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացչության ղեկավարներին:
Գերմանիա աշխատանքի ժամանած ՀՀ նորանշանակ դեսպան Արմեն Մարտիրոսյանի գրասեղանին առաջին աշխատանքային օրն իսկ դրվեց ծրագրին մասնակցելու հրավերը: Ի պատիվ նոր դեսպանի, պետք է ասենք, որ արժևորելով համայնքի ու դեսպանության միջև միանգամից աշխատանքային-գործնական հարաբերություններ հաստատելու երկկողմանի ձգտումը, առաջնորդվելով հայ-թուրքական հարաբերությունների մասին ՀՀ իշխանությունների դիրքորոշումն անձամբ ներկայացնելու, առհասարակ հարցի կարևորության գիտակցությամբ, ՀՀ դեսպանը հաջորդ օրը տվեց ծրագրին մասնակցելու իր ու դեսպանության երկրորդ քարտուղար Համբարձում Մինասյանի մասնակցության համաձայնությունը: Հարցի քննարկման հրավերին անմիջապես դրական պատասխան տվեց նաև Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Գայանե Ափինյանը:
Երեք պետական այրերի կողքին քննարկմանը մասնակցեցին երեք սփյուռքյան ներկայացուցիչներ`Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ, դր. Շավարշ Հովասափյանը, Եվրոպայի Հայ դատի բրյուսելյան գրասենյակի Գերմանիայի ներկայացուցիչ Անդրանիկ Ազնավուրը և գերմանահայ համայնքի փորձառու գործիչ, դր. Րաֆֆի Պետիկյանը: Քննարկումը վարում էրՀԱՄ-ի նախագահ Ազատ Օրդուխանյանը:
Հապճեպ կազմակերպված բավականին ներկայացուցչական ծրագրին ներկա էին 90 մասնակիցներ, որոնց մեջ էին Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչականները, Ախենի հայ համայնքի նախագահը, Սիլվա Կապուտիկյանի անվան Գերմանահայ կանանց միության նախագահուհին, Նոր Սերունդ երիտասարդական կազմակերպության ղեկավարները, Գերմանահայ Բժիշկների ու բուժաշխատողների միության, Քյոլնի եկեղեցական միության վարչության ներկայացուցիչները, Կենտրոնական Գերմանիայի հայկական համայնքների հոգևոր հովիվը, տարբեր քաղաքական հայացքների հարող ակտիվ համայնքայիններ, ՀԱՄ-ի բազմաթիվ անդամներ, ուսանողներ:
ՀԱՄ-ի վարչությունը ՀՀ-ից ու Գերմանիայի տարբեր քաղաքներից բազմաթիվ մտահոգիչ նամակներ էր ստացել, որոնք, սակայն, ժամանակի սղության պատճառով երեկոյին կարդալ հնարավոր չեղավ: Ժամը 16:00-ին հայտարարված ծրագիրը սկսվեց ճիշտ ժամին ու դեսպանության ղեկավարների մասնակցությամբ շարունակվեց երկուս ու կես ժամ:
Այնուհետև դեսպանն ու իր օգնականը մեկնեցին Բեռլին, որից հետո քննարկումը շարունակվեց մինչև 20 անց 30 րոպեն: Քննարկմանը մասնակցող բանախոսներին ու ներկաներին բարի գալուս մաղթելուց ու ակտիվ քննարկման հրավիրելուց հետո ծրագրի վարողը բարձրախոսը տրամադրեց բանախոսներին, որոնք ներկայացրին հայ-թուրքական հարաբերությունների բեկումնային զարգացումների մասին իրենց կազմակերպությունների ու հայոց երկու հանրապետությունների պաշտոնական տեսակետները:
Անդրանիկ Ազնավուրը քննարկումը սկսեց հետևյալ արտահայտությամբ. «Մենք դեմ չենք Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, սակայն, ինչպես միշտ շեշտել ենք` առանց նախապայմանի: Մենք այստեղ կասկած չենք արտահայտում ՀՀ իշխանությունների ազնիվ մղումների ու հայրենասիրության վրա, բայց կարծում ենք, որ այս հարցում նրանք մեծ սխալ են գործում: Այս փաստաթղթերը ոչ թե նախապայմաններ են պարունակում, այլ շատ ավելին:
Ստորագրելով այս փաստաթղթերը` նրանք մեզ և մեր սերունդներին դնում են չափազանց մեծ դժվարությունների առջև, անչափելի մեծ վնաս հասցնում մեր ժողովրդի իրավունքներին: Կատարվող սխալի շտկումը ապագայում աներևակաելիորեն դժվար է լինելու: Նման համազգային տարողություն ունեցող բարդ հարցերի վճռահատումը այսպես գաղտնի բանակցությունների ճանապարհով կատարելն ու հայ ժողովրդին մասնակից չդարձնելը գտնում ենք խիստ քննադատելի: Փաստորեն, Հայաստանի իշխանությունները մեր առջև դրել են պատրաստի ապուր: Կամ այո ենք ասելու կամ` ոչ: Մենք այս պարագայում միայն ոչ կարող ենք ասել»:
Րաֆֆի Պետիկյանի կարծիքով` «թուրքերը կրկին կեղծ են մեզ հետ: Ես որպես ցեղասպանությունից մազապուրծ եղած ընտանիքի զավակ ոչ մի հավատ չունեմ մարդասպան պետության հանդեպ, համոզված չեմ, որ թուրքերը Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ որևէ բարի բան կցանկանան անել»:
Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ, դր. Շավարշ Հովասափյանը ներկայացրեց համայնքի ղեկավար կազմակերպության տեսակետը. «Մեր գաղութի տեսակետը այս հարցում մենք արդեն մեր մամլո հաղորդակցության միջոցով հայտնել ենք: Հարգելի պարոն դեսպան, չգիտեմ, այն Ձեզ համար թարգմանել են, թե ոչ, ուստի և կրկնում եմ. Մենք, սփյուռքյան բազմաթիվ կազմակերպությունների նման, արձանագրությունների այս ձևին խիստ դեմ ենք, այն համարում ենք չափազանց վնասակար ու վտանգավոր մեր ժողովրդի համար, ՀՀ իշխանություններից պահանջում ենք այս տեքստը չստորագրել, այն վտանգում է մեր իրավունքները մեր հայրենիքի նկատմամբ: ՀՀ կառավարությունից մենք մինչև հիմա ոչ մի մանրամասն ու ամբողջական տեղեկատվություն չենք ստացել»:
Ըստ ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Գայանե Ափինյանի «նախաստորագրված փաստաթղթերը նույնիսկ կարելի է համարել հայ դիվանագիտության հաջողություն, դրանք մեր ու օտարազգի պատմաբաններին հնարավորություն կտան Օսմանյան կայսրության արխիվներից հանել կարևոր փաստաթղթեր ու պաշտպանել մեր շահերը»:
ՀԱՄ-նախագահ Ազատ Օրդուխանյանը ներկայացրեց կազմակերպության դիրքորոշումը արձանագրությունների վերաբերյալ. «Համազգային հիմնախնդիրները, ինչպիսիք են Հայոց ցեղասպանության, Արևմտյան Հայաստանին վերաբերվող ամեն մի հարց, հայոց գրական լեզվի ուղղագրության և այլ համազգային ընդգրկում ունեցող հիմնահարցեր պետք է լուծվեն համազգային ուժերով: Այսինքն` այսօր աշխարհում ապրում է մոտ 12 միլիոն հայ: ՀՀ-ն իր 3 մլն բնակչությամբ սույն հարցերի լուծման գրծում ունի միայն 25 տոկոս ձայնի Իրավունք, 75 տոկոսը պատկանում է սփյուռքին: ՀՀ իշխանությունները իրավունք չունեն որոշումներ կայացնել 60 հազարանոց գերմանահայերի կամ 450 հազարանոց ֆրանսահայերի փոխարեն: Հայ-թուրքական հարաբերությունները ոչ այսօր և ոչ էլ ապագայում չեն կարող լինել Հայաստան-Թուրքիա հարաբերություններ, այլ հայ և թուրք ժողովուրդների հարաբերություններ են:
Այսօր հայերի ուժը գտնվում է ոչ միայն ՀՀ-ի տակ, այլ նաև նրա շուրջ: Ցեղասպանության հարցը մնում է ուժեղ զենք ՀՀ-ն ու սփյուռքը պաշտպանելու համար, այն չենք կարող կամավոր հանձնել: Հերթական անգամ չենք ցանկանում ազգովի Գրիգոր Զոհրապ դառնալ, որը քայլում էր մահվան ճանապարհով, բայց դեռ հավատում էր Թալեաթ փաշայի բարեկամական խոսքերին, որը դահիճն արտահայտել էր իր մահվան հրամանը տալուց մի քանի ժամ առաջ:
Մենք գենոցիդի հետ ապրել ենք նաև պատրիոցիդ, այսինքն` սպանվել է ոչ միայն մեր ժողովրդի մեծ մասը, այլ մեզանից բռնի խլվել մեր սուրբ հայրենիքը: Արևմտյան Հայաստանը, ի տարբերություն մեր անմեղ նահատակների, անդառնալի կորուստ չէ մեզ համար: Ի՞նչ է անում դահիճն այսօր` փոխհատուցելու համար իր զոհի ժառանգներին: Որպես ներողություն, որպես բարի կամքի դրսևորման սկիզբ, նա գոնե պետք է նպաստի ՀՀ տնտեսության զարգացմանը, վերականգնի Արևմտյան Հայաստանի պատմամշակութային ժառանգության մնացորդները, սփյուռքի հետ բարեկամական հարաբերություններ ստեղցելու փորձեր անի, մտածի իրական փոխհատուցումների մասին: Աշխարհն ունի նմանատիպ փորձ, մենք Գերմանիայում ամեն օր ականատես ենք լինում դրան, միայն թուրքերը դա չեն ուզում տեսնել: Տնտեսական հարցերում մեր պետությունը նույնպես կտուժի, եթե շուտափույթ չկարգավորի երկրի տնտեսական օրենսդրական դաշտը, այսօրվա վիճակով մենք լրիվ անպաշտպան ենք թուրքական տնտեսական էքսպանսիայի դիմաց ու Թուրքիայի համար հեշտությամն կարող ենք վերածվել ներմուծման ու տրանզիտի դաշտի»:
ՀՀ դեսպանը ցանկացավ ականջալուր լինել բոլոր բանախոսների կարծիքներին և վերջում ներկայացրեց ՀՀ իշխանությունների տեսակետը արձանագրությունների ստորագրման ու հայ-թուրքական հարաբերությունների մասին: Պարոն Մարտիրոսյանի ներկայացրած մտքերն ամբողջությամբ արտացոլում էին ՀՀ իշխանությունների տեսակետները, որոնց հետ ոչ սփյուռքյան բանախոսները և ոչ էլ դահլիճում նստած որևէ մասնակից չհամաձայնվեց: Պարոն դեսպանի ուշադրությանը հանձնվեց Helsinki Final Act –ի այն պարբերությունը, որտեղ բացի սահմանների փոխադարձ ճանաչումից, տարածքային որևէ պահանջների արծարծումն իսկ ապագայում բացառված է: Հայաստանի և Թուրքիայի միջև նման պայմանագրի վերահաստատումով տարածքային որևէ պահանջք մեր կողմից կդառնա պայմանագրի խախտում: Դահլիճը մտահոգ հետևում էր քննարկմանը, այնտեղից ՀՀ ու ԼՂՀ դիվանագիտական բարձրագույն ներկայացուցիչներին չարվեց աջակցական նույնիսկ որևէ թույլ արտահայտություն, նրանց տեսակետներին դեմ էին բոլորը: Այնտեղ պարզ ասվեց, որ մեզ համար, որպես ցեղասպանության ենթարկված ու հայրենազրկված ժողովրդի զավակներ, Արևմտյան Հայաստանի նկատմամբ ունեցած մեր բնական իրավունքը անժամանցելի է, թուրքական պետության ու թուրքերի հետ աշխարհի որևէ մասում բարիդրացիական հարաբերություններ հաստատելուց առաջ, նախ նկատի ենք առնելու մեր բնական իրավունքի, նրանց կողմից մեր զոհերի հիշատակը հարգելու ձևաչափերը: Առայժմ մենք Թուրքիայի կողմից բարի կամքի դրսևորման որևէ լուրջ քայլ չենք տեսնում:
Այստեղ` Եվրոպայում, ամեն օր, կյանքի ամենատարբեր բնագավառներում, ականատես ենք լինում թուրքական կողմի թշնամական քայլերին, մեր դեմ կազմակերպված բազմամարդ ցույցերին, Հայ դատի, հայկական համայնքների զարգացման դեմ գերմանական ու եվրոպական կուսակցություններում, պառլամենտներում, քաղաքական ու հասարակական ամենատարբեր հարթություններում թուրք գործիչների համառ պայքարին, հայակործան քարոզչության, սպառնալիքներին, այստեղ լայնորեն տարածվող թուրքական մամուլի, հեռուստատեսության ու ռադիոյի հակահայ հիստերիային: Այսինքն` մենք առայժմ չենք կարող ցույց տալ թուրքական պետության ու թուրքական սփյուռքի որևէ բարի կամքի դրսևորման, որևէ զղջման արտահայտություն, ուստի հավատ չունենք նրանց անկեղծության ու մեզ` հայերիս բարյացակամորեն նրանց ընդառաջ գալու քայլերին:
Կազմակերպիչները նախապես մշակել էին բազմաթիվ հարցեր, որոնք այսօր մտահոգում են ոչ միայն գերմանահայերին այլ սփյուռքի լայն շրջանակներին: Ցավոք, քննարկմանը երկուս ու կես ժամվա դեսպանի մասնակցությունը (նրա ու քննարկմանը ներկա, բայց երկխոսությանը չմասնակցաց դեսպանության երկրորդ քարտուղարի Բեռլին մեկնելու անհրաժեշտությունը տաս րոպեով ընդմիջեց քննարկման հուզախառն ընթացքը) ու քննարկմանը հատկացրած ընդհանուր չորս ու կես ժամը բավարար չեղան սպառելու գոնե հետևյալ մի քանի հարցերի պատասխանները`
1. Արդյո՞ք ինչքանով են Հայաստանի իշխանությունները հասկացողություն դրսևորում սփյուռքում այժմ ներկա և օրեցօր աճող դժգոհությունների հզոր ալիքի նկատմամբ: Եթե կա՞ն հասկացողության որևէ դրսևորումներ, ապա որտե՞ղ և ինչպիսի՞ հարցերում է առ այսօր այն դրսևորվել, տեսանելի եղել որևէ՞ բանախոսի:
2. Ինչքանո՞վ է արդարացվում, ինչո՞վ է բացատրվում Հայաստանի իշխանությունների հայ-թուրքական հարաբերությունների այս վերջին զարգացումների հարցում տեղեկատվական ու քարոզչական այս, կարելի է ասել գաղտնանման կեցվածքը: Արդյո՞ք ավելի օգտակար չէր լինի, եթե հարցը թե հայրենիքում և թե սփյուռքում նախապես դրվեր մեր ժողովրդի լայն զանգվածների քննարկման, հաշվի առնվեր մտավորականության, սփյուռքի փորձառու ազգային կառուցների ու անհատների կարծիքը` մի շատ ընդունված երևույթ, որին մենք ամեն օր Գերմանիայում ականատես ենք լինում: Այստեղ ամեն մի կարևոր հարց գերմանական իշխանությունները ներկայացնում են հասարակությունը, դրանք շաբաթներով ու ամիսներով ամենատարբեր մակարդակներով, զանազան ֆորումներում, հեռուստատեսությամբ, ռադիոով, մամուլում քննարկման դնում, դրանից հետո միայն բազմակողմանիորեն մշակված ու մարսած հարցերը ներկայացվում օրենսդիր մարմինների հաստատման:
3. Ինչպիսի՞ քաղաքականություն ունի այսօր Հայաստանի իշխանությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, ինչպե՞ս պիտի շարունակվի այսուհետև այդ քաղաքականությունը փոփոխվող պայմաններում, ի՞նչ կոնկրետ քայլեր են մշակվել Հայաստանում այդ հարցի հետագա զարգացման ուղղությամբ, ինչպիսի՞ն պիտի լինի այս հարցում հայրենիքի ու սփյուռքի համագործակցության ձևաչափը: Սփյուռքի կառույցներն արդյո՞ք արդեն մտածում, ծրագրում են նոր ռազմավարական մոտեցումներ ու մարտավարական քայլեր, կանոններ:
4. Ինչպիսի՞ն է Հայաստանի իշխանության վերաբերմունքն այսօր Արևմտյան Հայաստանի հարցի վերաբերյալ, ինչպիսի՞ն է թուրքերի կողմից հայերին փոխհատուցում տալու հայկական կողմի օրինական պահանջի հարցում Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը:
5. Հայաստանի իշխանություններն այսօր հայ-թուրքական հարաբերություններում ինչպիսի՞ տեղ են հատկացնում սփյուռքին, ո՞րը պետք է լինի այս հարաբերություններում սփյուռքի դերը: Ինչպիսի՞ դերակատարություն կարող է ստանձնել այս հարցում գերմանահայ 60 հազարանոց համայնքը, հաշվի առնելով, Գերմանիայում աշխարհի ամենամեծ թուրքական համայնքի հարևանության առկայությունը:
6. Հայաստանի իշխանությունների ներկա քաղաքականությունը հայ-թուրքական հարաբերությունների հարցում իշխանությունների նկատմամբ սփյուռքում վստահության մեծ կորուստ է առաջացրել: Ցավոք սրտի, վստահության այդ կորուստի ընթացքը ամեն օր, ամեն ժամ մեծանում է: Դա մեզ, մեր ողջ ժողովրդին, մեծ վնասներ է բերելու: Ի՞նչ լուծումներ կառաջարկեիք, ի՞նչ քայլեր եք տեսնում այդ մեծացող ճեղքի առաջն առնելու, այն նվազագույնի հասցնելու ճանապարհին:
7. Արցախի հարցում ի օգուտ Ադրբեջանի ամեն անգամ Թուրքիայի իշխանությունների հարձակողական միջամտությունը արդյո՞ք պանթուրքիզմի մի յուրօրինակ, մոդեռն դրսևորում չէ: Թուրքիայի իրավասության մեջ չմտնող այդ հարցը արդյո՞ք չի կարելի միջազգային ատյաններում ներկայացնել հենց այդպիսին: Ե՞րբ Հայաստանի իշխանություններն իրենց բանակցություններում ու հայտարարություններում խեղճ կեցվածք ընդունելով Արևմտյան Հայաստանի նկատմամբ, մեր բնական իրավունքի հարցը ամեն անգամ լրակյաց շրջանցում են, ավելի սանձարձակ չե՞ն դարձնում թուրք դիվանագետների ապօրինի միջամտությունն ու պահանջը Արցախի ազատագրված հողերի հարցում:
8. Կաշառակերության, մաֆիական համակարգի, սոցիալական, քաղաքական, բարոյական, տնտեսական ծանր վիճակում տառապող, անօրինության ճիրաններում համարյա մահամերձ լինող Հայաստանն արդյո՞ք այսօր պատրաստ է այսպիսի հապճեպությամբ համազգային այնպիսի հարցի լուծման գնալ, ինչպիսին հայ-թուրքական հարաբերությունների զգայուն բնագավառն է: Ավելի նպատակահարմար չե՞ք գտնում այդ հարցերի ողջ համակարգը այսօր, առանց օր իսկ կորցնելու, Հայաստանի ԳԱ-ում, պետական համալսարանում ու սփյուռքի գիտական ու քաղաքական կառույցներում հատուկ և ազատ մասնագիտական ստուգման ու վերլուծության ենթարկել, քննարկումների դնել, լրջորեն պատրաստվել դիվանագիտական դժվարին մարտահրավերներին, հետո նոր թուրքերի հետ հարաբերության մեջ մտնել:
Այս ու բազմաթիվ այլ հարցեր, որոնք այսօր կախված են սփյուռքյան երկնակամարում ու նմանապես տանջում են գերմանահայ համայնքին, այդ երեկոյին, ցավոք, այդպես էլ անպատասխան մնացին: Դահլիճում պետական այրերի ու մյուս ներկաների կարծիքներում վառ արտահայտված անհամաձայնություն, հստակ բևեռացում կար: Մասնակիցներից մեկը երեկոն հակիրճ բնորոշեց «երկուսն ընդդեմ իննսունի, կամ հակառակը»:
Ժողովրդի ու իշխանությունների միջև եղած անջրպետը մի՞թե արդեն անդունդի է վերածվում, մի՞թե ժողովրդի ձայնը, այս հարցում արդեն ճիչն ու աղաղակը, չեն լսելու ՀՀ իշխանությունները: Իսկ 1991-ի անկախությունից ի վեր, Բաղրամյան պողոտայի գրասենյակներում երբևէ լսե՞լ կամ զգացե՞լ են այդ ձայնի տագնապները, երեք պրեզիդենտներից ու նրանց ստեղծած կառավարություններից ո՞րն է փոխել ժողովրդի ծանր վիճակը, ո՞րն է լուրջ աշխատել նրա համար, ո՞րն է սիրվել ժողովրդական լայն զանգվածների համար:
Ոչ մեկը: Քրիստուսքիրշեի ծրագիրը կարծես մակետային պատկերն էր մերօրյա պետություն-ժողովուրդ անբնական հարաբերության: Իսկ ե՞րբ լսելի կդառնա ժողովրդի ձայնը: Պատասխանը շատ պարզ է` երբ ամեն հայ հարգի իր հոգու արդար ձայնն ու պայքարի դրա համար: Այնուամենայնիվ` կարևորը բոխումյան դահլիճում առկա էր` պետական ապարատը չշփոթվեց պետականություն կոչվող սրբության ու հայրենիքի հետ, իսկ օրվա գլխավոր խորհուրդը, որը մասնակիցներին բազմաթիվ մտահոգությունների հետ լավատեսորեն տուն ուղեկցեց, ասում էր` ամենակարևորը` ներկա և հետագա անկանխատեսելի ու դժվարին օրերին սփյուռքյան հեռավորությունից ազգային իղձերին, հայրենի հողին ու ժողովրդին նվիրված մնալը, նրան կարեկցելը, նրանից իրեն անբաժանելի տեսնելն ու պահելն է:
Հայ ակադեմիականների միության վարչություն
1 հոկտեմբեր 2009թ., Բոխում, Գերմանիա
|