Հայաստանը Եվրատեսիլում կներկայացնի Եվա Ռիվասը
Օսլոյում կայանալիք Եվրատեսիլ–2010 երգի մրցույթին Հայաստանը կներկայացնի
Եվա Ռիվասը։ Տեղեկացնենք, որ քվեարկության պատկերը ստացվել է ժյուրիի գնահատականների և SMS քվեարկությունների հանրագումարում։
Մրցույթի արդյունքները հայտարարելու ժամանակ բեմ հրավիրվեցին հայաստանյան ընտրափուլին մասնակցող բոլոր կատարողները, և երբ հնչեցվեց
Եվա Ռիվասի անունը որպես հաղթող՝ երգչուհի
Էմմին (երգչուհի
Նադեժդա Սարգսյանի աղջիկը) և իր թիմը ցուցադրաբար լքեցին բեմը։ Հանդիսատեսների մի մասը նույնպես անմիջապես լքեց Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի դահլիճը, երբ պարզվեց, որ Էմմին չէ հաղթողը։
Ըստ շրջանառվող լուրերի՝
Եվա Ռիվասին աջակցում էր ռուսաստանաբնակ հայ գործարար
Սամվել Կարապետյանը, ով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար
Կարեն Կարապետյանի եղբայրն է։
Ի դեպ, մինչև բուն մրցույթի եզրափակիչը՝ արդեն իսկ խոսվում էր այն մասին, որ հաղթելու է Ս. Կարապետյանի հովանավորյալը։ Այսինքն՝ առաջիկայում Օսլո մեկնելու են ոչ թե Ռիվասի ձայնն ու կատարողական վարպետությունը, այլ Կարապետյանի փողերը։
Մեզ մնում է միայն արձանագրել, որ Հայաստանում ընտրական ինստիտուտները չեն գործում բոլոր ոլորտներում։ Համենայնդեպս ընտրական արդյունքները խորը կասկածների տեղիք են տալիս շատերի մոտ։
Հիմա ստացվեց այնպես, որ հայ հանդիսատեսին անծանոթ երգչուհին Ռուսաստանից գալիս ու փողատեր հովանավորների միջոցով հաղթող է դառնում, այն դեպքում երբ հայաստանյան երգիչներն օբյեկտիվորեն ավելի հայտնի են հայ հանդիսատեսին և չեն զիջում դրսի «դաբրոյով» եկածին իրենց վարպետությամբ, եթե չասենք ավելին։
Արձանագրենք, որ նման երևույթները դառնում են խաղի կանոններ։ Այսինքն կապ չունի, թե տվյալ անձնավորությանը մարդիկ ճանաչո՞ւմ են, թե՞ ոչ։ Նա տաղանդավո՞ր է, թե՞ ոչ։ Կարևոր են դառնում տվյալ սուբյեկտի լոբբինգի հնարավորությունները։
Այդպես եղավ նաև վերջերս տեղի ունեցած Երևանի թիվ 10 ընտրատարածքի ընտրության ժամանակ։ Բոլորին անհայտ մեկը դարձավ «հաղթող» այն դեպքում, երբ նրա անունը և ազգանունը գիտեին ընտրողների ոչ ավել, քան 0,1 տոկոսը։ Այսինքն «միստր x»–երի փուլ ենք մենք թևակոխում, և դա դրսևորվում է բոլոր ոլորտներում՝ լինի դա քաղաքական, երգի կամ այլ ասպարեզին առնչվող ընտրություն։
«Թող պոլի փետ լինի, բայց ՀՀՇ–ից լինի» տխրահռչակ կարգախոսը մեզանում արդեն համատարած բնույթ է ստանում։ Ասել է թե՝ Հայաստանում անցկացվող բոլոր տիպի ընտրությունների ու մրցույթների արդյունքներն ավելի շուտ են հայտնի դառնում, քան բուն գործընթացն է տեղի ունենում։
Ինչ վերաբերում է Եվրատեսիլի եզրափակիչ ընտրական փուլի մասնակիցների մատուցած վոկալին, ապա բոլորի մոտ էլ «ֆալշը» շատ էր, բացառությամբ, թերևս,
Անի Արզումանյանի, ում մոտ, սակայն, չկար բեմական իմիջ։ Սպասվածից վատ էր
Էմմի կատարումը։ Նրա համար այնպիսի շարժումներ էին ընտրվել, որոնք անհամատեղելի էին կենդանի հնչողության հետ և արդյունքում Էմմին պարզապես գոռում էր և ինչ որ պահից սկսած նրա ձայնում խռպոտություն նկատվեց։ Ափսոս, որ
Ռազմիկ Ամյանի բնատուր ձայնը այնպիսի կլկլոցների վրա էր մաշեցվել, որոնք միգուցե նրան հաջողություն բերեն ռաբիս քեֆերի սեղանների շուրջ, բայց ոչ երբեք նորմալ երգարվեստում։ Ռոք երաժշտություն ներկայացնողներին պետք էր հուշել, որ նման անկիրք երգով ու 10 վայրկյանանոց սոլո–իմպրովիզացիայով
«խայտառակել ռոք մուզիկա»։ Իսկ ֆիննուհուն պետք է շնորհակալություն հայտնել իր կատարման համար. կարող էր ավելի վատը լինել։ Դե իսկ հաղթողն առավելապես աչքի ընկավ իր չինար բոյով, քան վոկալով ու շարժուձևով, բայց դե
«Ֆինանսի պայուտ ռոմանսի»։