Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Rep Power: 19
|
Re: 106 ðåçîëþöèÿ ïðèíÿòà â Êîíãðåññå ÑØÀ
Quote:
ԲԱՆԱՁԵՎ ԹԻՎ 252
Ոչ պաշտոնական թարգմանություն
111-րդ կոնգրես, Նիստ Ա, Բանաձեւ թիվ 252
Կոչ նախագահինՙ երաշխավորելու համար, որ Մ. Նահանգների արտաքին քաղաքականությունը համապատասխան ըմբռնում եւ զգայունակություն է ցուցաբերում մարդու իրավունքների, էթնիկական զտումների եւ ցեղասպանության հարցերի վերաբերյալ, որոնք ամրագրված են հայերի ցեղասպանությանն առնչվող Մ. Նահանգների պատմական փաստաթղթերում:
Ներկայացուցիչների պալատում 2009 թվի մարտի 17-ին
Պրն Շիֆը (իր եւ Ռադանովիչի, Փալոնի, Քըրքի, Բերմանի, Կանդորի, Մքկոտերի, Աքերմանի, Ռոյսի, Ուաքսմանի, Սմիթի (Նյու Ջերսիից), Ուաթսոնի, Բիլիրակիսի, Քրոուլիի, Սենսեն Բրեների, Փեյնի, Շերմանի, Վուի, Սայրսի, Դենիել Լանգրենի (Կալիֆոռնիայից), Բարրետի (Հարավ. Կարոլինայից), տիկ. Էշույի, պրք Վեյների, Հոնդայի, տիկին Մալոնիի, պրք Լանգեւինի, Ուոլթսի, Փիթերսի, տիկ. Սաթընի, պրք Կոստայի, Լոբիոնդոյի, Ֆրենքի (Մասաչուսեթսից), Սուդերի, Գարեթի (Նյու Ջերսիից), Վուլֆի, Մարկիի (Մասաչուսեթսից), Նիլի (Մասաչուսեթսից), Կարդոզայի, Լիպինսկու, Աբերկրոմբու, տիկնայք Կապսի, Շակովսկու, պրք Լեւինի, Հայմսի, Բակայի, տիկ. Հիրոնոյի, պրք Ռոթմանի (Նյու Ջերսիից), Մքգովեռնի, տիկ. Մքկոլումի, պրք Ֆաթահի, տիկ. Նապոլիտանոյի, պրք Սփեյսի, տիկ. Դելորոյի, պրք Ռայանի (Վիսկոնսինից), Կալվերտի, Պոլիսի (Կոլորադոյից), Լենսի, տիկ. Լորետա Սանչեզի (Կալիֆոռնիայից), պրք Օլվերի, Գրիյայվայի, Դեյվիսի (Իլինոյսից), Գոնզալեսի, Կոնյերսի, Սարբանեսի, վան Հոլենի, տիկ. Տիտուսի, պրք Սթարքի, Ջեկսոնի (Իլինոյսից), Քենեդիի, տիկնայք Ցոնգասի, Թոսչերի, Վուլսիի, պրք Դրայերի, Նյունզի, Տոնկոյի, եւ Տիերնեյի անունից) ներկայացրեց հետեւյալ բանաձեւը, որն ուղարկվեց արտաքին հարաբերությունների հանձնաժողովին:
Մաս 1: Բանաձեւին կարելի է հղում կատարել որպես «Հայկական ցեղասպանության բանաձեւի հաստատումը Մ. Նահանգների արձանագրություններում»:
Մաս 2: Ներկայացուցիչների պալատը գտնում է, որ
1) Հայերի ցեղասպանությունը մտահղացվել եւ իրականացվել է Օսմանյան Կայսրության կողմից 1915-1923 թվերին: Որպես հետեւանք բռնի տեղահան են արվել մոտ 2 միլիոն հայեր, որոնցից 1,5 միլիոն տղամարդիկ, կանայք եւ երեխաներ սպանվել են, իսկ 500 հազարը արտաքսվել իրենց տներիցՙ իսպառ ջնջելով հայերի ավելի քան 2500 տարվա ներկայությունը իրենց պատմական հայրենիքում:
2) 1915 թվի մայիսի 24-ին դաշնակից պետություններըՙ Անգլիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, համատեղ հաղորդագրություն հրապարակեցինՙ առաջին անգամ հստակորեն դատապարտելով մեկ ուրիշ կառավարությանը «մարդկության դեմ գործած ոճրագործության» համար:
3) Համատեղ հայտարարության մեջ ասված էր. «Դաշնակից պետությունները հրապարակայնորեն հայտարարում են Բարձր Դռանը, որ նրանք անձնական պատասխանատվության են ենթարկելու այդ ոճիրների համար Օսմանյան կառավարության բոլոր անդամներին, եւ նրանց գործակալներին, որոնք առնչվում են այդ կոտորածներին:
4) Համաշխարհային Ա պատերազմից հետո թուրքական կառավարությունը մեղադրանք ներկայացրեց գլխավոր առաջնորդներին, որոնք ներառված էին «Հայոց ցեղասպանությունը կազմակերպելու եւ իրագործելու», ինչպես նաեւ «հայերի ոչնչացման եւ կոտորածների» գործում:
5) Ռազմադաշտային դատարանի մի շարք նիստերում երիտթուրքերի վարչության պատասխանատու անձնավորությունները դատվեցին եւ մեղադրվեցին հայ ժողովրդի դեմ կոտորածներ կազմակերպելու եւ դրանք գործադրելու մեջ:
6) Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներՙ ռազմական նախարար Էնվերը, ներքին գործերի նախարար Թալեաթն ու նավատորմային ուժերի նախարար Ջեմալը մահվան դատապարտվեցին իրենց ոճրագործությունների համար, սակայն այդ դատավճիռները չգործադրվեցին:
7) Հայոց ցեղասպանությունը եւ դատական այս ներքին թերությունները փաստագրված են բազմաթիվ վկայություններով Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Մ. Նահանգների, Վատիկանի եւ շատ այլ երկրների արխիվներում, եւ դրանք բոլորն էլ հաստատում են միեւնույն փաստերը, միեւնույն իրադարձությունները եւ միեւնույն հետեւանքները:
8) Մ. Նահանգների Ազգային արխիվներն ու Արձանագրությունների վարչությունը պահպանել են բազում մանրամասն վկայություններ հայերի ցեղասպանության վերաբերյալ: Դրանք հատկապես առկա են պետքարտուղարության «Արձանագրությունների թիվ 59 խմբաքանակում» 867.00 եւ 867.40 թղթապանակներում, որոնք բաց են եւ հասանելի լայն հասարակությանն ու շահագրգիռ կազմակերպությունների առաջ:
9) Հարգարժան Հենրի Մորգենթաունՙ Մ. Նահանգների դեսպանը Օսմանյան Կայսրությունում 1913-1916 թթ., մի շարք (այդ թվում նաեւ Օսմանյան Կայսրության դաշնակից) երկրների ղեկավարների հետ բողոքի ակցիաներ է կազմակերպելՙ դատապարտելով հայերի ցեղասպանությունը:
10) Դեսպան Մորգենթաուն պետքարտուղարությանը ուղղած նամակներում հստակ նկարագրել է Օսմանյան Կայսրության կառավարության քաղաքականությունըՙ ներկայացնելով այն որպես մի ամբողջ «ցեղի ոչնչացման արշավ: 1915 թվի հուլիսի 16-ին Մ. Նահանգների պետքարտուղար Ռոբերտ Լանսինգը նրան պատասխանել է, որ «պետքարտուղարությունը համամիտ է հայերի հետապնդումներին վերջ տալու ձեր գործընթացին»:
11) Սենատի 1916 թվի փետրվարի 12-ի որոշմամբ «Մ. Նահանգների նախագահին կոչ է արվում տարվա մեջ մեկ օր նշանակել, որպեսզի այս երկրի քաղաքացիները կարողանան իրենց կարեկցանքը արտահայտել նյութական հանգանակություններ անելով, որոնք պետք է ուղղվեն սովի, հիվանդությունների եւ անասելի տառապանքների ենթարկված հայերին օգնելուն»:
12) Նախագահ Վուդրո Վիլսոնը համամիտ էր եւ խրախուսեց «Նիըր իսթ Ռիլիֆ» (Մերձավոր Արեւելքի օգնության) կազմակերպության ստեղծումը, Կոնգրեսի որոշմամբ, որը հատկացրեց մոտ 116 մլն դոլար 1915-1930 թվականը, օգնելու համար Ցեղասպանությունից մազապուրծներին, որոնց թվում էին 132 հազար որբեր, որոնք դարձան ամերիկյան ժողովրդի հոգեզավակները:
13) 1920 թվի մայիսի 11-ի Սենատի թիվ 359 որոշումը մասամբ նշում է, որ «Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ենթահանձնախմբի լսումների ժամանակ ձեռք բերված վկայությունները հստակորեն հաստատում են հաղորդված կոտորածներն ու մյուս դաժանությունները, որոնց ենթարկվել է հայ ժողովուրդը»:
14) Որոշումը հետեւեց 1920 թվի ապրիլի 13-ին «Ամերիկայի զինվորական առաքելությունը Հայաստանին գեներալ Ջեյմս Հարբորդի առաջնորդությամբ» զեկուցումը ուղղված Սենատին, որտեղ ասված էր, որ «խեղումները, բռնությունը, տանջանքներն ու մահը մղձավանջային հիշողություններ են թողել հարյուրավոր հայկական գեղեցիկ հովիտներում, եւ անցորդն այդ վայրերում հազվադեպ է կարողանում անտարբեր մնալ բոլոր ժամանակների այս ամենակոթողային ոճրագործության ապացույցները տեսնելիս»:
15) Ինչպես ներկայացված է Մ. Նահանգների Հոլոքոսթի հուշաթանգարանում, Ադոլֆ Հիտլերը 1939-ին Լեհաստանի վրա հարձակվելու հրաման տալով իր զինվորականներին, հակադարձելով առարկություններին ասել է. «Ո՞վ է, ի վերջո, այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»: Դրանով նա նախապատրաստեց Հոլոքոսթը:
16) Ռաֆայել Լեմկինը, ով հորինեց «Ցեղասպանություն» եզրը 1944-ին եւ ով «ցեղասպանությունը կանխարգելելու եւ պատժելու Միավորված ազգերի կոնվենցիայի» առաջին կողմնակիցներից էր, հայերի պարագան 20-րդ դարի ցեղասպանության դիպուկ օրինակ էր համարում:
17) Լեմկինի պահանջով 1946 թվի դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի ընդունած առաջին որոշումը ցեղասպանության վերաբերյալ (N 96 (1)) եւ «Ցեղասպանությունը կանխարգելելու եւ պատժելու Միավորված ազգերի կոնվենցիան» ճանաչում են հայերի ցեղասպանությունը որպես ոճրագործություն այն տեսակը, որը ՄԱԿ-ը նպատակ ունի կանխարգելելու եւ պատժելու հրահրողներինՙ գոյություն ունեցող ստանդարտները համակարգելով:
18) 1948-ին ՄԱԿ-ի «Պատերազմի ոճրագործությունները հետաքննող հանձնախումբը» Հայոց ցեղասպանությունը բնորոշեց որպես «գործողությունների տեսակներից մեկը», որը համապատասխանում է ներկայումս օգտագործված «մարդկության հանդեպ իրագործված ոճրագործություն» եզրին, որպես նյուրնբերգյան դատավարությանը նախորդող քայլ:
19) Հանձնաժողովը նշել է, որ «Սեւրի խաղաղության պայմանագրի 230 հոդվածի դրույթներն ակնհայտորեն ուղղված են բնութագրելու, 1915-իՙ դաշնակիցների նոտայի համաձայն... հանցագործությունները, որ տեղի են ունեցել Թուրքիայի տարածքում ընդդեմ Թուրքիայի ազգությամբ հայ եւ հույն քաղաքացիների: Այդ հոդվածը այդուհետեւ նախադեպ է սահմանում Նյուրնբերգյան եւ Տոկիոյի խարտիաների 6c եւ 5c հոդվածների համար եւ օրինակ է «մարդկության դեմ հանցագործությունների» այնպես, ինչպես դա հասկացվում է իրավական փաստաթղթերում»:
20) 1975-ի ապրիլի 8-ին Պալատի համատեղ ընդունված թիվ 148 բանաձեւով որոշվել է. «Որ 1975-ի ապրիլի 24-ն հայտարարվում է որպես «Մարդու հանդեպ մարդու դաժանության հիշատակի ազգային օր», եւ Միացյալ Նահանգների նախագահը լիազորվում է, ու նաեւ նրանից պահանջվում է հռչակագրով Միացյալ Նահանգների ժողովրդին կոչ անելՙ այդ օրը դիտարկելու որպես ցեղասպանության, հատկապես հայկական ծագմամբ բոլոր զոհերի հիշատակի օր»:
21) Նախագահ Ռոնալդ Ռեյգանը թիվ 4838 հայտարարության մեջՙ 1981 թ. ապրիլի 22-ին, մասնավորապես նշել է. «Հոլոքոսթի դասերը երբեք չպետք է մոռացվեն, լինի դա հայերի ցեղասպանությունըՙ մինչ այդ, կամ կամբոջացիների ցեղասպանությունը եւ շատ ուրիշների հետապնդումները ուրիշ ժողովուրդների պարագայում»:
22) 1984-ի սեպտեմբերի 10-ին Պալատի համատեղ ընդունված թիվ 247 բանաձեւով որոշվել է, որ 1985-ի ապրիլի 24-ը հայտարարվում է որպես «Մարդու հանդեպ մարդու դաժանության հիշատակի ազգային օր», եւ Միացյալ Նահանգների նախագահը լիազորվում է ու նաեւ նրանից պահանջվում է հռչակագրով Միացյալ Նահանգների ժողովրդին կոչ անելՙ այդ օրը դիտարկել ողպես ցեղասպանության, հատկապես հայկական ծագմամբ մեկուկես միլիոն զոհերի հիշատակի օր»:
23) 1985-ի օգոստոսին լուրջ ուսումնասիրությունից եւ խորհրդակցությունից հետո Միացյալ ազգերի կազմակերպության փոքրամասնությունների պաշտպանության եւ խտրականության կանխարգելման ենթահանձնաժողովը 14-ը 1-ի դեմ քվեարկեցՙ ընդունելով մի զեկույց «Ցեղասպանության հանցագործության պատժի եւ դրա կանխարգելման հարցի ուսումնասիրություն» վերտառությամբ, որը հայտարարում է. «Նացիստական տկարամտությունը, դժբախտաբար, 20-րդ դարում ցեղասպանության միակ դեպքը չէ: Մյուս օրինակների թվում, որ կարող են այդպես որակվել... 1915-16 թթ. հայերի կոտորածն էր Օսմանյան կայսրությունում»:
24) Այս զեկույցում նշվում է նաեւ. «Անկախ պաշտոնական անձանց եւ ականատեսների վստահելի գնահատականներով, նվազագույնը 1 միլիոն եւ, հնարավոր է, հայ բնակչության կեսից ավելին սպանվել կամ տանջամահ են արվել: Սա փաստացի հիմնավորվել է Միացյալ Նահանգների, Գերմանիայի եւ Բրիտանիայի արխիվների եւ այդ ժամանակ Օսմանյան Կայսրությունում եղած դիվանագետների, այդ թվում դաշնակից Գերմանիայի դիվանագետների զեկույցներով»:
25) Միացյալ Նահանգների Հոլոքոսթի թանգարանի խորհուրդը, որպես դաշնային անկախ գործակալություն, 1981-ի ապրիլի 30-ին միաձայն որոշեց թանգարանի նյութերում ներառել նաեւ հայերի ցեղասպանությանն առնչվող նյութեր, ինչն արվեց հետագայում:
26) Դիտարկելով ԱՄՆ պետքարտուղարության 1982-ին հայտարարության աղավաղումն այն մասին, թե հայերի ցեղասպանության փաստերը կարող են անորոշ լինել, Կոլումբիայի դաշնային շրջանի Վերաքննիչ դատարանն ԱՄՆ արտաքին քաղաքականության փաստաթղթերի վերլուծությունից հետո 1993-ին վճռեց, որ հայերի ցեղասպանության ԱՄՆ փաստաթղթերի անորոշության մասին պնդումը «հակասում է ԱՄՆ երկարաժամկետ քաղաքականությանը եւ վերջ ի վերջո չեղյալ է հայտարարվել»:
27) 1996-ի հունիսի 5-ին Ներկայացուցիչների պալատը թիվ 3540 օրենքի լրացում կատարեց պակասեցնելու Թուրքիային հատկացվող օգնությունը 3 մլն դոլարով (Միացյալ Նահանգներում լոբբիինգի համար Թուրքիայի վճարումների գնահատում), մինչեւ թուրքական կառավարությունը կճանաչի Հայոց ցեղասպանությունն ու քայլեր կձեռնարկի հարգելու ցեղասպանության զոհերի հիշատակը:
28) Նախագահ Ուիլյամ Ջեֆերսոն Քլինթոնը 1998-ի ապրիլի 24-ին հայտարարել է. «Այս տարի, ինչպես եւ անցյալում, մենք ազգովին միանում ենք ծագումով հայ ամերիկացիներին, այս դարի պատմության ամենատխուր էջերից մեկիՙ 1915-23 թթ. Օսմանյան Կայսրությունում միլիոնուկես հայերի արտաքսումների ու կոտորածի հիշատակի առնչությամբ»:
29) Նախագահ Ջորջ Բուշը 2004 թ. ապրիլի 24-ին հայտարարեց. «Այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկի հիշատակին, Օսմանյան կայսրության ավարտին մեկուկես միլիոնից ավելի հայերի ոչնչացմանըՙ բռնի տեղահանմամբ ու սպանություններով»:
30) Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու հաստատմանը, ցեղասպանության համար պատասխանատուներին պատժելու հարցում տեղական եւ միջազգային իշխանությունների ձախողումը պատճառ էր եւ է, որ նմանատիպ ցեղասպանություններ տեղի ունեցան եւ կարող են լինել ապագայում, ու դրա համար հենց բանաձեւը կարող է օգնելՙ կանխելու ապագա ցեղասպանությունները:
Քաղաքականության հռչակագիր
Ներկայացուցիչների պալատը
1. Կոչ է անում Նախագահինՙ ապահովել, որ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը արտացոլի մարդու իրավունքներին, էթնիկ զտումներին եւ Հայոց ցեղասպանության առնչությամբ Միացյալ Նահանգների զեկույցով փաստված ցեղասպանությանը վերաբերող հարցերի եւ արդար բանաձեւի ընդունման ձախողման հետեւանքների պատշաճ ըմբռնումն ու զգայունությունը:
2. Կոչ է անում Նախագահինՙ Հայոց ցեղասպանության հիշատակի տարեկան ուղերձում մեկուկես միլիոն հայերի պարբերական եւ կանխամտածված բնաջնջումը որակել որպես ցեղասպանություն եւ վերհիշել Միացյալ Նահանգներիՙ Հայոց ցեղասպանությանը հակազդելու հպարտ պատմությունը:
|
...
|