Join Date: Oct 2007
Location: germany
Rep Power: 29
|
Re: Հոկտեմբերի 27ին 1999 պառլամենտի գնդակահարությունը Октябрь 27 1999 October 27 1999 shooting in Armenian Parlament
Իժո-ն և մնացածը, որոնք անմեղ մնացին կուլիսների հետևում...իսկ թե ով է Իժոն , ծանոթացեք´´
«Հոկտեմբերի 27»-ի քրգործի նյութերում բազմաթիվ են վկայությունները, ըստ որոնց ՀՀ խորհրդարան ներխուժած ահաբեկիչները կառավարության եւ Ազգային ժողովի ղեկավարության սպանդից հետո առաջիններից մեկն, ում զանգահարել են աջակցություն ստանալու ակնկալիքով, եղել է ԼՂՀ բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Նաիրի Հունանյանը նրա հետ կապվելու համար ԱԺ նիստերի դահլիճում դիմել էր այն ժամանակ պատգամավոր Հայկ Բաբուխանյանին: Ըստ քրգործում եղած նյութերի, ավելի ուշ Ն. Հունանյանը ցուցմունք էր տվել, թե մեկ այլ պատգամավորի՝ Մուշեղ Մովսիսյանի միջոցով Ս. Բաբայանը կանխավ խրախուսել էր ահաբեկչությունն ու անգամ դա հաստատել նույն Մ. Մովսիսյանի միջոցով իրեն փոխանցված երկտողով: Սակայն «27»-ի գործի նախաքննությունը վարող քննչական խումբը Ս. Բաբայանին հարցաքննել էր միայն 2000թ, հունիսի 1-ին, երբ մի կողմից ինքը` Ս. Բաբայանն արդեն կալանավորված էր ու մեղադրվում էր ԼՂՀ նախագահի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ, մյուս կողմից` արդեն ակնհայտ էր «27»-ի քրգործի ելքը: Հիշեցնենք, որ մինչեւ 2000թ. հունիսն արդեն ազատ էր արձակվել «27»-ի քրգործով ահաբեկչության կազմակերպման կամ դրդելու մեջ որպես մեղադրյալներ ներգրավված մի քանի մարդ` Ալեքսան Հարությունյանը, Հարություն Հարությունյանը, Մուշեղ Մովսիսյանը, Նաիրի Բադալյանը:
Սամվել Բաբայանի տված ցուցմունքներն ինքնին շատ հետաքրքիր են, ուստի հարկ ենք համարում դրանք մեր ընթերցողին ներկայացնել ամբողջությամբ եւ ռուսերենից կատարված թարգմանությամբ:
Քննիչ - Դուք ծանո՞թ եք ՀՀ ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանի հետ: Եթե ծանոթ եք, ապա երբվանի՞ց, ե՞րբ ու ինչքան հաճախ եք հանդիպել նրան, ինչի՞ մասին եք խոսել, որտե՞ղ եք հանդիպել:
Ս. Բաբայան - Մուշեղ Մովսիսյանի հետ ծանոթացել եմ 1998-ին, «Շմայսի» տանը, կոնկրետ ամսաթիվը չեմ հիշում: Շմայսի հետ ընկերական հարաբերությունների մեջ էի ու հրավիրված էի նրանց տուն ճաշի, որտեղ եւ առաջին անգամ հանդիպել եմ Շմայսի եղբայրների, այդ թվում եւ Մուշեղի հետ: Կոնկրետ ինչի մասին ենք խոսել, չեմ հիշում, չեմ կարող ասել, թե խոսակցությունը սովորական էր` կենցաղային թեմաներով: Երկրորդ ու վերջին անգամ Մուշեղ Մովսիսյանին հանդիպել եմ 1999-ի ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին Երեւանում, «Արցախ» կոմիտեում: Նա եկել էր իր եղբոր` Շմայսի ու «Ճոյտ» մականունով Հակոբի հետ: Մենք խոսել ենք առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին: Մուշեղն ու Ճոյտը Էջմիածնի տեղամասերում պատգամավորական թեկնածուներ էին, եւ ես աջակցություն խոստացա նրանց ի օգուտ «Իրավունք եւ Միաբանություն» կուսակցության: Դրանից հետո ես Մուշեղի հետ չեմ հանդիպել, սակայն 2 հեռախոսային խոսակցություն եմ ունեցել նրա հետ, 1999թ. ամռանը Շմայսի ձերբակալումից 2 օր անց, երբ զանգահարեց Մուշեղն ու խնդրեց միջնորդել ղեկավարությանը Շմայսին ազատելու հարցում: Բայց ես 2 անգամ էլ մերժել եմ նրան, բացատրելով, որ իմ միջնորդությունը Շմայսին չի օգնի:
Շմայսի հետ ես ծանոթ եմ 1991-92 թվականներից՝ կապված ԼՂՀ պաշտպանության ժամանակ ռազմական գործողություններին նրա մասնակցության հետ եւ մեր մեջ հաստատվել են ընկերական մտերմիկ հարաբերություններ: Շմայսին ես հանդիպել եմ ամեն անգամ, երբ եկել եմ Հայաստան:
Քննիչ - Դուք մականուն ունեցե՞լ եք: Եթե այո, ապա ինչպիսի՞:
Ս. Բաբայան - Մանկությունից իմ մականունը «Իժո» է, որը սակայն ոչ ոք իմ դիմաց չէր ասում, քանի որ այն ինձ դուր չէր գալիս:
Քննիչ - Ձեզ հետ զրույցներում Շմայսը կամ Մուշեղ Մովսիսյանը ինչպե՞ են արտահայտվել Վազգեն Սարգսյանի մասին:
Ս. Բաբայան - Մուշեղն ինձ հետ Վ. Սարգսյանի մասին երբեք չի խոսել, իսկ Շմայսը իմ ներկայությամբ Վ. Սարգսյանի մասին միայն դրական է արտահայտվել:
Քննիչ - Ձեր ցուցմունքների համաձայն, Դուք մոտ հարաբերություններ չեք ունեցել Մուշեղ Մովսիսյանի հետ: Դուք նրան նվիրե՞լ եք զենք, ատրճանակ, թե ոչ: Եթե նվիրել եք, ապա ինչու:
Ս. Բաբայան - Կոնկրետ Մուշեղ Մովսիսյանին ես զենք չեմ նվիրել: ՀՀ ՊՆ-ից ինձ է ներկայացվել ցուցակ, որը ես ստորագրել եմ ու որի համաձայն ատրճանակներ են դուրս գրվել:
Քննիչ - Ի՞նչ հարաբերությունների մեջ եք եղել Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի, Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Արմենակ Արմենակյանի, Լեոնարդ Պետրոսյանի, Հենրիկ Աբրահամյանի, Միքայել Քոթանյանի հետ:
Ս. Բաբայան - Վազգեն Սարգսյանի հետ իմ հարաբերությունները եղել են եւ պաշտոնական, եւ ընկերական: Վերը թվարկված անձանցից ես մեկ անգամ հանդիպել եմ նաեւ Կարեն Դեմիրճյանի հետ 1999թ. ամռանը` վերջինիս նախաձեռնությամբ: Ես եկել եմ նրա մոտ «Հայէլեկտրո» գործարան եւ իմ հետ զրույցում Կարեն Դեմիրճյանը հետաքրքրվել է իմ քաղաքական հայացքներով ու աշխարհայացքով: Երկու անգամ ես հանդիպել եմ Արմենակի հետ, երբ նրանք եկել են Ղարաբաղ: Ես ծանոթ եմ նաեւ Լեոնարդ Պետրոսյանին: Նա եղել է ԼՂՀ վարչապետը: 1998թ. վերջից իմ հարաբերությունները Վազգեն Սարգսյանի հետ սկսեցին վատանալ, այսինքն, աշխատանքի բերումով սկսեցինք իրար չհասկանալ: 1999թ. հոկտեմբերին, իմանալով, որ մեր հարաբերությունները Վ. Սարգսյանի հետ այնքան էլ լավ չեն, ԼՂՀ ՊԲ գնդապետներ Նելսոն Սողոմոնյանը, Վարդան Բալայանը եւ Սամվել Կարապետյանը Վ. Սարգսյանի հետ խոսել են մեր հարաբերությունները լավացնելու ցանկության մասին: Խոսք է գնացել Վազգեն Սարգսյանի կասկածների մասին, թե ես ինչ-որ կերպ առնչվում եմ Վ. Խորխոռունու սպանությանը: Գնդապետները բացատրել են Վ. Սարգսյանին, որ ես որեւէ առնչություն չունեմ դրա հետ: Պայմանավորվել են, որ 10-15 օրից ես պետք է հանդիպեի Վ. Սարգսյանին, բայց 27.10.1999թ. դեպքի պատճառով մեր հանդիպումը չկայացավ: Հարցում նշված մյուս անձանց ես անձամբ չեմ ճանաչում: Նրանց հետ, ում անձամբ ճանաչում եմ, որեւէ անբարյացակամ հարաբերություններ չեմ ունեցել:
Քննիչ - Դուք ծանո՞թ եք Ժիրայր Սեֆիլյանին:
Ս. Բաբայան - Ժիրայրը «Դաշնակցություն» կուսակցության անդամ է եղել: ԼՂՀ-ում ռազմական գործողությունների ժամանակ գումարտակի հրամանատար է եղել եւ դրա հետ կապված ծանոթ ենք եղել: Մեր հարաբերությունները նորմալ են եղել, ավելի շուտ` պաշտոնական, քան ընկերական: Ռազմական գործողությունների ավարտից հետո նա գնացել է արտասահման: 1997-ին կամ 1998թ. սկզբին նա վերադարձել է եւ նշանակվել 6-րդ պաշտպանական շրջանի հրամանատար: Դրանից մոտ 6 ամիս անց նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից ու թողնվել կադրերի տրամադրության տակ:
Քննիչ - Դուք ծանո՞թ եք Հայկ Բաբուխանյանին: Եթե այո, ապա ի՞նչ հարաբերությունների մեջ եք եղել նրա հետ:
Ս. Բաբայան - Նրա հետ ես ծանոթացել եմ 1999թ. սկզբին, կապված 2 կուսակցությունների միավորմամբ «Իրավունք եւ Միաբանություն» կուսակցության ստեղծման հետ, որին ես մասնակցել եմ: Նրա հետ մոտ կամ ընկերական հարաբերությունների մեջ ես երբեք չեմ եղել:
Քննիչ - Ե՞րբ եւ ի՞նչ պայմաններում Դուք իմացաք ՀՀ ԱԺ-ում 27.10.1999թ. դեպքերի մասին:
Ս. Բաբայան - Այդ ժամանակ ԼՂՀ ՊԲ-ում ՀՀ ՊՆ ներկայացուցիչների կողմից ստուգումներ էին իրականացվում եւ Ստեփանակերտում էր գտնվում ՀՀ ԶՈւ Գլխավոր Շտաբի պետ գեներալ Մ. Հարությունյանը: 27.10.1999թ. երեկոյան մոտ ժամը 18-19-ին Երեւանից ինձ զանգահարեց մի գնդապետ, որի ազգանունը չեմ հիշում: Որքան հիշում եմ նա ներկայացավ ՀՀ ՊՆ «ԳՈՄՈՒ» բաժնի պետ: Նա խնդրեց գեներալ Մ. Հարությունյանին: Այդ ժամանակ վերջինս գտնվում էր ԼՂՀ նախագահի մոտ: Ես հարցրի՝ նա շտա՞պ է հարկավոր: Գնդապետը պատասխանեց, որ ՀՀ Խորհրդարանում կրակոցներ են եւ այնտեղ մարդկանց պատանդ են պահում:
Ուրիշ ոչինչ նա չհաղորդեց: Ես խոստացա, որ կգտնեմ գեներալին ու կհաղորդեմ զանգի մասին: Անմիջապես հետո ես զանգահարեցի ԼՂՀ նախագահի աշխատակազմ ու գեներալ Հարությունյանին հայտնեցի գնդապետի զանգի ու նրա՝ ետ զանգելու խնդրանքի մասին: Գեներալն ասաց, որ արդեն տեղյակ է եւ եկավ ինձ մոտ` ԼՂՀ ՊԲ Շտաբ: Իմ սենյակից նա սկսեց զանգահարել, որպեսզի տեղի ունեցածի մասին տեղեկատվություն ստանա: Այդ զանգերից հետո, գնդապետի զանգից մոտ կես ժամ անց, գեներալ Մ. Հարությունյանը ինձ հրամայեց Բանակը բերել 1-ին կարգի ռազմական պատրաստության եւ հայտարարել զորանոցային դրություն, ինչը ես արեցի: Գնդապետի զանգից մոտ 1 ժամ անց ինձ զանգահարեց Ժիրայրը Երեւանից: Ինչ հեռախոսից էր զանգահարում, ես չգիտեմ, քանի որ ինձ նրա հետ միացրեց իմ 3 օգնականներից մեկը, որքան հիշում եմ Գառնիկը: Ժիրայրն ասաց, որ ՀՀ Խորհրդարանը գրավված է ինչ-որ խմբի կողմից, որի ղեկավարներին ինքը ճանաչում է: Ժիրայրն ասաց, որ այդ մարդիկ ինձ վստահում են եւ ուզում են, որ բանակցությունները իրենց հետ վարեմ ես: Ես հայհոյանքներ տեղացի նրանց հասցեին, ասացի, որ ես ոչ մի կապ չունեմ նրանց հետ ու խնդրեցի Ժիրայրին հաղորդել այդ բոլորը ՀՀ նախագահի աշխատակազմ, ԱԱՆ, ՆԳՆ: Այդ խոսակցության ժամանակ իմ սենյակում ներկա էին 5-6 հոգի` գեներալ Մ.Հարությունյանը, գնդապետներ Մովսես Հակոբյանը, Սամվել Կարապետյանը, մնացածին չեմ հիշում: Որքան հիշում եմ, իմ հեռախոսային խոսակցությունից հետո ես այդ մասին հայտնել եմ ներկաներին: Դրանից մոտ 15 րոպե անց ԼՂՀ նախագահի աշխատակազմից ինձ զանգահարեց Սեյրան Օհանյանը կամ Վիտալի Բալասանյանը եւ խնդրեց Ժիրայրի հեռախոսահամարը: Որքան հիշում եմ, ես Ս. Օհանյանին ասացի, որ Ժիրայրն է ինձ զանգահարել ու իմ օգնականին հանձնարարեցի գտնել Ժիրայրի համարն ու հայտնել Ս. Օհանյանին, ինչն իմ օգնականն արեց:
Մոտավորապես 23-24 ժամից հայտնի դարձավ, որ Վ. Սարգսյանը զոհվել է, եւ ես նրա հանդեպ իմ ընկերական պարտքը համարեցի գնալ Երեւան: Այդ ընթացքում Երեւանից զանգահարեց գեներալ Ալիկ Պետրոսյանը եւ հրահանգեց պահակակետեր դնել Հայաստան մտնող քաղաքներում, Շուշիի մոտ եւ վերահսկել «Դաշնակցություն» կուսացության ներկայացուցիչների ու զինված մարդկանց տեղաշարժը: Ես հայտնեցի Երեւան գալու իմ ցանկության մասին, սակայն Ա. Պետրոսյանն ինձ արգելեց, ասելով, որ գեներալ Մ. Հարությունյանը նույնպես թող մնա Ստեփանակերտում մինչեւ ՀՀ պաշտպանության նախարարի նոր կարգադրությունը:
Քննիչ - Դուք ծանո՞թ եք Զոյա Շաքարյանին: Նա Ձեզ հետ խոսե՞լ է Նաիրի Հունանյանի մասին:
Ս. Բաբայան - Այո, ես նրան ճանաչում եմ: 90-ականների սկզբին նա «Դաշնակցություն» կուսակցության ակտիվ ղեկավարներից էր, բայց այդ ժամանակ ես նրա հետ չեմ հանդիպել, գիտեի նրան հեռակա: Երբ Վազգեն Մանուկյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար, նա նախարարի օգնականն էր եւ ես առաջին անգամ Զոյային տեսել ու ծանոթացել եմ հենց այդ ժամանակ, Վ. Մանուկյանի ընդունարանում: 1999թ. նախընտրական քարոզարշավի ժամանակ ու դրանից հետո ես մի քանի անգամ եղել եմ Զ. Շաքարյանի տանը` Երեւանում: Նրա հետ խոսել ենք ընդհանուր թեմաներով: Նաիրի Հունանյանի մասին ո՛չ նա, ո՛չ մեկ ուրիշը երբեք ինձ հետ չի խոսել: Այդ անունը ես առաջին անգամ լսել եմ 1999թ. հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո:
Քննիչ - Ինչպես կարող եք բացատրել, որ Ձեր «Իժո» մականունը ծանոթ է Նաիրի Հունանյանին ու նա ներառել է այն իր ցուցակում:
Ս. Բաբայան - Դա ինձ համար հանելուկ է եւ ես չեմ կարող ասել, թե որտեղից նա գիտի իմ մականունը:
Քննիչ - Դուք երբեւէ ուղարկե՞լ եք Մուշեղ Մովսիսյանին կամ նրա եղբայրներից որեւէ մեկին նամակ կամ տպագիր գրություն:
ՊԱՏԱՍԽԱՆ - Ոչ, երբեք նման բան չի եղել:
Քննիչ - Վ. Սարգսյանի հետ միասին Դուք մասնակցել եւ Ձեր ուժերի ներածին չափ ներդրում եք ունեցել ռազմական ու քաղաքական կյանքում: Ո՞վ, ըստ Ձեզ կարող էր կազմակերպել 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, ո՞վ կարող էր այդ հանցագործության դրդողը լինել:
ՊԱՏԱՍԽԱՆ - Ես չեմ կարող ասել, թե կոնկրետ ո՞վ կարող էր կազմակերպել կամ դրդել այդ հանցագործության կատարմանը: Այն բացասական վերաբերմունքը Վ. Սարգսյանի անձի նկատմաբ, որ ստեղծվում էր քաղաքական գործիչների կողմից նրա կյանքի վերջին տարվա ընթացքում, կարող էր դրդել հանցագործներին նման հանցագործության:
Քննիչ - Որտե՞ղ եւ ի՞նչ բջջային հեռախոսներից եք Դուք օգտվել: Ասացեք այդ համարներն ու դրանց տերերին:
Ս. Բաբայան - Համարները ես չեմ հիշում: Ես ունեցել եմ 2 կամ 3 բջջային հեռախոս: Մեկն իմ մոտ է, մյուսը իմ վարորդ Գարիկ Խաչատրյանի, իսկ 3-րդը` կնոջս: Չգիտեմ ում անունով են դրանք գրանցված: Հնարավոր է Գարիկը կկարողանա պատասխանել այդ հարցին:
Ձեր բանավոր հարցին, թե կա՞ն արդյոք իմ աշխատասենյակում հեռախոսներ, որոնք կապում են Երեւանի հետ, պատասխանում եմ, որ ԼՂՀ ՊԲ Շտաբի իմ աշխատասենյակում կա կառավարական հեռախոս 54-66 համարով, երեւանյան 28-65-45 համարով, ռազմական կապի ԶԱՍ հեռախոս եւ ՎՉ կապ: Տանը նույնպես ունեցել եմ երեւանյան հեռախոս 28-80-31 կամ 28-31-80 համարով: Հեռախոսը, որով զանգահարել է Ժիրայրը հոկտեմբերի 27-ին, եղել է կամ կառավարական 54-66, կամ երեւանյան 28-65-45 համարով:
|