Եվ...............՞
Այսօր վարչապետ Քոչարյանի քրեական կառավարության երկու նոր մականունավոր դեմքերի` Շմայսի եւ Բուռնաշի նշանակման հերթն է:
Վարչապետ Քոչարյանի նոր կառավարությունը-5
"Հրապարակը" շարունակում է ներկայացնել Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան կրիմինալ զույգի նոր "կառավարության"` Ռոբերտ Քոչարյանի ձեւավորելիք կաբինետը: Այսօր վարչապետ Քոչարյանի քրեական կառավարության երկու նոր մականունավոր դեմքերի` Շմայսի եւ Բուռնաշի նշանակման հերթն է:
Առաքել Մովսիսյան (Շմայս) - կրթության եւ գիտության նախարար: Ծնվել է 1966թ. Էջմիածնում, բայց 4 տարում ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը: Սա Շմայսի հեռու հաշվարկներից մեկն է եղել, որպեսզի հետագայում Հայաստանի իշխանական կլանում գոնե վասալի կոչում ստանա: Սկզբում ստացել է պաշտպանության նախարարության վերլուծական բաժնի ավագ սպայի կոչում, որից հետո որոշել է մշակել օրենքներ, քվեարկել, ակտիվ ելույթներ ունենալ Ազգային ժողովում ու դառնալ պատգամավոր: Շմայսը կրթության ոլորտում իրականացնում է ռադիկալ բարեփոխումներ, առաջնային պլան է մղում նախնական ռազմական պատրաստականություն եւ մարմնակրթություն մասնագիտությունը, բռցքամարտը դարձնում է պարտադիր առարկա` մտցնում առաջինից չորրորդ դասարաններ: Իսկ չորրորդից վերեւ բռնցքամարտ չեն անցնում այն պարզ պատճառով, որ դպրոցները դառնում են քառամյա: Շմայսի բարեփոխումների ծրագրով, որն իրականացվում է վարչապետ Ռոբերտ Քոչարյանի բարձր հովանու ներքո, չորս տարուց ավել դպրոց գնալը անիմաստ է եւ կյանքի լավագույն տարիների կորուստ: Դպրոցական պարտադիր առարկաների ցանկում են հայտնվում նաեւ տուռնիկը, բասկետբոլը, Ծաղկաձորի ճոպանուղին եւ դահուկը: Սպարտակ Սեյրանյանը նշանակվում է նախարարի լրատվականի պետ` նացիստական քարոզչության գծով, Լեւոն Մկրտչյանը նշանակվում է նախարարի տեղապահ, ընդունարանում ռեֆերենտ-օգնական են աշխատում "Շիկեր" խմբի բոլոր աղջիկները:
Աշոտ Աղաբաբյան (Բուռնաշ) - սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար: Չի ավարտել ֆիզկուլտուրայի ինստիտուտը, քանի որ Երքաղսովետի գործկոմի առեւտրի վարչության թիվ 3 եւ 6 սննդառի խանութների վարիչ աշխատելու համար տնտեսագետի դիպլոմ էր պետք: Սա նույնպես Քոչարյանի կրիմինալ կառավարության խոշոր բարեփոխիչի իմիջ է ձեռք բերում, քանի որ մեծ փոփոխություններ է մտցնում հատկապես ֆուտբոլի զարգացման ծրագրերում: Սեփականաշնորհում է հանրապետությունում պետական մնացած բոլոր մարզադաշտերը եւ վերածում քոչվորների գիշերային բազարի, իսկ ֆուտբոլիստների վրա տեղադրում հսկիչ-դրամարկղային մեքենա` ՀԴՄ: Այս սարքը հնարավորություն է ունենում չափել նաեւ սպորտսմենների օգտագործած նիկոտինի եւ նարկոտիկի քանակը, որով Բուռնաշը վերջապես կկարողանա ճիշտ հաշվապահություն վարել, իմանալ` միմյանց համապատասխանո՞ւմ են մարզիկների գնած եւ ծախսած թմրանյութերի ծավալները: Գործող նախարար Արմեն Գրիգորյանը նշանակվում է սուսերամարտի ազգային դպրոցի մարզիչ, հայկական սպորտի գերակա ուղղություններ են հռչակվում փողոցային ֆուտբոլը, բեյսբոլը եւ սեքսբոլը: Վերջինը քարոզվում է "Դար 21" ալիքով` էժանագին հոլովակների լայն սփռման շնորհիվ: Երիտասարդության հարցերով նախարարի տեղակալ է նշանակվում Գերասիմ Բարսեղյանը, ստեղծվում են նաեւ SPORT TV եւ OPERA TV հեռուստաալիքներ, որոնք ղեկավարում է Լիլիթ Կարապետյանը: "Օպերա" ակումբի բոլոր միջոցառումները սփռվում են ուղիղ եթերով, իսկ համերգների նախապատրաստական, հագնվելու, ադրենալինը բարձրացնելու անդրկուլիսյան կադրերով բացվում է "Զա ստեկլոմ Բուռնաշա" հաղորդաշար, որը կրկնօրինակում է ռուսական TV 6 ալիքով եթեր գնացած գրեթե նույնանուն նախագծին: "Հրազդան" մարզադաշտը ծածկվում է, խոտերը ասֆալտապատվում են, Գալուստ Սահակյանը նոր ավտոդրոմում մեքենա քշել է սովորեցնում երթուղային տաքսիների պատանի վարորդներին…