Հայկական հանցախմբի ձերբակալությունն ԱՄՆ-ում. 73 հոգանոց ցուցակում 3 կին կա
Հոկտեմբեր 14, 2010 | 22:34
ԱՄՆ դաշնային բյուրոն հրապարակել է ձերբակալված մաֆիոզ խմբավորման անդամների անունները, որոնք կասկածվում են առողջապահական ապահովագրությունների հետ կապված խոշոր խարդախության մեջ: Ձերբակալվածների անուններն են` Արմեն Ղազարյան, Ռոբերտ Թերջյան, Ալեքսանդր Ավետիսյան, Հրայր Բաղումյան, Պողոս Սաթամյան, Արթուր Եպիսկոպոսյան, Վահան Ստեփանյան, Վարուժ Ամրոյան, Հակոբ Պողոսյան, Կարեն Սիմոնյան, Վարդան Բոյզաջյան, Արթուր Մանասարյան, Գուրեն Միրմիրյան, Մանուկ Մուրադխանյան, Լիանա Սողոյան, Արմեն Գրիգորյան, Կարեն Մարկոսյան, Աննա Տեր-Մարտիրոսյան, Միխայիլ Դոբրուշին, Սամվել Հակոբյան, Ռաֆիկ Թերջանյան եւ այլք:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է NEWS.am-ը, մաֆիոզ խմբավորման ղեկավարը Արմեն Ղազարյանն է` «Պզո» մականունով: Լոս Անջելեսում ձերբակալվածներից առաջինը հենց ինքն էր:
«Օրենքով գող» Արմեն Ղազարյանը՝ «Պզո» մականունով, որին ձերբակալել են Լոս-Անջելեսում, առաջին «եվրասիական օրենքով գողն է», ում ձերբակալել են Միացյալ Նահանգներում այն պահից սկսած, երբ 1995-ին ԱՄՆ-ում ձերբակալվել էր Վյաչեսլավ Իվանկովը («Յապոնչիկ»): Նրան մեղադրանք է ներկայացվել ՌԻԿՈ օրենքի շրջանակներում` կազմակերպված հանցավոր գործունեություն իրականացնելու համար:
«Պզոյի» գործով հետաքննությունը ձգվել է մոտ մեկ տարի, մինչդեռ ամերիկյան դատախազության տվյալներով, հայկական մաֆիան ԱՄՆ-ում է հաստատվել 4 տարի առաջ: «Պզոյի» հետ Նյու Յորքում եւ Լոս-Անջելեսում ձերբակալվել են հանցավոր խմբավորման 40-ից ավելի անդամներ, որոնց մեծ մասը հայեր են:
Մանհեթենի դատախազ Փրիթ Բհարարայի խոսքով, խմբավորման ղեկավարները սերտ կապեր են ունեցել Հայաստանի հետ, պարբերաբար այցելել մեր երկիր եւ անշարժ գույք գնել ԱՄՆ-ում հանցավոր եղանակով ստացված գումարներով: Բհարարան այդ խմբավորումը համեմատել է դասական Cosa Nostra-ի հետ՝ հավելելով, որ ապօրինի եկամուտների ծավալով, աշխարհագրական ընդգրկմամբ եւ հավակնությունների մակարդակով իտալական դասական մաֆիան կարող է նախանձել հայկական խմբավորմանը: Բհարարան հրաժարվել է պատասխանել հարցին, թե, արդյոք, Հայաստանի կամ այլ երկրների իրավապահներն աջակցություն ցուցաբերե՞լ են ամերիկյան գործընկերներին` գործի քննության ընթացքում:
Իմ կարծիքով չափազանցումը շատ է այստեղ...