Armenian version...
ՈՒՄ Է ՊԵՏՔ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Երկու տարի առաջ ստեղծված Սփյուռքի հարցերի նախարարության գործունեությունն ուղեկցվում է հսկայածավալ միջոցառումներով` իրավաբանների, բժիշկների, ճարտարապետների, ոսկերիչների, լրագրողների համահայկական հավաքներ: Այս հավաքների վրա ծախսվում են հսկայական գումարներ, հնչում են հոգեցունց ճառեր, Հրանուշ Հակոբյանն իր գիրկն է առնում հյուրերին, եւ նրանք հեռանում են, մտածելով, թե ինչ լավ օրեր անցկացրին հայրենիքում: Հետո, արդեն տանը, հայերը սկսում են գնահատել, թե ինչ մնաց այդ հավաքներից հետո, ինչը կարելի է շոշափել, օգտվել: Պարզվում է` ոչինչ:
Այնինչ այդ հավաքներից կարելի էր սպասել կոնկրետ արդյունք: Ասենք, աշխարհի հայ բժիշկները հավաքվում եւ ասենք Գյումրիում կամ Արցախում բացում են հիվանդանոցներ աղքատների համար, առանց մաղարիչի ու կաշառքի, որտեղ բուժծառայությունն անվճար կլիներ:
Իրավաբանները կարող էին համահայկական ասոցիացիա ստեղծել, որը կարող էր աջակցել Հայաստանի քաղաքացիներին իրավապահների եւ դատարանների հետ հարաբերություններում:
Ստեփանակերտում անցաշ լրագրողների համահայկական հավաքին հայտարարվեց, թե հայկական տեղեկատվական դաշտի թույլ օղակն Արցախն է: Այդ մասին խոսվել է շատ եւ մտահոգությամբ, սակայն հավաքի կազմակերպիչների մտքով էլ չի անցել առաջարկել համատեղ ուժերով ստեղծել արցախյան որակյալ ինտերնետային պարբերական: Ղարաբաղի տեղեկատվական ոլորտը կարելի է որակել որպես ճչացող դատարկություն: Եւ այդ եռօրյա հավաքը գրոշի արժեք չունի, եթե նրանից հետո Ղարաբաղում մնացել են կոկա-կոլայի դատարկ շշեր:
Այս ամենից կարելի է եզրակացնել, որ կամ Հրանուշ Հակոբյանը չի կարող գնահատել իրական պահանջները եւ եւ ըստ այդմ կառուցել նախարարության գործունեությունը, կամ էլ պարզապես դրա մանդատը չունի: Չէ որ Հայաստանում կամ Ղարաբաղում որակյալ հիվանդանոց կամ ժամանակակից մեդիա ստեղծելը կզբաղեցնի այն տեղը, որը նախօրոք ինչ որ մեկն արդեն իրենով է արել: Պատկերացնո՞ւմ եք ինչ աղմուկ կբարձրացնի ասենք բժիշկների դասակարգը, եթե նրանց թանկ կլինիկաների կողքին հայտնվի անվճար ու որակյալ հիվանդանոց: Կամ որքան կտխրի Արցախի իշխանությունը, երբ նրա դիլետանտության մասին պարբերաբար գրի ազդեցիկ թերթը:
Եզրակացությունը մեկն է` Սփյուռքի նախարարությունը, անցկացնելով դատարկ ֆորումներ, հայ չինովնիկներին հուսալի պահպանում է սփյուռքից, թույլ չտալով նույնիսկ հայացք գցել իր վաղուց քվոտավորված ու բաժանված բոստանին: