Join Date: Oct 2007
Location: germany
Rep Power: 29
|
Re: Հոկտեմբերի 27ին 1999 պառլամենտի գնդակահարությունը Октябрь 27 1999 October 27 1999 shooting in Armenian Parlament
Սա էլ մեր խիչկոկի համար...
ՓԱՍՏԵՐ, ՈՐ ՇԱՏ ԲԱՆ ԵՆ ԱՍՈՒՄ
Հոկտեմբերի 27-ի գործով անցնող շատ կարեւոր վկա Տիգրան Նազարյանը, պարզվում է, հեչ էլ կարեւոր վկա չէ. համենայնդեպս, կարեւոր վկա չէ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի համար: Վերջինս հոկտեմբերի 27-ի խորհրդարանական հանձնաժողովին նամակ է գրել, որտեղ շատ պատասխանատու կերպով հայտարարում է, թե ինքը Տիգրան Նազարյանին հարցաքննելու անհրաժեշտությունը չի տեսնում: Մինչդեռ Տիգրան Նազարյանն այն քիչ թվով վկաներից է, որը գործից անջատված՝ կազմակերպիչների մասով կարող է լուրջ վկայություն տալ:
Ի դեպ, այն, որ Տիգրան Նազարյանի՝ ԱՄՆ-ում գտնվելու ժամկետը վաղուց լրացել է, սակայն վերջինս շարունակում է չվերադառնալ հայրենիք, հաստատել է ՀԱՀ տնօրեն Տիգրան Նաղդալյանն, ասելով, որ վերջինիս ԱՄՆ-ից չվերադառնալու համար ինքը որեւէ պատասխանատվություն չի կրում, եւ հաստատել է, որ Նազարյանի գործուղման ժամկետն իսկապես վերջացել է: Զարմանալի է, որ զինդատախազին Տիգրան Նազարյանը չի հետաքրքրում, մինչդեռ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը դատարանում նշեց, թե Նաիրի Հունանյանն ու Տիգրան Նազարյանը երկար ժամանակ դահլիճի ամբիոնի մոտ առանձնացած՝ զրուցում էին: Թերեւս, Գագիկ Ջհանգիրյանը լավ գիտի, թե վերջիններս, բացի երկուսի նախաքննական ցուցմունքներում գրվածից, է՛լ ինչի մասին էին զրուցում, պարզապես, 2000-ի մարտի 2-ից հետո, իրադրության փոփոխության պատճառով, նշյալ զրույցի կարեւոր մանրամասներն առայժմ, ստրատեգիական նկատառումներից ելնելով, հետաքրքրություն չեն ներկայացնում: Իհարկե, չի բացառվում, որ 2003-ին, Քոչարյանի չվերընտրվելու դեպքում, Տիգրան Նազարյանն անմիջապես խիստ կարեւոր վկա դառնա, որի հարցաքննությունը մեծապես կնպաստի հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների հայտնաբերմանը:
Այդուհանդերձ, պետք է նկատել, որ հոկտեմբերի 27-ից երեք տարի անց բավականին ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս, որոնք, ցավոք, բացարձակապես չեն հետաքրքրում կազմակերպիչների մասով՝ իբր շատ լուրջ քննություն տանող մարմնին: Մասնավորապես, հայտնի է, որ լուրջ կասկածներ կան, թե նիստերի դահլիճում կատարված տեսագրությունը մոնտաժվել է. պարզվել է նաեւ, որ դեպքից ուղիղ մեկ ամիս առաջ աշխատանքից ազատվել է կառավարության հետ հարցուպատասխանի ռեժիսորը, սակայն այդ փաստը եւս, գործից անջատված մասով քննություն տանողներին բոլորովին չհետաքրքրեց: Զինվորական դատախազին չի հետաքրքրում նաեւ մինչ օրս գործին չկցված՝ երկրորդ տեսախցիկով կատարված նկարահանումը, որը կատարել էր «02»-ի օպերատոր ոմն Նորիկ (լրագրող Մարիետա Մակարյանի որդին): Ի դեպ, եթե ՀԺԿ լրատվական ծառայության ղեկավար Ռուզան Խաչատրյանի հետ ներս մտած օպերատորն ուսանող էր եւ նկարահանելու փորձ չուներ, ապա այդ Նորիկը երկար տարիների պրոֆեսիոնալ էր: Մինչդեռ 27-ից հետո գործին կցվում է միայն ուսանողի նկարահանածը, իսկ երկրորդ տեսախցիկով կատարված նկարահանումն ընդհանրապես անհետանում է:
Բավականին ուշագրավ էր նաեւ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի դատական վկայությունը, որտեղ վերջինս նշեց, թե նկատել է, որ ահաբեկիչներից մեկը դիմահար է կրակել Լեոնարդ Պետրոսյանի վրա. կրակել հատուկ նշանառությամբ: Եվ այս փաստն էական է ոչ միայն այնքանով, որ ժխտում է ոճրագործների այն պնդումը, թե բացի Վազգեն Սարգսյանից, մնացածների մահը պատահականություն էր, այլեւ հաստատում է մի ուշագրավ փաստ եւս: Հայտնի է, որ Լեոնարդ Պետրոսյանը շատ վատ, թշնամական հարաբերությունների մեջ էր Սերժ Սարգսյանի հետ, որը չէին թաքցնում երկուսն էլ: Հայտնի է նաեւ, որ հոկտեմբերի 27-ից մեկ ամիս առաջ Լեոնարդ Պետրոսյանը Վազգեն Սարգսյանի սեղանին է դրել հաշվարկ, թե ամսական ինչքա՞ն «եկամուտ» ունի Սերժ Սարգսյանը. ըստ Լեոնարդ Պետրոսյանի արած հաշվարկի, Սերժ Սարգսյանի ամսական եկամուտը, մեղմ հաշվարկներով, կազմել է 2 միլիոն դոլար, որից Վազգեն Սարգսյանը պարզապես շոկի մեջ է ընկել: Հոկտեմբերի 27-ից մի քանի օր առաջ Լեոնարդ Պետրոսյանին հանդիպած անձանցից մեկը նշում է նաեւ, որ Սերժ Սարգսյանին տեղեկացրել են, որ նշյալ մանրամասն «հաշվարկը» վարչապետին է տրամադրել Լեոնարդ Պետրոսյանն, ու վերջիններիս միջեւ հերթական ընդհարումն է տեղի ունեցել: Իսկ նորանշանակ վարչապետ Վազգեն Սարգսյանն իսկապես կարող էր եւ չիմանալ, թե նախարարներից ո՞վ ինչքան է թալանում մեր ընդհանուր հայրենիքը, ուստի Լեոնարդ Պետրոսյանին, որպես իր համար վստահելի անձնավորության, հանձնարարել էր ներկայացնել նախարարական թալանների «ռեզյումեները»:
Ահա այս փաստը եւ այն, որ ոճրագործները Լեոնարդ Պետրոսյանին սպանել են ծրագրավորված, ինչպես նաեւ Լեոնարդ Պետրոսյանի կնոջ խոստովանությունը, թե իր ամուսինը հոկտեմբերի 27-ից մի քանի օր առաջ ասել է, թե իր կյանքը վտանգի տակ է՝ պետք է որ հետաքրքրեին կազմակերպիչներ փնտրող մարմնին, եթե վերջինս ինչ-որ բան փնտրելու եւ գտնելու մտադրություն ընդհանրապես ունի:
Ի դեպ, ուշադրության արժանի է նաեւ հոկտեմբերի 27-ի խորհրդարանական հանձնաժողովի որոշ անդամների այցը Կոշի գաղութ, որտեղ վերջիններս հանդիպել են հոկտեմբերի 27-ի գործով անցնող նախկին մի քանի ամբաստանյալների հետ տարբեր ժամանակներում նստած կալանավորների: Այսօր ոճրագործների հնգյակը շաբաթը մեկ նամակ է գրում ու հայտարարություն անում, թե իրենց սկզբնական ցուցմունքներն իրենք տվել են բռնությունների տակ, ուստի, ոմանց հարակից ապացույցներ են պետք, որ թե՛ նրանց, թե՛ արդեն ազատ արձակվածներին իսկապես խոշտանգել են: Իսկ եթե դա հաստատեին նաեւ վերջիններիս խցակիցները, ապա դա շատ ավելի ճշմարտանման կհնչեր: Բայց երբ հոկտեմբերի 27-ի խորհրդարանական հանձնաժողովի անդամները գնացել էին Կոշ՝ հանդիպելու Հարություն Հարությունյանի եւ Նաիրի Բադալյանի հետ նստած մի քանի կալանավորի, միայն նրանցից մեկն է հաստատել, թե Նաիրի Բադալյանի նկատմամբ բռնություն են գործադրել: Ու երբ պատգամավոր Խորեն Սարգսյանն ազգությամբ ռուս այդ կալանավորին հարցրել է, թե՝ քեզ ի՞նչ են խոստացել նման բան ասելու համար, վերջինս միամտորեն պատասխանել է, որ խոստացել են տեղափոխել Ռուսաստան:
Հուսով ենք, որ այս փաստը եւս, երբ (բնականաբար, իշխանությունների հրահանգով) կալանավայրերի պետերը ստիպում են կալանավորներին հաստատել, թե 27-ի գործով անցնողների նկատմամբ բռնություններ են եղել, դարձյալ չի հետաքրքրի գործը վարող մարմնին (թեկուզ՝ հենց այդ մարմինն է մեղադրվում բռնություններ իրականացնելու մեջ) եւ չեն փորձի պարզել, թե ի՞նչ եղավ ազգությամբ ռուս կալանավորը:
Այսպիսով, հոկտեմբերի 27-ի գործի դատավարության ակտիվ փուլն ավարտվում է. տուժողների մեծամասնությունը հրաժարվում է դատարանում վկայություն տալ, իսկ հոկտեմբերի 27-ի խորհրդարանական հանձնաժողովին, ըստ մեր ունեցած տեղեկության, իշխանություններն են հրահանգել այլեւս չերկարացնել գործունեության ժամկետը:
Շրջանը փակվում է, մինչդեռ բազմաթիվ փաստեր այդպես էլ մնում են անարձագանք:
Հայտնի է նաեւ, որ նախաքննությունը սկզբնական փուլում ձեռք էր բերել փաստեր, որոնք ապացուցում էին հոկտեմբերի 27-ի եւ Միրան Մովսիսյան-Մուշեղ Մովսիսյան-Սամվել Բաբայան առնչությունները: Հայտնի է նաեւ, որ Սամվել Բաբայանի ամենամտերիմը ղարաբաղյան կլանում Սերժ Սարգսյանն էր: Բայց երբ Խորխոռունու թաղման ժամանակ Սամվել Բաբայանը մոտենում է Վազգեն Սարգսյանի կողքին կանգնած Սերժ Սարգսյանին ու սկսում Սերժին հայհոյել, Վազգեն Սարգսյանը շատ է զարմանում, մինչդեռ Լեոնարդ Պետրոսյանը Վազգենին ասում է՝ «Չհավատաս, ձեւ են անում. սրանք այսպիսի սովորություն ունեն, եթե ինչ-որ մի բան են ծրագրել, կարող են եւ հրապարակավ ցույց տալ, որ իրար թշնամի են»:
Սրանք, ահա, փաստեր են, որոնք արժանի են լուրջ ուսումնասիրության: Եթե, իհարկե, ինչ-որ մեկը դեռ ուզում է, որ հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները բացահայտվեն:
|