ԿՈՌՈՒՊՑԻԱ ԵՆՔ ԽԱՂՈՒՄ
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ
Ցանկացած նորմալ երկրում տնտեսության վիճակը պարզելու համար բավական է ընդամենը ծանոթանալ վիճակագրական տվյալներին. այսինչ ոլորտում այսքան աճ է արձանագրվել, այսինչ ցուցանիշը փոխվել է այսքանով եւ այլն: Հայաստանում, սակայն, այդ մեթոդը չի գործում: Պաշտոնական վիճակագրությունն իր համար թվեր է նկարում, որոնք որեւէ կապ չունեն իրական տնտեսության հետ, որեւէ մեկն այդ թվերին չի հավատում, եւ մարդիկ տնտեսական վիճակի մասին պատկերացում են կազմում ՝ ընդամենը վերլուծելով իրենց աչքի տեսածը եւ դրանք համադրելով Հայաստանի մասին միջազգային լրատվամիջոցներում տեղ գտած տվյալների հետ:
Ընդամենը մի օրինակ բերենք: Եթե հավատալու լինենք իշխանությունների ներկայացրած տվյալներին, Հայաստանն արդեն հաղթահարել է ճգնաժամը եւ մտել է «դինամիկ զարգացման փուլ», ընդ որում՝ ամբողջ աշխարհը հիացած է կառավարության հակաճգնաժամային միջոցառումներով: Ու հանկարծ պարզվում է, որ Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը մարդասիրական նպատակներով պարենային օգնություն է ցուցաբերում Հայաստանին՝ 5 հազար տոննա հացահատիկի տեսքով: Այս լուրը, բնականաբար, ռուսական լրատվամիջոցներն են հաղորդում. մեր «պատասխանատու լրատվամիջոցները» ծպտուն չեն հանում: Ինչո՞ւ: Որովհետեւ սովորաբար պարենային օգնություն ցուցաբերում են Սոմալիի, Չադի կամ Զիմբաբվեի կարգի երկրներին: Մի տեսակ սիրուն բան չի ստացվում, որ «դինամիկ զարգացման փուլում» գտնվող երկրին պարենային օգնություն են ցուցաբերում: Առավել եւս՝ որ դրանով զբաղվում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը ¥վերջին անգամ այդ կառույցը նման գործով զբաղվել է Հաիթիի երկրաշարժից հետո¤: Հասկացա՞ք, թե իրականում ինչ վիճակում է գտնվում Հայաստանը: Իմիջիայլոց, սեպտեմբերին էլ որպես պարենային օգնություն Հայաստանը հազար տոննա ձեթ է ստացել:
Իսկ ինչպիսի՞ն է մարդկանց սոցիալական վիճակը: Եթե հավատալու լինենք Սերժ Սարգսյանին, մարդիկ անցած տարվա համեմատ ավելի լավ են ապրում: Միջազգային վիճակագրական կազմակերպություններն ասում են՝ չէ, նման բան չի կարող լինել, որովհետեւ 9.1 տոկոսանոց գնաճ է արձանագրվել: Բայց այդ 9.1 տոկոսին է՛լ որեւէ մեկը չի հավատում. մարդիկ ամեն օր գնումներ են անում եւ իրենց աչքով են տեսնում, թե ինչն ինչոց է: Հարցը հո միայն պանրի թանկացումը չէ: Ինչքան ուզում են՝ թող իշխանական գործիչները դասը լավ սովորած պիոների կեցվածքով հայտարարեն, թե պանրի շուկայում մենաշնորհ չի կարող հաստատվել, որովհետեւ տասնյակ արտադրողներ կան եւ այլն: Բայց ո՞ւմ են խաբում: Հասկանալի է, չէ՞, որ ոչ թե պանրի արտադրության ոլորտում են մենաշնորհ հաստատում, այլ կաթի փոշու ներկրման: Մարդիկ էլ շատ լավ հասկանում են, որ այս ամենը շուկայական մեխանիզմների հետ կապ չունի, մի քանի հոգի պարզապես «չորով» մեծացնում են իրենց գերշահույթները:
Իսկ ինչպե՞ս պիտի վարվի այս ամենը տեսնողն ու հասկացողը: Եթե ուրիշ ելք չկա՝ պիտի հեռանա Հայաստանից: Մարդիկ հենց այդպես էլ վարվում են: Հետո նույն այդ իշխանական գործիչները պիոների նույն կեցվածքով հայտարարում են, թե բա գիտե՞ք, արտագաղթի ծավալներն արդեն սպառնալիք են մեր ազգային անվտանգության համար, եթե այսպես շարունակվի՝ էլ բանակում ծառայող չենք ունենալու, թուրքերը գալու են մեր ութհազարամյա ազգային ինքնությունը ուտեն: Դե եթե այդքանը հասկանում եք՝ մի քիչ պակաս լափեք: Որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե մարմնի որ մասով է մտածում վարչապետ Տիգրան Սարգսյանը, երբ բժիշկներին 50 հազար դրամ աշխատավարձ է տալիս ու հետն էլ առողջապահության նախարարին կանչում, թե բա գիտե՞ս, աշխատանքային օրացույցիս մեջ էսօր կոռուպցիայի դեմ պայքարի օր է, գնա մի էրկու հոգու գործից հանի՝ կոռուպցիան վերանա: Ի վերջո՝ անմեղսունակությունն էլ պիտի չափ ունենա:
Զարմանալին այն է, որ տնտեսության վերաբերյալ հնչած կոնկրետ հարցերին երբեք կոնկրետ պատասխան չի տրվում: Օրինակի համար կարող ենք երկու այդպիսի հարց հնչեցնել: Հայաստանից բացի աշխարհում կա՞ երկիր, որտեղ թոշակը նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից ցածր է, եւ այդ երկրի ոսկու հանքավայրերը վեց տարի շարունակ ինչ-որ օտարերկրյա կազմակերպություններ ապօրինաբար շահագործում են: Աշխարհում կա՞ ուրիշ երկիր, որտեղ գազը սահմանի վրա գնում են 180 դոլարով եւ բնակչությանը վաճառում 366 դոլարով ¥այսինքն՝ 103 տոկոսով «վենա մտնում»¤: Լոլոներ չենք ընդունում, կոնկրետ պատասխան տվեք. ուրիշ այդպիսի երկիր կա՞, թե չկա:
Այս հարցերի պատասխանն, ի դեպ, ժողովուրդը շատ լավ գիտի: Դրա համար էլ «քվեարկում է ոտքերով»: Իսկ ազգային անվտանգության համար սպառնալիք է ոչ թե արտագաղթը, այլ դրա հիմնական պատճառը, այսինքն՝ իշխանությունները: Եվ վիճակագրությունն այստեղ կապ չունի:
http://www.chi.am/news/101111/10111101.htm