Կուզեիր ի՞նչ լիներ դուբինկիդ տեղը...
Գոթ ըլնեմ, արա
Հեղինակը` Արզօ
ՀՀ ոստիկանությունը շատ մազալու, ես կասեի՝ դյուրագրգիռ եւ էմոցիանալ կառույց է: Հին լեգենդներն ասում են, որ ժամանակին այն ստեղծված է եղել հանցագործների՝ մարդասպանների, գողերի, ավազակների դեմ պայքարելու եւ օրինապաշտ քաղաքացիներին պաշտպանելու համար:
Բայց դա այնքան վաղուց էր, որ բոլոր ականատեսները մահացել են, եւ մնացել են միայն աղոտ հուշեր այդ վաղնջական օրերի մասին: Ներկա իրականությունն այն է, որ, ինչպես հայտնի է Հայաստանի գրեթե բոլոր չափահաս քաղաքացիներին, մեր երկրի ամենամեծ հանցագործները ոչ միայն ազատ ֆռֆռում են, այլեւ թիկնազոր ունեն ու բարձր պաշտոններ են զբաղեցնում: Նրանց հովանավորությունը վայելող հեռուստաալիքներն էլ գողական կյանքի քարոզով են զբաղված` սերիալների միջոցով՝ մարդկանց շեղելով երկրի իրական խնդիրներից:
Բնական է, որ այդ պայմաններում ոստիկանությունը, որպես հանցագործությունների դեմ պայքարող հիմնական կառույց, պետք է պարապ մնար: Եւ որպեսզի այդ պարապուրդը մի կերպ լրացնի, ապա այն օրերին, երբ ընդդիմության հանրահավաքներին ու այլ գործողություններին ներկա չէ ու ընդդիմադիր ակտիվիստներին չի ներկայացնում անօրինական պահանջներ, զբաղվում է անչափահասների «պրոֆիլակտիկայով»: Չարիքի նոր արմատ է գտնվել Հայաստանում՝ էմո կոչված երիտասարդական ենթամշակույթը (սուբկուլտուրա): Ես միանգամից ասեմ, որ այդ ենթամշակույթից առանձնապես տեղյակ չեմ, քանի որ վաղուց արդեն քյաչալացող ու քյավթառ բիձա եմ, իսկ մեր վախտ էմո չկար (մեր վախտ մետալ լսողներ կային, որոնց թվին պատկանում էի նաեւ ես, ու որոնց մասին էլի ինչ-որ սարսափելի բաներ էին պատմում): Քանի որ, ինչպես ասացի, լավ տեղյակ չեմ այդ նոր շարժումներից եւ գուցե ինչ-որ բան լավ չեմ հասկանում՝ չեմ կարող լրիվ բացառել, որ ինչ-որ իրական վտանգ այդտեղ կարող է լինել: Բայց դա չի խանգարում, որ, մեղմ ասած, լուրջ կասկածներ ունենամ էմոների դեմ ոստիկանության ծավալած պայքարի համարժեքության առումով: Էմոների որսը ոստիկանությունը հիմնավորում է այն բանով, որ վերջերս Հրազդանում ինքնասպանության դեպք է եղել, որը ենթադրաբար կապում են այդ ենթամշակույթի ազդեցության հետ: «Որովհետեւ մենք դեպքեր ենք ունեցել, երբ ինքնասպանություն են գործել, դուք համարում եք դա լա՞վ բան ա»,- ասում է Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Աշոտ Կարապետյանը:
Մեղք չվերցնեմ վրաս, գուցե իրոք երիտասարդի ինքնասպանությունը նրա էմո լինելու հետեւանք է, չնայած, որքան հասկանում եմ, դա սոսկ վարկած է առայժմ, իսկ անծանոթ երեւույթների մասին մարդիկ սովորաբար հակված են սարսափներ հորինել: Բայց հարգելի ոստիկանի խոսքն իրոք շատ հուզիչ էր: Ամա՛ն, ո՞վ էլ խոսեր. Հրազդանի կողքը մեկ այլ քաղաք կա, Չարենցավան անունով, որտեղ նույնպես մի «ինքնասպանություն» է տեղի ունեցել՝ Խալաֆյանի «ինքնասպանությունը» ոստիկանության բաժնում: Եւ դա առաջին դեպքը չէ, երբ ոստիկանության բաժանմունքներում մարդիկ «ինքնասպան» են լինում: Շատ անհարմար բան է ստացվում: Գուցե ինքնասպանությունների կանխման «պրոֆիլակտիկան» ոստիկանությունը սկսեր հենց իր ներսից, կամ գուցե այնպես ստացվի, որ առանց այդ էլ չափից ավելի հուզական էմոները հենց ոստիկանության բաժանմունքներում սկսեն ինքնասպանություն գործել: Էմոների դեմ պայքարի հիմնավորումը մեզ մոտ եկել է Ռուսաստանից, ուր մի երկու տարի առաջ ուժային կառույցները նման արշավ էին սկսել: Այս ամենից սովետի ուժեղ հոտ է փչում: Սովետի փլուզումից հետո «չեկիստները» մի փայլուն եզրակացության եկան՝ ասում են սովետը փլվեց նրանից, որ ամերիկացիները կարողացան սովետի երիտասարդությանը ներարկել արեւմտյան արժեքներ՝ երաժշտություն, հագուստ, ոճ եւ այլն: (Ծիծաղելին, ի դեպ, այն է, որ Ամերիկայում էլ պահպանողականները համարում էին, որ 60-ականների երիտասարդական ենթամշակույթների՝ հիփիներ եւ այլն, սովետական ԿԳԲ-ի ստեղծածն են): Եւ եզրակացությունն այն է, որ պետք է պայքարել արեւմուտքից եկող երիտասարդական ոճերի դեմ, որպեսզի նրանք չքայքայեն «մեր անվտանգությունը»: Իրականում այստեղ լուրջ սխալ կա: Եթե նույն սովետում ռոքը ու ջինսերը չդիտվեին որպես հակասովետական, ապա ռոք լսողների ու ջինս հագնողների մեծ մասը հազիվ թե իրոք տրամադրվեր սովետի դեմ: Բայց քանի որ ճնշում կար, մարդիկ դառնում էին իրենց պետությանը ընդդիմադիր: Նույնն էլ այստեղ կարող է կրկնվել: Որքան հասկացա, էմոների շարժումը ոչ մի քաղաքական ենթատեքստ չունի (չնայած կարծես արեւմուտքում «ճիշտ էմոները» նաեւ քաղաքական պահեր էլ ունեն), բայց եթե այսպիսի աղմուկ բարձրացվի դրանց շուրջ, կարող է իրոք դառնան «անտիսովետչիկ»:
Հ.Գ. Էմոներին հակադիր համարվող ենթամշակույթը կոչվում է գոթական: Տղերք, զգույշ եղեք. էդ էմոների դեմ որ շատ պայքարեք` կարող ա մի օր գոթ ըլնեք, խայտառակվեք:
Ուստա Հրանտ