Join Date: Oct 2007
Location: germany
Rep Power: 29
|
Re: Ренессанс армянства наступит, когда власти РА вспомнят об Армянском Вопросе...........
Երբ սպառվում է «մրցավարի» ժամանակը
Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հերթական ռաունդը նորից շահում է Սերժ Սարգսյանը: Նա շահեց թե՛ «հայ-թուրքական», թե՛ «տնտեսական» ռաունդները, երբ Քոչարյանը չկարողացավ այդ առիթներն օգտագործել Սերժ Սարգսյանի դիրքերն իշխանական համակարգում էապես թուլացնելու համար:
Իհարկե, դրանք երերացին, գուցե մինչև հիմա էլ երերում են, բայց միևնույն է, ինքը՝ Քոչարյանը, այդ ամենից չի շահում ոչինչ, քանի որ ինչքան էլ Սերժ Սարգսյանը երերա, միևնույն է, դա չի կարող Քոչարյանի համար «շորորալու» (ի դեպ, հետաքրքրական է, որ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր հարսը` Սիրուշոն, ում մասին Սերժ Սարգսյանի փեսային պատկանող հեռուստաընկերությամբ բազմասերիանոց վավերագրական ֆիլմ է ցուցադրվում, «Շորորա» վերնագրով բավական գեղեցիկ մի երգ ունի) հնարավորություն լինել:
Իսկ Սերժ Սարգսյանը հերթական անգամ Ռոբերտ Քոչարյանին պարզապես գցում է իր ՀՀԿ-ականների «երախը»: Հանրապետական կուսակցության մանր ու միջին կալիբրի պատգամավորներն այս օրերին, իրար հերթ չտալով, ուղղակի կամ անուղղակի հայտարարում են, որ ոչ թե Ռոբերտ Քոչարյանն է ՀՀԿ-ին պահել, այլ ՀՀԿ-ն է պահել Ռոբերտ Քոչարյանին:
Ընդհանրապես, այդ իրավիճակը` Քոչարյան-ՀՀԿ բանավեճը, Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով վերածվել է «Ոսկե հորթը» հավերժական ֆիլմի հայտնի դրվագներից մեկին, երբ Բենդերը ներս է մտնում և տեսնում, որ Շուրա Բալագանովն ու Պանիկովսկին, մթության մեջ գետնին նստած, չեն կարողացել բաժանել փողերն ու միմյանց են հաթաթա տալիս` «դու ո՞վ ես, է», «տո, բա դու ո՞վ ես», «չէ, բա դու ո՞վ ես, է», և այդպես շարունակ: Իրավիճակը շատ է հիշեցնում հենց այդ դրվագը:
Եթե Քոչարյանը փորձում էր որպես իր առավելության և ուժի դրսևորում ներկայացնել կուսակցությունների վրա իր «մրցավարությունը», ապա Սերժ Սարգսյանը, ըստ երևույթին, բավականին սահուն կերպով վերածվում է Ռոբերտ Քոչարյանի և ՀՀԿ-ի «մրցավարի»: Ի՞նչ կարող է հակադրել դրան Քոչարյանը: Մեծ հաշվով՝ ոչինչ:
Բանն այն է, որ նախագահության ընթացքում տառապելով միակը լինելու ինչ-որ բարդույթներից՝ Ռոբերտ Քոչարյանն այժմ մենակ է մնացել: Դա լավագույնս երևում է այն արձագանքից, որ նրա ելույթներից հետո ունենում են այսպես կոչված քոչարյանամերձ կամ առնվազն հասարակության շրջանում այդպիսի ընկալում ունեցող ուժերը:
Թե՛ Դաշնակցությունը, թե՛ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, թե՛ նաև ՀՀԿ այն մասը, որին իբր Քոչարյանն է հորդորել, այլ կերպ ասած՝ ներդրել ՀՀԿ, որևէ կերպ չփորձեցին ինչ-որ հայտարարության միջոցով աջակցել Քոչարյանին, շարունակել նրա հաղորդած տեմպը: Քոչարյանը ՀՀԿ-ի դեմ մնաց մեն-մենակ և թերևս այլ ելք չունի, քան ապավինելը, որ «մրցավար» Սերժ Սարգսյանը գոնե թույլ չի տա, որ ՀՀԿ-ականները կոպիտ լինեն, կանոնների խախտումով խաղան իր դեմ:
Բայց խնդիրն այն է, որ, տիրապետելով Ռոբերտ Քոչարյանի շարժերին, Սերժ Սարգսյանը չի կարողանում տիրապետել այն գործընթացներին, որոնք Քոչարյանին տալիս են շարժվելու առիթներ: Խոսքը մասնավորապես այն մասին է, որ Սերժ Սարգսյանը որևէ կերպ չի կարողանում իշխանական համակարգի սուբյեկտներին առաջարկել մի այնպիսի լուծում, որը վերջ կդնի թե՛ ներիշխանական, թե՛ հենց ներհհկական հակասություններին:
Մինչդեռ հայտնի է, որ լուրջ հակասություններ և հակադրություն կա ոչ միայն ՀՀԿ-ԲՀԿ, այլ նաև Հանրապետական կուսակցության մի քանի թևերի կամ մի քանի առանցքային գործիչների միջև: Սերժ Սարգսյանը որևէ կերպ չի կարողանում հանգուցալուծել Տիգրան Սարգսյան-Հովիկ Աբրահամյան մրցակցությունը, որը հատկապես թեժ և ագրեսիվ է վարում Հովիկ Աբրահամյանը: Նա օրերս հայտարարեց, թե վարչապետը «երազախաբ» կլինի, եթե մտածի, թե կարող է թելադրել Ազգային ժողովին:
Չկարողանալով տիրապետել այդ լոկալ ներիշխանական հակասություններին՝ Սերժ Սարգսյանը փաստորեն չի կարողանում արդյունավետ օգտագործել Ռոբերտ Քոչարյանի գործոնին տիրապետելու հանգամանքը: Արդյունքն այն է, որ, չնայած Քոչարյանն ամեն անգամ հրապարակային ելույթներից հետո հայտնվում է բավական զավեշտալի վիճակում, երբ նրան սկսում են «դաս» տալ իր նախկին «աշակերտ» հանրապետականները, այդուամենայնիվ, նա կարողանում է ջուր պղտորել իշխանական դաշտում:
Իսկ եթե այդպես շարունակվի, և եթե Սերժ Սարգսյանը չկարողանա գտնել ներիշխանական լոկալ հակասությունների հանգուցալուծման մոդելը, Քոչարյանը ջուրը պղտորելուց զատ մի գեղեցիկ օր էլ կարող է սկսել ձուկ որսալ այդ ջրում: Մինչդեռ Ս. Սարգսյանն ակնհայտորեն չի կարողանում գտնել ներիշխանական մոբիլիզացիայի մոդելը: Այն գտնելուն «խանգարում» են մի քանի հանգամանքներ. մեկը ընդդիմության հարաբերական պասսիվությունն է, ինչը զրկում է Սերժ Սարգսյանին իշխանությանը, այսպես ասած, արտաքին վտանգի դեմ մոբիլիզացնելու հնարավորությունից:
Ի դեպ, չի բացառվում, որ հենց նաև այդ մարտավարությունից ելնելով է գեներացվում Տիգրան Կարապետյանի շարժումը, որը կարող է իշխանության մոբիլիզացիայի առումով Սերժ Սարգսյանին տալ այն, ինչ «չի տալիս» ընդդիմությունն ի դեմս Հայ ազգային կոնգրեսի: Բայց խնդիրը միայն այդ հանգամանքը չէ:
Բանն այն է, որ այսօր համաշխարհային մակարդակով զգացվում է ռեսուրսների տոտալ սղություն` թե՛ ֆինանսատնտեսական, թե՛ պարենային: Այդ խնդիրը բավականին լրջորեն առկա է նաև Հայաստանում: Ռեսուրսները ոչ միայն հասարակությանը չեն բավարարում, այլ նաև չեն բավարարում քրեաօլիգարխիկ համակարգի սուբյեկտներին: Դրանից էլ ավելանում են պահանջները համակարգի պատասխանատուի կարգավիճակը ստանձնած Սերժ Սարգսյանի հանդեպ:
Որքան մոտենում են համապետական ընտրությունները, այդքան այդ պահանջները սրվում են, և լրջանում է դրանց չբավարարման հետևանքից բխող վտանգը: Միևնույն ժամանակ, ռեսուրսների սղության առումով համաշխարհային իրադրության պարագան էլ մեծացնում է Սերժ Սարգսյանի վրա միջազգային քաղաքական կենտրոնների ճնշումը: Բանն այն է, որ այստեղ կարծես թե ավելի ու ավելի է գերիշխում այն մոտեցումը, որ նման սուղ պայմաններում աշխարհում պետք է հնարավորինս քիչ լինեն այսպես ասած «ձրիակեր» պետությունները, որոնք պետք է շահույթ ստանան միայն հնազանդության համար:
Այժմ այդ պետություններից պահանջվում է ոչ միայն հնազանդություն, այլ նաև կոնկրետ աշխատանք համաշխարհային արժեհամակարգում զուտ սպառողի կարգավիճակից դուրս գալու համար: Սերժ Սարգսյանը հայտնվել է խաչաձև գործոնների ազդեցության տակ և հենց այդ հանգամանքն է, որ նրան թույլ չի տալիս գտնել ներիշխանական մոբիլիզացիայի որևէ մոդել:
Ստեղծված իրավիճակից քիչ թե շատ անկորուստ դուրս գալու համար նա ստիպված պետք է զոհի համակարգի մի զգալի մասը: Սերժ Սարգսյանն այժմ փորձում է լուծել մի գլխավոր հարց` ժամանակ ձգել: Երեք տարի նա կարողացավ ձգել, բայց խնդիրն այն է, որ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ նա միայն ժամանակ ձգելով է զբաղված, և դա է ներկայումս նրա հիմնական անելիքը:
Իսկ ե՞րբ է հատկապես նկատելի դառնում «ժամանակի վրա խաղալը». դա նկատելի է դառնում խաղավերջում, երբ ժամանակն ակնհայտորեն սպառվում է:
ժամանակն ինքն իրենը կասի, որ հերիք է ագահ հայեր, հերիք է խաբեք սրան նրան...
|