Գերմանիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս պատվաստվել Հայաստան գալուց առաջ
Փետրվար 16, 2011
Թերթը հայտնում է, որ Գերմանիայի արտգործնախարարությունը զգուշացրել է իր քաղաքացիներին չայցելել այն երկրները, որտեղ անվտանգությունը մասամբ կամ ընդհանրապես երաշխավորված չէ: Ահա ցուցակը` Պաղեստինյան շրջաններ, մասնավորապես Գազայի շրջան, Մալի, Նիգերիա, Մավրիտանիա, Ալժիր, Էրիթրեա, Լիբանան, Հաիթի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Իրաք, Եմեն, Սոմալի, Աֆղանստան, Պակիստան, Փղոսկրի ափ, Վրաստան:
Հայաստանին վերաբերող «Ուղեւորության անվտանգության վերաբերյալ ցուցումների» բաժինը սկսվում է «Երկրին բնորոշ անվտանգության ցուցումներ» ենթավերնագրով, որտեղ գրված է. «ԼՂ հակամարտության գոտի ուղեւորվող այցելուներին գերմանական օտարերկրյա որեւէ ներկայացուցչության միջոցով հյուպատոսական օգնություն կամ օժանդակություն չի կարող տրամադրվել: Հրադադարի գծում պատահական փոխհրաձգություններ են լինում, ականների վտանգ կա»:
Հետաքրքրական է աչքի անցկացնել «Ընդհանուր տեղեկություններ» բաժինը, ուր անդրադարձ կա երթեւեկությանը, հանցավորությանը, բնական աղետներին, ինչպես նաեւ` «Առողջապահական ցուցումներ» բաժինը: «Հայաստանում հաճախ ուշադրություն չի դարձվում երթեւեկության կանոններին, այստեղ վթարի հավանականությունն առավել բարձր է, քան Գերմանիայում»: Արտգործնախարարությունն անդրադառնում է նաեւ ավտոմեքենաների ապահովագրությանը` խորհուրդ տալով չբավարարվել միայն հայկական ավտոապահովագրության ընձեռած սահմանափակ միջոցներով, այլ լիարժեք ապահովագրման մասին հոգալ:
Թեպետ փողոցների վիճակն ամենից առաջ Երեւանում դանդաղ բարեկարգ է դառնում, այդուհանդերձ նախկին վտանգի աղբյուրները չեն վերացել: Դրանց մեջ` անսարք լուսակիրներ, կոյուղահորերի բացակա կափարիչներ, անբավարար ցուցանակներ, նաեւՙ ուշադրություն հողասահքով հայտնի տարածքներին` լուրջ ընդունել ցուցանակների զգուշացումները:
Անդրադառնալով Հայաստանում առկա հանցավորությանը ԳԴՀ արտգործնախարարությունը նշում է` Հայաստանը մինչեւ հիմա աչքի է ընկել իբրեւ մի երկիր, որտեղ համեմատաբար աննշան է բիրտ հանցագործությունների թիվը: Վերջին ժամանակներս, սակայն, արտասահմանցիները Երեւանում բռնությունների զոհ են դարձել:
Ինչ վերաբերում է առողջապահական խորհուրդներին, այցելուներին իրազեկվում է, թե նախընտրելի է պատվաստվել տետանուսի, դիֆտերիայի, պոլիոյի, հեպատիտիս A-ի, երկար կեցության դեպքում` նաեւ հեպատիտիս B-ի, կատաղախտի եւ տիֆի դեմ:
Բա ուր են մեր հարուստ օլիգարխները, մեր երկրի ավտորիտետ նախագահը կամ վարչապետը՞…ինչ են մտածում այսքանի մասին՞…հո միայն փայատեր աշխատելով չէ...