Re: Церемония вручения наград в области армянского шоу-бизнеса «Ташир 2009»
Հոնգ Կոնգում կայացավ ամենամյա Տաշիմա 2011 մրցանակաբաշխությունը, որին մասնակցեցին բազմաթիվ ճապոնացի երգիչներ, դերասաններ, յակուձաներ եւ օլիգարխներ։ Չնայած երկրում տեղի ունեցած երկրաշարժին, հայտնի գործարար տաշիմացի Սատոշին եւս մեկ անգամ հեռավոր Հոնգ Կոնգում հավաքեց Ճապոնիայի բոլոր աստղերին` անշարժ գույք նվիրելու նպատակով։ Էքստրավագանտ մրցանակաբաշխությունը նյարդայնացրեց շարքային եւ մտավոր առողջ ճապոնացիներին, քանի որ Տոկիոյում եւ մի շարք այլ քաղաքներում դեռ լուծված չի երկրաշարժից տուժվածների խնդիրը, եւ շատ մարդիկ ապրում են մետրոյի վագոններում։
Չինաստանում հաջողության հասած ճապոնացի գործարարներն ու յակուձաները ունեին մի նպատակ` մեկը մյուսին գերազանցել աստղերին արված նվերների ճոխությամբ։ Տարօրինակ մրցավազքում միանշանակ հաղթող ճանաչվեց հենց կազմակերպիչը` տաշիմացի Սատոշին, ով մի հայտնի չինական կուսակցական գործչի լկստված դստերը բնակարան նվիրեց Տոկիոյի կենտրոնում։ Միցուիբիշի կորպորացիայի տնօրենի կողմից նմանատիպ մի նվերի արժանացավ նաեւ երգչուհի Նուցուկի Յեսամոտոն։ Նուցուկին միակն է ճապոնական երգչուհիներից, ով մինչեւ օրս տիրապետում է հնից եկած` քթի մեջ երգելու արվեստին։
Տոկիոյում այսուհետ կբնակվի նաեւ Ամերիկայի նեղ ու անճաշակ շրջանակներում հայտնի երգիչ Ակիհիկոն` ում վերջերս հաջողվեց մեկ օրով վարձել Լոս Անջելեսի «Կոդակ» թատրոնը։ Մասնագետների հաշվարկով՝ Ակիհիկոն կարող էր Տոկիոյում բնակարան ձեռք բերել ընդամենը մեկ ճապոնական հարսանիքին երգելու հոնորարով։ Իսկ երգչուհի Շուիկո Պետիգիկոյին նվիրած բնակարանը Տոկիոյի կենտրոնից բավականին հեռու էր, բայց դե ամեն դեպքում բնակարան էր։ Ի դեպ, նրան բնակարան նվիրած Ակիռա Աբրամոտոն, 30 տարի Չինաստանում բնակվելուց հետո այդպես էլ լեզուն չսովորեց։ Մի քանի անտաղանդ, սակայն շատ կարճ կիմոնոներով երգչուհիներ նույնպես արժանացան նվերների։
Ցավալի միջադեպ տեղի ունեցավ Ճապոնիայի ամենատաղանդավոր հումորիստ Գերիկո Մուշիմոտոյի ելույթի ժամանակ։ Բանն այն է, որ Մուշիմոտոն սկսեց մի հումորային մենախոսություն, որտեղ մի քանի անգամ նշեց երկրի կայսր, կամ ինչպես նրան ասում են` միկադո Ակիհիտոյի անունը։ Չինաստանի հեռուստաընկերությունները, սովորույթին համաձայն, անմիջապես գովազդային հոլովակով ճզմեցին խոսքի ազատությունը։ Երկրի առաջին եւ միակ ալիքի տնօրենը շտապեց արդարանալ` «Ոչ մի տեխնիկական խնդիր էլ չկար։ Մի պահ խառնվեցինք, մեզ թվաց թե մեր գործիչներից մեկի մասին պետք է կատակ անի, դրա համար եթերը կտրեցինք։ Էս ճապոնացիները մեզ ահագին նման են։ Եթե նախօրոք իմանայինք, որ իրանց կայսրի մասին պետք է կատակեն, խնդիր չէր առաաջանա»։
Ֆեյսբուքում բացված խումբը հորդորեց աստղերին՝ նվիրատվություն անել բնակարանները անտուն մնացած քաղաքացիներին։ Ինչին երգչուհիները արագ արձագանքեցին մուննաթի եւ նույնիսկ զուննաթի տեղումներով։ «Նվերները հարգանքի տուրք են մեր աշխատանքի դիմաց։ Երկար տարիների ֆոնոգրամմայի տակ երգելը միայն արտաքնից է շատ հեշտ»,- ասել են երգիչները ստորագրած մուննաթային հուշագրում։
Իսկ շարքային ճապոնացիները պարզապես զարմացած էին. «Ես հասկանում եմ, որ իրենց փողն է եւ ում ինչ ուզեն կարող են նվիրել, սակայն մենք աղետի գոտի ունենք, մարդիկ վագոններում են դեռ ապրում։ Նման շռայլությունը վուլգար էր։ Չեմ կարծում, որ Հաիթիյում կամ Հայաստանում նման բան հնարավոր լիներ»,- ասել է պատահական անցորդ Կենջիբուրո Ունագին` բժիշկ։ Այս մասին տեղեկացնում է Armcomedy.com-ը։
Գ. ԱՐԱՄՅԱՆ
|