Re: Hayastan@ qandoxner@
Ո՞ՒՐ ԳԱ ՍՓՅՈՒՌՔԸ
Հայաստանում ՄԱԿ համակարգող Դաֆինա Գերչեւան հայտարարել էր, որ Հայաստանի տնտեսությունը ճգնաժամից դուրս գալու համար ունի սփյուռքի օգնության կարիքը:
Հայաստանի տնտեսությունն իհարկե շատ բանի կարիք ունի, բայց մինչեւ այդ կարիքների թվում հերթը սփյուռքին հասնելը, թերեւս կա ավելի կարեւոր բանի կարիք` Հայաստանի տնտեսությունն ունի իրական ազատականացման անհրաժեշտություն, որպեսզի բիզնեսով կարողանան զբաղվել ոչ թե նրանք, ովքեր ունեն սերտ կապ իշխանության հետ կամ իրենք իշխանություն են, այլ նրանք, ովքեր ունեն բիզնես անելու շնորհք, ունակություն:
Երբ չկա այդ իրական ազատականությունը, երբ որեւէ մեկը բիզնեսով կարող է զբաղվել միայն իշխանական տանիք ունենալու դեպքում` կամ որեւէ պաշտոնյայի հետ իր շահույթը կիսելու, կամ էլ պարզապես ծանոթ-բարեկամական եւ հարազատական կապ ունենալու շնորհիվ, ապա սփյուռքն էլ չի օգնի:
Ո՞ւր գա սփյուռքը, եթե բոլոր ոլորտները կամ մոնոպոլացված են, կամ հստակ քվոտավորված: Սփյուռքը գա ի՞նչ անի: Իհարկե, այնպես չէ, որ անելու բան չկա: Սփյուռքը կարող է գալ, եւ Հայաստանի իշխանությունը կարող է բազմաթիվ տարբերակներ առաջարկել` կիսվելու պայմանով: Բայց այդ գալուց արդեն, Հայաստանի տնտեսության օգուտը կլինի գրեթե զրոյական: Ընդամենը վիճակագրությունը կփոխվի, իսկ որակը կշարունակի մնալ նույնը:
Հայաստանի տնտեսությանն անհրաժեշտ է որակական փոփոխություն, սկսած մտածողությունից, մինչեւ տնտեսվարման մեխանիզմների, կառավարման մեթոդների որակի փոփոխությունը: Երբ այդ ամենը տեղի ունենա, եւ երբ ազատականացվի տնտեսական միջավայրը, սփյուռքն էլ կգա, կգան նաեւ օտարերկրացի ներդրողներ էլ: Ավելին, գուցե նույնիսկ կարիքն էլ չլինի, ու պարզվի, որ Հայաստանում իրական, որակյալ, հեռանկարային բիզնեսի այնպիսի պոտենցիալ կա, որի համար խոչընդոտ չէ անգամ շրջափակումը:
|