Re: Евровидении 2011/Eurovision 2011
Լեյլա Սարիբեկյան. «Մենք այդ երգով ուղղակի տապալեցինք մեր հիանալի տվյալներով երգչուհուն»
«Եվրատեսիլ-2011» մրցույթի կիսաեզրափակչին երգչուհի Էմմիի ունեցած ելույթն ու եզրափակիչ դուրս չգալը՝ երգչուհի Լեյլա Սարիբեկյանն ասել է, թե անկեղծ, բարի, իմաստալից երգերը Եվրոպայում հիմա ավելի են գնահատվում, քան արհեստածին, ուղղակի աչք շոյելու և շոուի վրա դրված ռիթմիկ երգերը։
–Ցավում եմ, որ Էմմիի հնարավորությունները` որպես լավ երգչուհի, չօգտագործվեցին՝ ցույց տալու նրա և՛ ձայնային, և՛ արտիստիկ տվյալները։ Ընտրվեց մի պարզունակ երգ, որը, որքան էլ Էմմին մաքսիմալն արեց, մեկ է… Ասեմ, որ Էմմին երգը շատ լավ սկսեց, իսկ հետո, ինչպես միշտ, խանգարեց այդ պարային շոուն: Ես միշտ ասել եմ՝ սկսած Անդրեի ժամանակվանից, որ պարը պետք է ծառայի երգին, այլ ոչ թե հակառակը՝ խանգարի,–ասել է նա։
Ըստ Լեյլա Սարիբեկյանի՝ մեր երկիրը ներկայացնող երգիչների կողքին չկան արհեստավարժ մարդիկ, ովքեր ուղղություն ցույց տան։
–Իսկ ովքե՞ր են մեր երգիչների հետ գնում այնտեղ։ Ովքե՞ր են, պարզ չէ՞։ Ես առաջին հերթին եզրափակիչ չանցնելու պատճառը համարում եմ, որ ճիշտ երգ չէր ընտրված։ Հավատացեք՝ ամբողջ աշխարհում ընդունվում է անկեղծությունը։ Քաղաքականությունը՝ քաղաքականություն, բայց լավ, ազնիվ բանը միշտ էլ անցնում է։ Եթե երգը լիներ ասելիքով, սրտին դիպչող, ապա Էմմին ուղղակի հրաշալի կներկայանար ու բարձր հորիզոնականներ կգրավեր։ Ես տեսել եմ Էմմիի մենահամերգն ու հիացել եմ, որ մենք միջազգային մակարդակի երգչուհի ունենք։ Տեսաք՝ Լիտվան ինչ լավ երգ էր ներակայացրել՝ գեղեցիկ, պրոֆեսիոնալ կատարում, պրոֆեսիոնալ մոտեցում։ Լավ երգ էր և անցավ։ Վերջապես պետք է հասկանանք, որ եթե մենք դրոշ ու երկիր ենք ներկայացնում, եկեք արժանապատիվ ներկայացնենք, կամ ունենանք այդ մոտեցումը, կամ ի վերջո՝ չվերաբերվենք այդ «Եվրատեսիլին»։ Եթե մեզ պետք է ցավ պատճառի, որ մեր հարևան երկիրը անցնում է օտարի երգը ներկայացնելով՝ սիրային շոուով, իսկ մեր երգչուհին, որը ունի լավ տվյալներ, լավ կատարողական տեխնիկա, անմիջականություն, չանցավ։ Մենք մեր երգչուհուն այդ երգով ուղղակի տապալեցինք։ Ինչի՞ համար։ Ինչո՞ւ է պարտադրվում այդ երգը,–ասել է նա։
|