Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Rep Power: 18
|
Женщина и Церковь
Նյութը, որով բացում եմ թեման, «Ազգ» օրաթերթում հրատարակած իմ հոդվածներից մեկն է:
MONK
«Ազգի» հունիսի 20-ի համարում հրապարակվեց մի հաղորդագրություն, համաձայն որի ԱՄՆ եպիսկոպոսական եկեղեցին իր պատմության մեջ առաջին անգամ հովվապետ է ընտրել կին եպիսկոպոսի` Քեթրին Ջեֆերս Շորիին: Այս առիթով որոշեցինք երկու խոսքով անդրադառնալ ընդհանրապես կանանց քահանայության խնդրին: Թեպետ այն մեր եկեղեցու եւ հասարակության համար սուր հրատապություն չի ներկայացնում, այդուհանդերձ, լիովին բացառել դրա առկայությունը սխալ կլինի:
Արդի դարաշրջանի կենսակերպի եւ մտայնության պայմանները քրիստոնեական եկեղեցու համար առաջադրում են նորանոր հարցեր` փորձելով վերանայել իր մի շարք սկզբունքային դիրքորոշումներ: Վերջին տասնամյակներին լայն թափ ստացած ֆեմինիստական տարբեր շարժումների արդյունքում նման հարցերից մեկը դարձավ կանանց քահանայության խնդիրը: Կինն այսօր հասարակական կյանքի գրեթե բոլոր ասպարեզներում տղամարդու կողքին հավասար դիրք է գրավում, հետեւաբար հարց է ծագում՝ չի՞ կարող արդյոք նույն ոգով նաեւ քահանայական աստիճան ստանալ: Այս հարցին բոլոր առաքելահաստատ ուղղափառ եկեղեցիները, այդ թվում եւ Հայ առաքելական եկեղեցին, միշտ էլ միանշանակ ժխտական պատասխան են տվել, մինչդեռ բողոքական հարանվանությունները եւ Անգլիկան եկեղեցին որոշ վերապահումների են դիմում` կանանց շնորհելով քահանայական, անգամ եպիսկոպոսական աստիճան: Նման քայլը փորձ է արվում հիմնավորել Սուրբ գրքով` վկայակոչելով Պողոս առաքյալի խոսքը. «Դուք բոլորդ, որ ի Քրիստոս մկրտուեցիք, Քրիստոսով զգեստաւորուեցիք, ուրեմն, խտրութիւն չկայ ո՛չ հրեայի եւ ո՛չ հեթանոսի, ո՛չ ծառայի եւ ո՛չ ազատի, ո՛չ արուի եւ ո՛չ էգի. որովհետեւ դուք ամէնքդ մեկ էք ի Քրիստոս Յիսուս» (Գաղատ. Գ:27-28): Եթե խտրություն չկա, ապա դա պետք է լինի բոլոր պարագաներում, հետեւաբար` նաեւ քահանայության հարցում: Վկայակոչումն առավել հաստատուն է դառնում Պետրոս առաքյալի կողմից քրիստոնյաներին տրվող բնորոշումով. «Բայց դուք ընտիր ցեղ էք, թագաւորութիւն, քահանայութիւն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ» (Ա Պետ. Բ:9, տե՛ս նաեւ Ելք ԺԹ:6, Յայտ. Ե: 10): Հետեւաբար, վերոհիշյալ խնդրին արգելք եղող պատճառներն ավելի շատ արգասիք են ավանդապաշտական նախապաշարումների:
Սակայն որքանո՞վ է սա համապատասխանում իրականությանը: Որպեսզի մեզ հստակորեն ներկայանան կանանց քահանայագործման արգելքները, նախ նշենք, որ քրիստոնեական եկեղեցու քահանայությունը սկզբնավորվում է հենց Քրիստոսից, եւ քահանան իր անձով խորհրդանշորեն ներկայացնում է նրան: Անժխտելի է այն փաստը, որ մարմնացյալ Աստվածորդին հանդես է գալիս տղամարդու կերպարանքով, հետեւաբար կնոջ անձը երբեք չի կարող դառնալ նրա խորհրդանշական պատկերը:
Քրիստոսի քահանայական իշխանությունն իր շարունակական ընթացքն ունեցավ առաքյալների միջոցով, իսկ Քրիստոս երբեք իր ընտրյալ 12 առաքյալների թվում որեւէ կնոջ չընդգրկեց, հակառակ, որ նրա հետեւորդների թվում կային բարեպաշտ կանայք, որոնք նրա կողքին էին անգամ այն ժամանակ, երբ առաքյալները լքել էին նրան: Կանանց քահանայության ջատագովները սա փորձում են բացատրել հետեւյալ կերպ. կինը հրեական միջավայրում ճնշված կարգավիճակում էր, եւ Քրիստոս, հարմարվելով ընդունված կարգին, ընտրեց միայն տղամարդկանց: Նախ` Քրիստոս երբեք տուրք չտվեց այդ կարգերին, այլ ընդհակառակը, վերացրեց կնոջ նկատմամբ եղած ավանդական սահմանափակումները. ուշադրության էր արժանացնում նրանց, այցելում եւ ուսուցանում ( Ղուկ. Ժ:38-40), անթաքույց զրուցում նրանց հետ (Հովհ. Դ:6-27), բժշկում եւ կատարում նրանց խնդրանքները ( Մարկ. Ա:29), ներում եւ պաշտպանում է օրենքով դատապարտելի շնացող կնոջը (Հովհ. Ը:3-11), որով ցույց է տալիս նաեւ, որ այս հարցում կնոջ պատիժն ավելի խիստ չպետք է լինի, քան տղամարդունը, վերացնում է տղամարդու` կամայականորեն կնոջն արձակելու օրենքը` հավասար իրավունքներ հաստատելով նրանց միջեւ ( Մատթ. ԺԹ:3-9, Մարկ. Ժ:2-11), իր հարությունից հետո նախ կանանց է երեւում, իսկ նրա հարության լուրը հրեշտակները կանանց են հանձնարարում հաղորդել աշակերտներին (Մատթ. ԻԸ:7-10): Կանանց այս աստիճան բարձրացնող Տերը երբեք չէր կարող զանց առնել այնպիսի կարեւոր հանգամանք, ինչպիսին քահանայությունն է, իսկ մարդկային, այն էլ սխալ օրենքների նկատմամբ հարմարվողականություն վերագրել հանուն արդարության եւ ճշմարտության խաչյալ Փրկչին` պարզապես անհանդուրժելի է:
Առաքելական շրջանում եւս կին քահանաների չենք հանդիպում, չնայած նրանք բարեսիրական գործունեություն էին ծավալում (Գործք Թ:36), սպասարկում եկեղեցուն (Հռոմ. ԺԶ:1), անգամ մարգարեանում (Գործք ԻԱ:9), բայց ոչ երբեք` քահանայագործում: Այս փաստն ընդգծվում է հատկապես նրանով, որ Հուդայի փոխարեն 12-րդ առաքյալի թեկնածուներ են առաջադրվում երկու տղամարդ աշակերտներ (Գործք Ա: 15-26), մինչդեռ կարո՞ղ էր լինեն ավելի մեծ թեկնածու, քան Տիրամայրն էր:
Հրեական միջավայրում ընդունված սովորություններն այստեղ եւս դեր խաղալ չէին կարող, քանի որ առաքյալներն իրենց քարոզչությամբ շուտով դուրս եկան հրեական շրջանակից եւ տարածվեցին դեպի շրջակա քաղաքներն ու երկրները, ուր հունահռոմեական քաղաքակրթության եւ հեթանոս քրմուհիների առկայության պայմաններում բնավ խորթ պիտի չթվար կին քահանաների գոյությունը, սակայն այստեղ եւս կին քահանաների չենք տեսնում` չնայած հրեական շատ օրենքներ ու սովորույթներ, ինչպես օրինակ` թլփատությունը, պարտադիր չհամարվեցին:
Արգելքի էությունը հասկանալու համար նշենք, որ Աստծո եւ նրան հավատացող մարդկության միջեւ կնքված ուխտը Հին կտակարանում խորհրդանշորեն նույնացվում է հարսի եւ փեսայի միջեւ եղող սիրո հետ (տե՛ս Օսէէ Բ:16, Երեմ. Բ:2, Երգ երգոց): Նոր կտակարանում եւս Քրիստոս եւ եկեղեցին հանդես են գալիս որպես փեսա եւ հարս (տե՛ս Մարկ. Բ:19, Հովհ. Գ:28-30, Բ Կորնթ. ԺԱ:2, Յայտ. ԺԹ:7-8):
Ինչպես կինն է գոյություն առել ամուսնու կողից, այնպես էլ եկեղեցին է հիմնվել Քրիստոսի կողից բխած ջրի եւ արյան` Ս. Մկրտության եւ Ս. Հաղորդության խորհուրդների վրա: Եվ եթե առաջին Ադամը մեղքի ու մահվան իշխանության տակ ընկավ կողակցի դրդումով, ապա երկրորդ Ադամը` Քրիստոս, ազատեց իր կողակցին` եկեղեցուն, այդ իշխանությունից եւ հաստատեց անարատության եւ սրբության մեջ: Ինչպես ամուսինն ու կինն են մեկ մարմին, այնպես էլ Քրիստոս եւ եկեղեցին: Քրիստոս, որ գլուխն է եկեղեցու, իրականացրեց մարդկության փրկությունն իր մարմնի խաչելությամբ ու հարությամբ եւ շարունակում է փրկագործությունը դարձյալ իր մարմնի` եկեղեցու միջոցով: Քահանան հանդես է գալիս ոչ թե սոսկ իբրեւ մարմնի անդամներից մեկը, այլ խորհրդանշում է հենց գլուխը` Քրիստոսին, ուստի նա պետք է նման լինի նրան ամեն ինչով, նաեւ սեռով:
Ինչ վերաբերում է Գաղատ. Գ:27-28 եւ Ա Պետ. Բ:9 վերոնշյալ համարներին, ասենք, որ քրիստոնեական քահանայության երկու ըմբռնում գոյություն ունի. առաջինը քրիստոնյաների համընդհանուր քահանայական կարգն է, որ տրվում է մկրտությամբ` փրկության եւ հաղթանակած եկեղեցու անդամ դառնալու համար: Սրանով իրոք վերանում են բոլոր տեսակի սեռային, ազգային, տարիքային, դասային եւ այլ տարբերությունները, եւ ամենքը հավասարվում են փրկության շնորհի առջեւ: Երկրորդը պաշտոնակատար կամ սպասարկու քահանայությունն է, որով համընդհանուր քահանայության միջից ընտրված անձինք, ձեռնադրությամբ ստանալով առաքելավանդ իշխանությունը, կոչվում են կատարելու սրբազան խորհուրդներն ու պաշտամունքային ծիսակարգերը եւ դառնալու Տիրոջ տեսանելի ու շոշափելի խորհրդանիշները: Այս երկրորդ պարագայում էլ հենց կանանց առջեւ պատնեշվում է բնական եւ աստվածադիր արգելքը:
Այսուհանդերձ հստակեցնենք, որ տղամարդու եւ կնոջ համար հաստատված այս կարգը երբեք էլ խտրականություն կամ ստորադասում մտցնել չի նշանակում, այլ Աստծո սահմանած նվիրաբաշխում: Աստված կնոջը տվել է մեկ այլ մեծագույն շնորհ` մայրությունը, որով նա կարողացավ բարձրանալ իր ճնշված դիրքից եւ հասնել Աստվածամոր փառքին: Տեղին է իբրեւ եզրափակում հիշել Գարեգին կաթողիկոս Հովսեփյանցի խոսքը, ըստ որի ընտանեկան հարկը մի եկեղեցի է, որի քահանան մայրն է:
|