Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ
Հեռ.: (374 10) 517 128
Հեռատիպ: (374 10) 517 301
Էլ-փոստ:
holysee@etchmiadzin.am
Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարտի 5, 2007թ.
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արևմտյան Բենգալ նահանգի գլխավոր նախարարի հետ
Ընդունելություն ի պատիվ Հայոց Հովվապետի
Փետրվարի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արևմտյան Բենգալ նահանգի գլխավոր նախարար Բուդհադեբ Բհատտաչարյայի հետ: Նորին Սրբությանն ուղեկցում էին Տ. Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը, Հնդկաստանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանը, Տ. Կտրիճ քահանա Դևեջյանը և Կալկաթայի եկեղեցական վարչության անդամներ Հայկ Սուքիասը, Սունիլ Սոբտին և Սուզան Ռուբենը:
Գլխավոր նախարարը, ողջունելով Վեհափառ Հայրապետի այցն Արևմտյան Բենգալ և Կալկաթա, անդրադարձավ Հնդկաստանում հայ համայնքի կարևոր դերակատարությանը, հատկապես Կալկաթայի սոցիալական, մշակութային և տնտեսական զարգացման մեջ: Նա նշեց այն բարձր հարգանքի մասին, որ հնդիկ ժողովուրդը տածում է հայկական համայնքի հանդեպ` հույս հայտնելով, որ երբեմնի բազմանդամ համայնքը, որն իր թվով նվազել է վերջին տարիներին, վերստին կաճի և կբարգավաճի:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, գոհունակություն հայտնելով բարի խոսքերի համար, անդրադարձավ Հայաստանի և Հնդկաստանի միջև առկա բազմադարյա հարաբերություններին: Հայոց Հովվապետը բարձր գնահատեց երկու ժողովուրդների բարեկամությունը և ուրախություն հայտնեց, որ ներկայիս բազմաթիվ հնդիկ երիտասարդներ իրենց ուսումնառությունն են շարունակում Երևանի բարձրագույն կրթական հաստատություններում: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց գլխավոր նախարարին և ի դեմս նրա` նաև Հնդկաստանի իշխանություններին` կրոնական և ազգային փոքրամասնությունների, այդ թվում նաև հայերի, նկատմամբ ցուցաբերվող ուշադրության և հոգատարության համար£ Վեհափառ Հայրապետը նշեց, որ շնորհիվ այդ վերաբերմունքի հնդկահայերը, իբրև Հնդկաստանի Հանրապետության արժանավոր քաղաքացիներ, մասնակից են նաեւ Հնդկաստանի հասարակական, ազգային և մշակութային կյանքին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի միջև համագործակցության ոլորտներին, ինչպես նաև Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի, Արևմտյան Բենգալում հայկական եկեղեցիների, գերեզմանատների և հուշարձանների ներկայիս կարգավիճակին առնչվող հարցեր:
Նույն օրը` երեկոյան, Թաջ Բենգալի հյուրանոցում, ի պատիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ ընդունելություն` կազմակերպված Կալկաթայի եկեղեցական վարչության կողմից: Ընդունելությանը մասնակցում էին հայ համայնքի անդամները և հնդկական հասարակության բոլոր այն անձինք, ովքեր առնչվում են հայ համայնքի, հայոց եկեղեցիների և Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի կյանքին:
Ընդունելությանը բարիգալստյան խոսքով Նորին Սրբությանը դիմեց վարչության ատենապետ Հայկ Սուքիասը` երախտագիտություն հայտնելով Վեհափառ Հայրապետին` օրհնաբեր այցի համար: Ինչպես նշեց պրն. Սուքիասը, Հայոց Հովվապետի այցին Հնդկաստան հայ համայնքն սպասել է երկար` ավելի քան քառասուն տարի:
Հայաստանի և Հնդկաստանի միջև զարգացող կապերի և համագործակցության մասին խոսեց Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը: Նա ուրախություն հայտնեց իրեն ընձեռված մեծ պատվի համար, որ առիթ ունի ուղեկցելու աշխարհասփյուռ Հայոց Եկեղեցու պետին պատմական այս այցի ընթացքում:
Ընդունելության ընթացքին Տ. Կտրիճ քահանա Դևեջյանը մասնակիցներին ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայիս գործունեությունը` առանձնաբար անդրադառնալով քրիստոնեական դաստիարակության և քարոզչության, սոցիալական ծառայության և մշակութային ոլորտներում արձանագրած ձեռքբերումներին:
Ապա Հայրապետական իր օրհնությունն ու սերը բոլոր ներկաներին հղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց հայ համայնքի անդամներին` նախնյաց հավատի հանդեպ նրանց նվիրումի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ հավատարմության համար: Նորին Սրբությունը հորդորեց նրանց համայնքային կյանքում առաջնային նկատել Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի գործունեությունը` նշելով, որ Հայոց ճեմարանում ուսանող երեխաները հնդկահայ համայնքի հարատեւության և Հնդկաստանի հայկական հայկական եկեղեցիների պահպանության ապագա երաշխավորներն են:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց նաև Հովվապետական այցի կազմակերպիչներին և իր շնորհակալությունն արտահայտեց հնդիկ ժողովրդի հյուրընկալ ոգու համար, որի շնորհիվ հայերն ավելի քան հինգ հարյուր տարի առաջ իրենց ստեղծագործ արժանավոր կյանքով հաստատվել են Հնդկաստանում:
###