Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ
Հեռ.: (374 10) 517 128
Հեռատիպ: (374 10) 517 301
Էլ-փոստ:
holysee@etchmiadzin.am
Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարտի 5, 2007թ.
Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Մադրաս
Մարտի 2-ին Մադրասում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Մադրասում 1712 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցի, որի հարևանությամբ գտնվում է նաև հայկական գերեզմանատունը: Ու թեեւ Մադրասում հայկական բնակչություն չկա, սակայն եկեղեցին բաց է այցելուների համար:
Վեհափառ Հայրապետի այցի առիթով մոտակա շրջաններից բազում հնդիկներ էին եկել ողջունելու Նորին Սրբությանը և հայցելու Հայոց Կաթողիկոսի օրհնությունը:
Եկեղեցում Նորին Սրբության նախագահությամբ հոգեհանգստյան պաշտոն մատուցվեց վերջին հինգ դարերի ընթացքում Հնդկաստանի հայ համայնքին իրենց հոգևոր ծառայությունը բերած բոլոր հոգևորականների հոգիների խաղաղության համար: Ապա Հայոց Հովվվապետը ծաղկեպսակ դրեց Տ. Հարություն ավագ քահանա Շմավոնյանի շիրմաքարին, ով 1794 թվականին նախաձեռնել էր հայոց առաջին պարբերականի` ՙԱզդարարի՚ հրապարակումը:
Եկեղեցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց նաև Մադրասի պատմական և ճարտարապետական պահպանության հանձնախմբի հետ և քննարկեց Սուրբ Աստվածածին եկեղեցու պահպանման և վերանորոգման ուղղությամբ Կալկաթայի համայնքի ձեռնարկած ջանքերին առնչվող խնդիրներ:
Կեսօրին Գարեգին Բ Կաթողիկոսն եղավ նաև Մադրասի հայտնի բլրի գագաթին գտնվող Սուրբ Թովմասի մատուռում, ուր նրան դիմավորեցին բազում քրիստոնյա հնդիկներ:
Հռոմեակաթոլիկ ավանդության համաձայն, սուրբ Թովմաս առաքյալն առաջին դարում այս բլրի վրա է նահատակվել, ուր հետագային կառուցվել է մի մատուռ, ապա` եկեղեցի: 1547 թվականին այս բլրի վրա կառուցվել է Հեռավոր Արևելքում առաջին հայկական եկեղեցին: Եկեղեցին այսօր էլ կանգուն է: Այն գործում է, սակայն` Հռոմեակաթոլիկ եկեղեցու իշխանության ներքո: Հայկական արմատների մասին վկայում են եկեղեցում` հատկապես սուրբ սեղանի վրա առկա բազում արձանագրությունները, որմնանկարները և տապանաքարերի արձանագրությունները:
Երեկոյան հայրապետական պատվիրակությունն ուղևորվեց Բոմբեյ:
###