Միանձնուհիներ՝ Սուրբ Գայանե տաճարում
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ | Մարտ 7, 2007
Յուրաքանչյուր մարդ փորձում է կյանքում գտնել ինքնադրսեւորման իր ճանապարհը: Ոմանք նվաճում են վերելքներ, ոմանք կոտրվում ու հիասթափվում են, իսկ որոշ մարդիկ իրենց կյանքը նվիրելով Աստծուն՝ ընտրում են վանականի կյանքը եւ ինքնահաստատվում հոգեւոր աշխարհում: Համաձայն քրիստոնեական պատմական վկայությունների՝ Հայաստանում 5-րդ դարում գործել է կանանց մենաստան:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը փաստում է, որ պատմականորեն ապացուցված է, որ, մասնավորապես, Ներսես Մեծի օրոք կուսանոցների գործունեությունը մեծ վերելք է ապրել: Մինչդեռ, Պապ թագավորի ժամանակաշրջանում արդեն որոշակի արգելքներ են դրվել: Թեեւ մենաստանները կարեւոր առաքելություն ունեն քրիստոնեության մեջ, այդուհանդերձ, խորհրդային տարիներին դրանք անկում են ապրել, ավելին՝ հալածվել են իշխանությունների կողմից: Տեր Վահրամ քահանայի հավաստմամբ՝ մենաստանների գոյությունը կրկին վերաիմաստավորվել է, եւ 2000 թվին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ վերականգնվել է միանձնուհիների հաստատությունը: Նախկինում միանձնուհիներն իրենց ծառայությունն անցկացնում էին Սբ. Հռիփսիմե տաճարում, սակայն ներկայումս տեղափոխվել են Սբ. Գայանե տաճար: «Տաճարում շուտով գործելու է մանկատուն, որտեղ միանձնուհիներն իրենց քրիստոնեական ծառայությունները կմատուցեն»,- վստահեցնում է Տեր Վահրամ քահանան: Այցելելով կանանց մենաստան՝ մենք պարզեցինք, որ այնտեղ ներկայումս ապրում են 3 միանձնուհիներ՝ քույր Եղիսաբեթը, քույր Աստղիկն ու քույր Տաթեւիկը: Մ.Ա.Ս.Է.-ի լուսարարապետ, միանձնուհիների վերակացու Արարատ եպիսկոպոս Գալթակճեանին խնդրեցինք պատմել միանձնուհի դառնալու կարգ ու կանոնի, նրանց կենցաղի, հոգեւոր կրթվածության մասին: Վերջինս, սակայն, խորհուրդ տվեց խոսել անձամբ իրենց՝ քույրերի հետ՝ ասելով, որ՝ «Ճիշտ է՝ իրենց ղեկավարը ես եմ, բայց, քանի որ նոր եմ եկել այստեղ, դեռ չեմ հասցրել շատ բան իմանալ»: Միանձնուհիները կրում են հատուկ համազգեստ՝ սեւ սքեմ, գլխաշոր եւ թասակ: Սքեմի խորհուրդն աշխարհից հրաժարվելն է, ինչն ամենեւին չի նշանակում, որ մարդու հոգին սգում է, ճիշտ հակառակը` հոգին ցնծում է, մարմինը` սգում: Առանձին ծիսական արարողությունների ժամանակ կրում են ծիսական համազգեստ՝ փարաջա: Միանձնուհիների կենցաղը կարգավորվում է կազմակերպված օրակարգով՝ աղոթաժամերով եւ տարաբնույթ աշխատանքներով: Խստորեն պահպանվում են բոլոր պահոց օրերը: Հիվանդության դեպքում պահքը պետք է պահել բացառությամբ վանահոր օրհնությամբ, հակառակ պարագայում հնարավոր է առողջությունը վտանգել, ինչը համարվում է անհնազանդություն: Ըստ միանձնուհիների, պահքը խոկումի շրջան է, Աստծո հետ մերձենալու հնարավորություն: Պահքի ժամանակ հրաժարվում են կենդանական կերակուրներից, ոմանք նույնիսկ հաց ու ջրով կամ ծոմով են անցկացնում պահոց օրերը: Միանձնուհիներն իրավունք ունեն ամսվա մեջ մեկ անգամ այցելել հարազատներին, սակայն, եթե նրանց տրված հանձնարարությունը թերի է, ապա նախընտրելի է այդ օրը նույնպես նվիրել ծառայությանը: Մեր այցելության ժամանակ քույր Եղիսաբեթը խնամում էր ծեր հոգեւորականներից մեկին: Փորձեցինք խոսել քույր Աստղիկի եւ քույր Տաթեւիկի հետ: «Նախ՝ դուք մեր մի քանի հարցերին պատասխանեք, հետո նոր կխոսենք: Ինչո՞ւ որոշեցիք հենց այս թեմայով գրել: Դուք Ավետարան կարդո՞ւմ եք: Հավատո՞ւմ եք Աստծուն: Դուք մկրտվա՞ծ եք»,- հարցերով դիմեցին ինձ: Միայն այս հարցերի պատասխանները լսելուց հետո նրանք պատրաստակամություն հայտնեցին հարցազրույց տալ, ամենայն հավանականությամբ՝ համոզվելով, որ «չար ուժերի կողմից չենք եկել»: Նրանց համոզմամբ՝ վանքում առաջին պայմանը հնազանդությունն է: Հետեւաբար՝ հպարտությունն ամենամեծ մեղքն է, իսկ խոնարհությունը` մեծագույն առաքինություն:
«Իմ միջի հին մարդը վիրավորվում էր»
Քույր Տաթեւիկն արդեն 7 տարի ապրում է կանանց մենաստանում: Անգլերենի մասնագետ է, աշխատել է Ազգային գրադարանի օտար լեզուների բաժնում, այնուհետեւ՝ Պրակտոլոգիայի ինստիտուտում: Պատմելով աշխարհիկ իր կյանքից՝ ասում է, որ եկեղեցու եւ հոգեւորականների նկատմամբ խորը հարգանք տածելով հանդերձ, անգամ մկրտված չի եղել: «Շարժման տարիներին ես մեծ հիասթափություն ապրեցի եւ սկսեցի Աստծուն փնտրել: Մարդիկ շատ դեպքերում հավատքի են գալիս սթրեսներից, հիասթափությունից, կամ էլ բարեպաշտ ծնողների դաստիարակությունից են ժառանգում հավատքը, եւ լինում է, երբ հրաշքից է ծնվում այն: Մարդկային տկարությունը տեսա, Աստծուն փնտրեցի եւ հասկացա, որ միակ ճշմարիտը, ամենակարողը Աստված է»,- ասում է նա: Քույր Տաթեւիկի հարազատները չեն փորձել նրան ետ պահել ընտրած ճանապարհից, քանի որ նրա մեջ, ի վերջո, երջանկություն են տեսել: «Ֆիլմերում վանականների մասին դրվագներ էի տեսնում ու էնպիսի զգացողություն էի ունենում, որ այդ մարդիկ ինչ-որ խաղաղություն ունեն, մի բան են գտել, որը ես չունեմ»,- պատմում է նա ու հավելում, որ մշտապես փնտրել է ներքին հանդարտություն: Այնուհետեւ իմացել է, որ Վեհափառը նպատակ ունի վանական կյանքով ապրողների համար հաստատություն բացել: Ցանկացողներին հավաքագրելիս, սակայն, նա չի համարձակվել ցուցակում ընդգրկվել՝ համարելով, որ այդ կյանքն իր համար անհասանելի բարձունք է: «Բայց Աստծո կանչը շատ առարկայորեն ստացել եմ: Բոլորովին անծանոթ, պատահական մարդիկ ինձ մոտեցել, ասել են՝ դու ինչո՞ւ չես գնում վանք: Մարդկայնորեն վիրավորվել եմ, դե՛, հին մարդն է քո մեջ խոսում, բայց ներքուստ ինձ համար դա մեծագույն գնահատական էր»: Այդուհանդերձ, նա ցուցակագրվել է: Նա ասում է, որ այդ ժամանակ միանձնյա կյանք վարել ցանկացողները բավականին շատ են եղել: Փորձնական շրջանը հաղթահարելու համար ցուցակագրված միանձնուհիներին ուղարկել են Հաղպատ: «4 ամիս Հաղպատում մնացինք: Բոլորովին ծանոթ չէինք այդ հոգեբանական ապրումներին, նրբություններին»: 11 հոգուց 5 հոգով են վերադարձել Սբ. Հռիփսիմե, իսկ մյուսները չեն դիմացել, հեռացել են: Քույր Տաթեւիկը մենաստանի բացվելուց ի վեր այնտեղ է եւ վկայում է, որ շատ կանայք են ընտրել միանձնուհու կյանքը, սակայն որոշ ժամանակ անց տարբեր պատճառներով դուրս են եկել: Միանձնյա կյանքն ընտրելով՝ մարդն ամբողջ կյանքը մենաստանում անցկացնելու ուխտ է կնքում Աստծո հետ: «Վանք մտնողը պիտի համարի, որ ինքը ոչինչ չունի, ինչ էլ ունի` պետք է թողնի վանքին: Կամքդ նվիրում ես Աստծուն, բայց ոչ թե դառնում ես անկամ մեկն, այլ կամքդ հզորանում է: Երբ քո կամքը միացնում ես Աստծո կամքին` դառնում ես զորեղ: Դրանից հետո տագնապ, ընդվզում չի լինում, խաղաղություն է տիրում»,- վստահեցնում է քույր Տաթեւիկը: Ասում է, որ թե՛ դժվար պահերին, թե՛ երջանկության զգացողության ժամանակ հասկանում է, որ ճիշտ է իր ընտրած ճանապարհը: «Միշտ օրհնում եմ մեր Վեհափառին, որ վանքի կայացման հնարավորություն ստեղծեց: Սա իմ կոչումն է, ամեն մարդ պետք է իր կոչումն ունենա, եւ, եթե նա աշխարհական կոչում ունի, ապա կարող է աշխարհական լինելով փրկվել: Սա անփոխարինելի մի բան է, կատարյալ երջանկություն է»,- վստահեցնում է նա` ասելով, որ հոգեւոր պատերազմում վհատությունը, ձանձրույթն ու պատրանքներն անխուսափելի են, ինչը հնարավոր է ի չիք դարձնել աղոթքով եւ Աստծուն ապավինելով:
Միանձնուհին աշխարհիկ պարտականություններ չպետք է ունենա
Քույր Աստղիկը մեկ ու կես տարի է, ինչ կանանց մենաստանում է: Մասնագիտությամբ քիմիկ-ինժեներ է եւ մինչ մենաստան գալն աշխատել է «Ալմաստ» գործարանի էքսպորտի բաժնում, այնուհետեւ՝ «Կանազ» գործարանում: Ասում է, որ բարեպաշտ ընտանիքում է մեծացել: Հայրական եւ մայրական գերդաստաններում բոլորը մկրտված, Առաքելական եկեղեցու հետնորդներ են: «Ծնված օրվանից մշտապես քրիստոնեական հավատքի մեջ եմ եղել, բայց դեռեւս չէի ճանաչում Քրիստոսին, իսկ երբ իր աստվածագիտության լույսը մեջս առկայծեց` բոլորովին այլ կերպ մոտեցա այս խնդրին: Հասկացա, որ իմ երջանկությունը կապված է Քրիստոս անվան հետ: Երբ ստանում ես այդ գիտության լույսը` ուզում ես ապրել այդ կյանքը»,- մենաստան գնալու իր որոշման նախապատմությունը ներկայացնում է քույր Աստղիկը: Նրա հավաստմամբ` վանքն այն հաստատությունն է, որտեղ կարելի է իրագործել ավետարանական ճշմարտությունները: «Քանի որ մեզ մոտ ընդհատված էր վանական կյանքը, ինձ համար այն երազանք էր: Շատ էի կարդում, վանական, անապատական, սրբերի կյանքով ապրած մարդկանց մասին: Վանական կյանքի փափագն աշխարհում միշտ իմ մեջ կար»,- ասում է քույր Աստղիկը, ով այդ կյանքն ընտրել է հոգու կանչով: Ի դեպ, քույր Աստղիկը մեկ ու կես տարի փորձաշրջան է անցել. «Այսինքն՝ փորձաշրջանն այն կյանքն է, ինչ որ հետո պիտի ապրես: Այն շրջանն է, որպեսզի տեսնեն՝ կարո՞ղ ես կրոնավորի կյանքով ապրել, թե՞ աշխարհի խնդիրներից փախել ես: Կամ պրոբլեմներ ունես, եւ վանքը քեզ համար պատսպարան է»,- ասում է նա:
Այն կարծիքը, թե ամուսնացած կանայք չեն կարող միանձնուհի դառնալ` ճիշտ չէ, պարզապես վանական կինն աշխարհիկ կյանքում պարտականություններ չպետք է ունենա, օրինակ` երեխայի կամ ծնողի խնամք եւ այլն:
Միանձնուհիների հետ զրույցի ընթացքում հետաքրքիր խաղաղություն էի նկատում. այս կանայք իրենց աշխարհում երջանիկ են:
http://www.168.am/am/articles/9631-pr