ԶՐՈՒՅՑՆԵՐ ԿԱՆԱՆՑ ՄԱՍԻՆ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐՈՎ
ԿԱՆԱՆՑ ԸՆՏՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ` ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ԿՈՆԴԱԿՈՎ
ՙՑավերով երեխաներ պիտի ծնես, քո ամուսնուն պիտի ենթարկվես, եւ նա պիտի իշխի քեզ վրա՚:
Աստվածային այս դատաստանից մինչեւ ֆեմինիզմի ու գենդերային քաղաքականության մեր ժամանակները կին արարածը երկար ճանապարհ է անցել: Դժվար է ասել` կանանց իրավահավասարության գաղափարն առաջինը կնո±ջ, թե± տղամարդու գլխում է ճառագել: Իրականությունն այն է, որ աշխարհի առաջադեմ կոչված հատվածում ժամանակակից կինը վաղուց վերարժեւորել է իր գոյության իմաստը` դառնալով նաեւ հասարակական ու քաղաքական կյանքի դերակատար:
Նահապետական հայուհու կերպարը եւս անցյալինն է: Իսկ հայ կնոջ իրավահավասարության մասին շուրջ 100 տարի առաջ բարձրաձայնել է Հայ Եկեղեցին:
ԱՎԵԼԻ ՎԱՂ, ՔԱՆ ԱՆԳԼԻԱՅՈՒՄ
Ընտրական իրավունքի համար ոտքի ելած անգլիացի սուֆրաժիստուհիներին անհրաժեշտ եղան պայքարի տասնյակ տարիներ, որպեսզի հասնեն ցանկալի արդյունքի: Անգլիական պառլամենտը Ալբիոնի դուստրերին ձայնի իրավունք շնորհեց միայն 1918 թվականին:
Արեւմտյան կանանց համեմատ հայուհիների քաղաքական հավակնություններն առավել քան համեստ են: Սակայն ընտրական իրավունք հայ կանանց շնորհվել է փոքր-ինչ վաղ, քան Անգլիայում: Ավելին` հայուհիներին ընտրելու իրավունք շնորհել է Հայ Եկեղեցին` չնայած կանանց համար սահմանած միջնադարյան իր խստաբարո կանոնների: ՙԿանայք պարկեշտ եղեք, զանազան գույներով երեսներդ մի ներկեք, կախարդության եւ չեղատվության հետեւից մի ընկնեք, հապա կատարեցեք ձեր պարտավորությունները սրբությամբ եւ ձեր պարկեշտ վարքով օրինակ եղեք ձեզնից փոքրերին՚,- հայ կանանց խրատում էր 12-րդ դարի կաթողիկոս Ներսես Շնորհալին: Իսկ Մխիթար Գոշն իր ՙԴատաստանագրքում՚ արգելում էր կանանց դատարանում վկայություն տալ:
Ինչեւէ, ժամանակի պահանջներին համահունչ փոխվում է նաեւ եկեղեցու վերաբերմունքը:
Արդեն 1908-ին, երբ Հայ Եկեղեցին նախապատրաստվում էր նոր կաթողիկոսի ընտրության, զանազան քննարկումներ են տեղի ունենում, որոնց ընթացքում ի թիվս այլ հարցերի առաջարկվում է նաեւ իգական սեռին տալ արականներին հավասար ձայնի իրավունք: Սակայն այս իրավունքը շնորհվում է միայն 1917-ին` Ամենայն Հայոց Գեւորգ Ե կաթողիկոսի կոնդակով. ՙԱյս օրվանից արտոնում ենք կանացի սեռի իրավունքների վերականգնումը համայնական գործի մեջ: Կանացի սեռի յուրաքանչյուր անհատ իրավունք ունի` տղամարդոց հետ միասին մեր հանրական կյանքի ամեն մի գործի մեջ հանդես գալու, թե ձայնավության եւ թե ընտրության ժամանակ, իրավատեր լինել ե’ւ ընտրելու, եւ’ ընտրվելու, մի արտոնություն, որ մինչեւ այժմ այր մարդոց էր վիճակված եւ նոցա’ իրավունքն էր համարվում՚:
Ավելին, վերականգնելով կանանց`հանրային կյանքին մասնակցության իրավունքը` Ամենայն Հայոց կաթողիկոսը նշում է, որ Հայ Եկեղեցում ի սկզբանե իշխել է քրիստոնեական եւ համայնական հավասարության ոգին, եւ եկեղեցու յուրաքանչյուր անդամ ազատորեն մասնակցել է հանրային կյանքին, իսկ այդ ոգին մոռացվել է օտար ազդեցությունների հետեւանքով: Մոռացված այդ ոգու մասին կարելի է փաստել` օրինակ բերելով 1441թ. ազգային-եկեղեցական ժողովին կանանց մասնակցության վերաբերյալ պատմական միակ վկայությունը:
Ինչեւէ, այսօր հայ կինը ե’ւ ազգային-եկեղեցական ժողովի պատգամավոր է, ե’ւ եկեղեցական-ծխական մարմինների ակտիվ ներկայացուցիչ:
Սակայն, այսպես թե այնպես, եկեղեցին դոգմատիկ կառույց է, եւ կանանց իրավահավասարության հարցը դուրս է եկեղեցու հոգեւոր-վարչական իշխանության տիրույթից: Թեեւ մինչ վերջերս Հայ Եկեղեցում հանդիպում էին նաեւ ձեռնադրված սարկավագուհիներ:
ՁԵՌՆԱԴՐՎԱԾ, ՍԱԿԱՅՆ ՈՉ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆ
Երբ 1987թ. Լամբեթի ժողովում Անգլիկան եկեղեցին ձայների մեծամասնությամբ ընդունեց կանանց քահանայության հարցը, կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցիները միանշանակ մերժեցին այն: Աստվածաշնչյան կանոններով արական սեռին է միայն վերապահված քահանայության իրավունքը: Կանանց` եկեղեցուն ամբողջական նվիրումի օրինակ են սակայն կանանց մենաստանները, որոնց միանձնուհիները որոշ հնադավան եկեղեցիներում անգամ ձեռնադրվում են` զերծ մնալով սակայն հոգեւոր իշխանությունից:
Հայ Եկեղեցում ոչ այնքան մեծ տարածում գտած կուսանոցները եւս ունեին ձեռնադրված սարկավագուհիներ: Չունենալով որեւէ հոգեւոր իշխանություն` հնում նրանք մկրտության էին պատրաստում կանանց, քահանայի պատվերով կատարում կանանց վերաբերյալ հոգացողությունները եւ այլն: Միջնադարում նրանցից շատերը շնորհալի գրիչներ էին: Սակայն առավել հետաքրքիր են հայ սարկավագուհիների մասին ոչ վաղ անցյալի հիշատակումները:
Եթե երբեւիցե ուշադրությամբ դիտել եք Սբ Էջմիածնի Մայր Տաճարի մուտքի ավագ դուռը, նկատած կլինեք նաեւ փորագիր արձանագրությունը: Փայտե քանդակազարդ դուռը Թիֆլիսի Սբ Ստեփանոս վանքի վերջին միանձնուհու` ավագ սարկավագուհի Հռիփսիմե Թահիրյանցի նվերն է Մայր Աթոռին` 1889 թվագրությամբ:
20-րդ դարի մայրապետների մասին կան նաեւ այլ հիշատակումներ: 1936թ. Պոլսից Անթիլիաս են ժամանում Գալֆայան որբանոցի մայրապետները` Աղավնի եւ Մարիամ քույրերը` Մեռոնօրհնեքին ներկա գտնվելու նպատակով: Մայրապետ Աղավնին ձեռնադրված սարկավագուհի էր, իսկ քույրը` դպիր: Նրանց մասին ՙՀասկ՚-ը հաղորդում էր, որ երկու քույրերն արաբկիրցի են եւ ուխտել են զբաղվել Գալֆայան որբանոցի հայ որբուհիների կրթությամբ ու դաստիարակությամբ, նրանց ամուսնական խնդիրներով:
Անցյալ դարի կեսերին մեկ տասնյակից ավելի մայրապետներ էին բնակվում նաեւ Երուսաղեմի հայոց պատրիարքարանում: Միջինից բարձր տարիքի այս կանայք ընդունվում էին վանք` ցկյանս վանքին ծառայելու նպատակով: Նրանք հոգում էին միաբանների եւ Ժառանգավորաց վարժարանի սաների կենցաղային հարցերը: Կանայք հագնում էին սեւ վերարկու եւ քող, որը տրվում էր հոգեւորականի օրհնությամբ:
Այսօր սեւազգեստ կանանց կարելի է տեսնել նաեւ Մայր Աթոռ Սբ Էջմիածնում: Սբ Գայանե վանքում բնակվող երեք կույսերը ձեռնադրություն չունեն: Շատ շուտով նրանք կզբաղվեն նոր ստեղծվող մանկատան երեխաների խնամքով` վերականգնելով նաեւ Հայ Եկեղեցու կանանց մենաստանների ավանդույթը: Եւ թերեւս սա կլինի միակ վայրը, ուր կմոռացվեն կանանց իրավահավասարության մասին պնդումները:
ՀԵՂԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
http://www.hayashkharh.am/index.php#...id=46713&lang=