AZG Armenian Daily #049, 17/03/2007
Ընթացիկ
ՈՎՔԵՐ ԵՎ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԴԵՄ ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԶՈՐԱՑՄԱՆԸ ԵՎ ԻՆՉՈՒ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երբ որեւէ մեկը դժգոհում է այս կամ այն քաղաքական քայլից, երեւույթից կամ իրավիճակից, մի ամբիոն է գտնում եւ սկսում է քննադատել այն: Ամբիոնների տարբեր տեսակներ կան, որոնց արձագանքի արդյունավետությունը եւս հարաբերական է: Բոլորը գիտեն, որ ամենաարդյունավետն ու ընդունելին մեզանում օրեցօր ավելացող ակումբներից մեկում մամլո ասուլիս հրավիրելն է: Սակայն միջազգային կառույցների հայաստանյան գրասենյակների մի շարք պատասխանատուներ` մասնավորապես Ստեփան Դանիելյանը (ՙՀամագործակցություն հանուն ժողովրդավարության՚ ՀԿ նախագահ), Ավետիք Իշխանյանը (ՙՀայաստանի Հելսինկյան կոմիտե՚ ՀԿ նախագահ) եւ Մուշեղ Եկմալյանը (ՙԲաց հասարակության ինստիտուտի հիմնադրամ՚, (Սորոս) ծրագրերի պատասխանատու) իրենց բողոքը արտահայտելու յուրօրինակ ձեւ են գտել: Նրանք այս էլ երկրորդ անգամ նույն թեմայով քննարկում են կազմակերպել` դատափետելու ՙՀայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին՚ օրենքը: Հատկանշական է, որ օրենքի նախագիծն արդեն անցել է ԱԺ քննարկումների երրորդ ընթերցման փուլը եւ սպասում է ՀՀ նախագահի վավերացմանը:
Ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ օրենքը համարվեց մենաշնորհային, ավելին, Հայաստանյայց առաքելական եկեղեցին համեմատվեց շաքարավազի եւ բենզինի բիզնեսի հետ, եւ օրենքի ընդունումը նմանեցվեց խաշի սեղանի շուրջը հնչած խոստումի, չնայած որ ստեղծվել է փոփոխված սահմանադրության արդյունքում: Այնուամենայնիվ, նման երեւակայության գոհարներին փոքրաթիվ մասնակիցներից մի քանիսը միայն մտքում ծափահարեցին, այն էլ այն պարզ պատճառաբանությամբ, որ իրենք հանդես էին գալիս որպես թվացյալ տուժող կողմ` կրոնական փոքրամասնություն: ՙԱզգ՚-ի լրագրողներից Մարիետա Խաչատրյանի հարցին, թե ինչո±ւ քննարկում-քննադատությունը ժամանակին եւ տեղին չի արվել, այն էլ ԱԺ ամբիոնից, որի համար կարելի էր թեկուզ ընդդիմադիր թեւում ժամանակին լոբբիինգ իրականացնել, զեկուցողները միաբերան պատասխանեցին, թե ընդդիմադիրները միայն ընտրությունների համար են պայքարում: Այդ դեպքում հավանականությունը, որ թերի որակված օրենքը գոնե հետ կվերցվեր լրամշակման նրա հեղինակ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի կողմից, չէր բացառվում: Իսկ այս դեպքում, ինչպես դիպուկ նկատեց մեր գործընկերուհին, քննարկումը նման է ճաշից հետո մատուցված մանանեխի: Քննարկման նախաձեռնողները մխիթարեցին, թե` նախ օրենքը դեռ նախագահը չի ստորագրել, իսկ եթե ստորագրի էլ, խոստացան, որ կդիմեն սահմանադրական դատարան եւ միջազգային դատարան:
Ըստ բանախոսների, վիճարկվող օրենքի ամենավիրավորականն այն է, որ օրենքը սահմանափակում է կրոնական փոքրամասնությունների իրավունքները: Սրան հակադարձեցին իրավաբան Թոմ Սամուելյանը եւ ԵՀԽ Կլոր սեղանի պատասխանատու Կարեն Նազարյանը, որոնք շեշտեցին, թե չափազանցվում է կրոնական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման հարցը: ՙԿրոնական հանդուրժողականությունը օրենքով չի սահմանվում, դա մշակույթի հարց է, որ կամաց- կամաց փոխվում է մեզ մոտ՚, նշեց Թ. Սամուելյանը, որ նաեւ ընդգծեց, թե պատմական եկեղեցու դերն օրենքով ամրագրելը գուցե առավելություն է, բայց տվյալ դեպքում մեկին առավելություն տալը, մյուսին ոտնահարել չի նշանակում: Եվ վերջապես, ՙանհանգիստ՚ կրոնական կազմակերպություններն իրենք էլ ազատություն ունեն սեփական եկեղեցու եւ ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորող օրենք ունենալու:
Օրենքի ընդունումը թերեւս նախաձեռնողականության հարց է, բայց փաստենք ոչ պակաս հետաքրքրական մի հանգամանք: Հայաստանյայց առաքելական եկեղեցին, որ շատերի մոտ նույնացվում է ազգային որակական արժեքների պահպանման եզակի կենտրոնի հետ, ինչո±ւ է այդքան անհանգստացնում միջազգային դոնոր կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցիչներին: Չլինի± թե եկեղեցու դերի գիտակցումն ու նրա ցանկալի միասնականությունն ու հզորացումը շատ մոլի ազատականների քիմքին հարիր չէ: Տեսնես` ինչո±ւ:
Հ.Գ. ՙԱզգի՚ նախորդ քննարկման մասին հրապարակումն ակնհայտորեն դուր չէր եկել նախաձեռնողներին: Թերեւս դա է պատճառը, որ Ստ. Դանիելյանը ցուցադրելով իր անհանդուրժողականությունը բազմակողմանի տեղեկատվության նկատմամբ, բարձրաձայնեց իր ցանկությունը` դատի տալ ՙԱզգին՚: Տեսնենք, տեսնենք...
© Copyright AZG
http://azg.am/?lang=AM&num=2007031720