A1PLUS //
--------------------------------------------------------------------------------
ՍԱՓՐԱԳԼՈՒԽՆԵՐԸ ՆԵՐԽՈՒԺԵԼ ԵՆ ՚ՓԱԿԱԳԻԾՙ
[04:52] 02 Ապրիլի, 2007 [
http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=47299 ]
Այսօր ժամը 13.00-ին ՚Փակագիծՙ ակումբում նախատեսված Արամ Գասպարի Սարգսյանի ասուլիսը չի կայացել: ՚Ասուլիսի ընթացքում ներխուժեցին ԺԱԿ-ի նախագահ Սպարտակ Մելիքյանի 15 սափրագլուխները եւ ընդհատեցին մամուլի ասուլիսը: Նրանք հայտարարեցին, որ այդ տարածքը ԺԱԿ-ը գնել է: Ես նրանց խնդրեցի թույլ տալ ավարտել ասուլիսը, սակայն նրանք սկսեցին քաշքշել ու հայհոյել լրագրողներինՙ,- Ա1+ին տեղեկացրեց ՚Փակագիծՙ ակումբի նախագահ Ագապի Հայկազունին : Նրա ասելով՝ սափրագլուները իրեն թույլ չեն տվել նաեւ վերցնել ՚Փակագծիՙ գույքը: Այսօր մինչեւ ուշ երեկո ՚Փակագիծՙ թերթի աշխատակիցներն ու գլխավոր խմբագիրը գտնվում էին գրասենյակում, որպեսզի ԺԱԿ-ի սափրագլուխները չտանեն իրենց գույքը: ՚Միջադեպից անմիջապես հետո ես զանգահարեցի Էրեբունի համայնքի ոստիկանությունը: Ներկայացավ անձամբ ոստիկանապետ Նվեր Հովհաննիսյանը, եւ քրեական գործ հարուցվեց հանցագործների նկատմամբ: Ավելի ուշ, երբ կրկին զանգեցի ոստիկանություն եւ խնդրեցի գալ եւ օգնել մեր գույքը տեղափոխել, նրանք հրաժարվեցին: Ես հասկացա, որ ոստիկանությանը ճնշել ենՙ,- ասաց տիկին Հայկազունին: Այսօր այս միջադեպից հետո ՚Փակագծիՙ խմբագրություն են ներկայացել նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչները: Նրանց ներկայությամբ սափրագլուխները մեխել են խմբագրության դռները, որպեսզի թերթի աշխատակիցները չկարաղանան դուրս բերել համակարգիչներն ու գույքը: Ագապի Հայկազունու խոսքերով իրենք չեն պատրաստվում դուրս գալ խմբագրությունից՝ թողնելով իրենց պատկանող գույքը եւ գիշերելու են խմբագրությունում: