ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ՊԱՇՏՈՆ՝
ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, Վիրահայոց թեմի, ինչպես և աշխարհասփյուռ առաքելական բոլոր եկեղեցիներում, հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի կատարվեց հոգեհանգստյան պաշտոն՝ ի հիշատակ կյանքից վաղաժամ հեռացած ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի:
Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում պաշտոնն անցավ հանդիսապետությամբ թեմի առաջնորդ Տ.Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ տեղի հոգևոր դասի: Իրենց ներկայությամբ ու աղոթքով Անդրանիկ Մարգարյանի հիշատակը հարգեցին ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանը, Վրաստանի Հայերի Միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, բազմաթիվ հավատացյալներ: Հընթացս արարողակարգի, Սրբազան Հայրն իր մխիթարանքը բերեց նորոգ հանգուցյալի ընտանիքին, գործընկերներին ու Հայաստանի կառավարությանը: Նա արժևորեց այն մեծ ներդրումը, որն ունեցավ ազգային, պետական ու քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանը՝ Հայաստանի պետականության կայացման գործում: Վազգեն Սրբազանը երախտագիտությամբ խոսեց վիրահայ համայնքին ու Եկեղեցուն հուզող հիմնախնդիրների նկատմամբ երջանկահիշատակ Վարչապետի կողմից ցուցաբերվող գործուն ուշադրության մասին:
Հոգեհանգստյան արարողություններ կատարվեցին նաև Բաթումիի Սուրբ Փրկիչ և Սամցխե-Ջավախքի փոխառաջնորդության հայոց եկեղեցիներում: Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում արարողությունն անցավ նախագահությամբ առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգեն աբեղա Սալբիյանի: Արարողակարգերին ներկա էին տեղական իշխանության մարմինների ղեկավարներ և բազմահոծ հայորդիներ:
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄ
փող. Սամղեբվրո թիվ 5, Թբիլիսի, Վրաստան, 0114
Հեռախոս` 00 995 32 75 41 11
Ֆաքս` 00 995 32 75 17 90
Բջջային` 00 995 99 41 34 74
Էլ.փոստ`
armenian_diocese@yahoo.com