ՀԺԿ. իշխանության հետ պայմանավորվելու արդյունքները
11:29 Yerevan | 7:29 GMT | Thursday 26 April 2007
Ավետիս Բաբաջանյան
Արտաշատցի ծանոթներիցս մեկը երեկ պատմում էր, որ իրենց քաղաք այցելած ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ հանդիպման գնացել էին մեկ տասնյակից էլ քիչ արտաշատցիներ: Պարոն Դեմիրճյանը տեսնելով ներկաների քանակը` շատ արագ կողմնորոշվել եւ հեռացել է հայոց հինավուրց մայրաքաղաքից:
Իհարկե մյուս կուսակցություններն էլ չեն կարող հպարտանալ, որ երբ ընտրողները լսում են իրենց այցերի մասին` քուն ու դադար կորցրած սպասում են բաղձալի օրվան եւ ժամին, եւ դեռ մի քանի ժամ էլ շուտ են գալիս հրապարակ հանդիպման ժամանակ առաջին շարքերում լինելու համար: Բայց այն, ինչ կատարվում է ՀԺԿ-ի հետ` քննարկման առանձին թեմա է: Հիշենք որ նախընտրական շրջանում ինքնալուծարվեցին եւ կուսակցությունից դուրս եկան ՀԺԿ երկու մեծ մարզային կառույցներ` Կոտայքինը Սմբատ Եղիազարյանի գլխավորությամբ եւ Գյումրիինը` Արտաշես Կարապետյանի ղեկավարությամբ: Իհարկե ՀԺԿ-ն այն կուսակցությունն է, որ իր գոյության 9 տարիների ընթացքում նման ապահարզաններ շատ է տեսել, եւ ամեն նման դեպքում հայտարարել է, որ այդ հեռացողներին իրենք, միեւնույն է, պետք է հեռացնեին կուսակցությունից, որ նրանց հեռանալն այնքան էլ մեծ կորուստ չէ բազմահազար շարքեր ունեցող կուսակցության համար, որ այդ հեռացողներին արդեն փոխարինել են մի քանի անգամ ավելի մեծ թվով նորագիրներ: Արդյունքում` Կարեն Դեմիրճյանի ստեղծած իրոք մի քանի տասնյակ հազարանոց կուսակցությունից այսօր մնացել է հազիվ մի քանի հարյուր անդամ ունեցող մարդկանց խումբ: Սակայն Կոտայքի եւ Գյումրիի դեպքերը որքան որ նման են նախորդ հեռացումներին իրենց ձեւով, ապա նույնքան տարբերվում են իրենց բովանդակությամբ, այսինքն` հեռանալու պատճառներով: Օրինակ` երբ ՀԺԿ-ից դուրս էին գալիս ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանն ու փոխնախագահ Գագիկ Ասլանյանը, կամ նույնիսկ ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը, ապա դա իր պարզ բացատրությունն ուներ` նրանք ՀԺԿ էին մտել իշխանության գալու համար եւ երբ տեսան, որ ՀԺԿ-ն իշխանությունից դառնում է ընդդիմություն, անմիջապես լքեցին խորտակվող նավը` տեղ գրավելով իշխանության կողքին: Այդ նույն տրամաբանությամբ ՀԺԿ-ից դուրս եկան ավելի անհայտ գործիչներ, մանր ու մեծ չինովնիկներ, տարածքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր այդ քայլին դիմեցին իրենց աշխատանքը չկորցնելու կամ նոր աշխատանք գտնելու հույսով: Սակայն ինչպես նշեցինք 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին տեղի ունեցող իրադարձություններն իրենց տրամաբանությամբ տարբերվում են մինչ այդ տեղի ունեցածից: Նախկինում ՀԺԿ-ն յուրաքանչյուր լքողից հետո կուսակցության ներկայացուցիչները հայտարարում էին, որ այն, ինչ տեղի է ունենում իրենց կուսակցությունում կազմակերպված է իշխանությունների կողմից, որ դա հերթական ճնշումն է ընդդիմադիր կուսակցության նկատմամբ: Իսկ նրանց մասին, ովքեր հեռացել էին կուսակցությունից կարելի էր ասել, որ նրանք իրենց համոզմունքներն ու գաղափարները փոխում են մի կտոր հացի հետ: Սակայն իրավիճակը կտրուկ փոխվեց, երբ ՀԺԿ Կոտայքի մարզային կազմակերպության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Սմբատ Եղիազարյանը հայտարարեց, որ իր համախոհների հետ դուրս է գալիս ՀԺԿ-ից, քանի որ տեղեկություններ ունի, որ կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը բանակցությունների մեջ է իշխանությունների հետ, որի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերել ՀԺԿ-ին 5 տոկոս տալու մասին: Դրանից քիչ անց, ՀԺԿ-ն լքեցին Գյումրիի տարածքային կազմակերպության խորհրդի անդամները` կառույցի ղեկավար Արտաշես Կարապետյանի ղեկավարությամբ: Նրանք իրենց այդ քայլը պատճառաբանեցին նրանով, որ չնայած ընտրարշավը սկսվել է, սակայն ՀԺԿ ղեկավարությունը ոչ մի աջակցություն չի ցուցաբերում տարածքային կազմակերպությանը տեղում ընտրարշավ կազմակերպելու համար, իսկ Գյումրիի ներկայացուցիչն էլ ընդամենը ՀԺԿ համամասնական ցուցակի չորրորդ տասնյակում է: Թեեւ այս երկրորդ հայտարարության մեջ ուղղակի ոչ մի մեղադրանք չկար ՀԺԿ-ի` իշխանությունների հետ համագործակցության մասին, սակայն դա հասկանալի էր տողատակերում: ՀԺԿ ղեկավարությունը քարոզարշավին կարող էր լուրջ չվերաբերվել միայն մի դեպքում, եթե նա պայմանավորվածություն ձեռք բերած լիներ իշխանությունների հետ, որ անկախ ամեն ինչից իրենք դառնալու են խորհրդարանական կուսակցություն: Հասկանալի է, որ եթե ՀԺԿ-ին նույնիսկ 10 տոկոս են խոստացել, ապա չորրորդ տասնյակում գտնվող ՀԺԿ ներկայացուցիչը ոչ մի հնարավորություն չունի օգտվելու այդ պայմանավորվածության արդյունքներից: Այսինքն` կուսակցության տարածքային կազմակերպություններն ու շարքային անդամները պետք չեն կուսակցության վերնախավին, քանի որ նրանք խորհրդարան են մտնելու ոչ թե նրանց կազմակերպած քարոզչության եւ դրա արդյունքում բերած ձայների, այլ իշխանությունների հետ պայմանավորվելու արդյունքում, իսկ կուսակցության շարքային անդամներին եւ տարածքային կառույցներին պետք չի այնպիսի ղեկավարություն, որը լուծում է միայն իր անձնական խնդիրները: Հենց այս պրոցեսի արդյունքում է, որ 50-60 հազարանոց ՀԺԿ-ից խորհրդարանական ընտրություններից հետո մնալու է 5-6 հոգի. այնքան մարդ, որքան ՀԺԿ խորհրդարանական խմբակցությունն է: