Արեգակ
Արև՛, արև՛, ե՜կ, ե՜կ,
Զիզի քարին վե՜ր եկ.
Սև-սև ամպեր հեռացեք,
Արևին ճամփա տըվեք:
Թողեք տող գա նա մե՜զ մոտ,
Դրա լույսին ենք կարոտ.
Կարմի՛ր արև ե՜կ, ե՜կ,
Նախշուն քարին վեր եկ:
Արևը հաղթեց ամպերին,
Շողքը ձգեց սարերին,
Զիզի քարը տե՜ս, տե՜ս
Պըսպղում է ոսկու պես:
Սիրուն արև, մի՜շտ եկ,
Զիզի քարին վե՜ր եկ:
Լուսնահաչ _
Հայրի՛կ, ինչու՞ մեր Բողարը
Միշտ հաչում է լուսնի վրան.
Մի՞թե պայծառ լուսնյակը
Մեկ վնա՞ս է տալիս նրան:
_ “ Ո՛չ, որդյակ իմ, ոչ թե վնաս
Այլ լույս, միայն լույս է տալիս,
Իսկ շանն՝ իբրև գայլի ցեղի,
Լույսը գիշերը դուր չի գալիս:
Բայց լուսինը խոմ չգիտե՞,
Որ իր վրան հաչողներ կան, -
Նա լուռ ու մունջ՝ բակ բոլորած՝
Շարունակում է իր ճամփան:
Մենք էլ, որդյա՛կ, լուսնի նման
Պետք է լույս տանք մութ աշխարհին,
Եվ համարենք, թե չենք լսում
Մեզ վրա զուր հաչողներին”:
|