Re: Անապատականություն և Վանականություն
Անապատականությունը թեպետ առաջացավ առանձին անհատների ինքնաբուխ նախաձեռնությամբ` Եկեղեցու նվիրապետական իշխանության ամիջական ներգործությունից թերևս մի փոքր անկախ, սակայն այն երբեք չվերածվեց Եկեղեցուց դուրս առանձին շարժման: Միայնակեցական անապատականների` անհատական կատարելության քրիստոնեական իդեալին գումարվեց նաև վանականների` հավաքական կատարյալ կենսակերպի իդեալը` իբրև օրինակ ունենալով քրիստոնեական առաջին համայնքներում իշխող փոխադարձ եղբայրասիրության և ծառայության ոգին: Այն կարելի է բնորոշել իբրև Երկնքի Արքայության` երկրի վրա հոգևոր խորհրդանիշն իրական կյանքի վերածելու գործընթաց: Վանականությունը սերտորեն ներգրավվեց նվիրապետական համակարգի մեջ` առաջացնելով կուսակրոնության ինստիտուտը: Վանքերում զարգացավ նաև Եկեղեցու պաշտամունքային ծիսակարգը` հակապես ամենօրյա աղոթաժամերի` ժամերգությունների համակարգը: Իբրև զուգահեռ բարիք` վանքերում ծաղկում ապրեց նաև քրիստոնեական մշակույթը: Վանքերը դարձան գիտակրթական և մշակութային օջախներ` մեծ առաջընթաց ապահովելով քրիստոնեական գրականության, արվեստի և գիտական տարբեր համակարգերի համար:
Մեր օրերում ևս, թեպետ ոչ երբեմնի հզորությամբ, վանքերը շարունակում են իրականացնել կարևոր առաքելություն` թե նպաստելով հոգևոր սպասավորների պատրաստությանը և թե հանդիսանալով մշակութային ուրույն կենտրոններ:
|