Ответ: David Melik
ԼԻՆԵԼ ԱԶԱՏ
Լինել ազատ
հայացքներից, երազներից ու բառերից
և գիտակցության սարսափների հետ վարվել ինչպես քուրմ,
կապել բառերով,
խառնել խելագար երազների հետ
ու նետել սոված էն հայացքներին,
որ լափում են ինձ...
ու լինել ազատ
ու չճանաչել ոչ մի կենսափորձ
ու չունենալ վախ,
միայնակության երեսին թքել
մտքովս անցած բոլոր բառերի միասնությունը...
ու լինել ազատ
ու լռությունը խաչել իբրեվ զոհ,
որ չկրկնվի էլ պատմությունը,
որ վակում լինի
երկու շուրթերը իրարից զատող տարածությունը,
Մարիամ անունը
դնել մյուս բոլոր անունների մոտ,
առանց որևէ կարոտի, կրքի
ու սիրել միայն անմահությունը...
ու լինել ազատ...
ու լինել ազատ...
Հրաժեշտ
Բաժանման ահն ու թախիծը ծածկած
Շինծու ժպիտով`շիկնող, գեղեցիկ,
Իմ քաղաքն իր հայացքը հառած
Իմ ճանապարհին`մշուշի միջից
Մեր հրաժեշտի եղյամն էր մաղում:
Ուշ երեկո էր: Կասկադից ներքև
Լույսերի խաղը նոր էր կատաղում,
Եվ հրաժեշտի մեղեդին թեթև
Անուրջների ու տպավորության
Խառնափնջեր էր ճամփեքիս փռում:
Տխուր էր պահը: Բայց ողբերգության
Ոչ մի հետք չկար կիսախավարում:
Մեկն ինձ շշնջաց."Մեկնումը մահ չէ,
Իսկ կյանքում դու ինձ չես մոռանալու:
Կարոտի ձայնով ես քեզ կկանչեմ,
Եվ ուր էլ լինես ետ ես դառնալու":
|