ԱՄՊԸ
Ամպը հառաչում էր լեռան լանջին,
Դողում, սարսռում էր հասակով մեկ։
Գալիս, փաթաթվում էր վեցկու մաճին,
Հետո թավալվում էր ակոսի մեջ։
Հետո վեր էր կենում, շտկում իրեն,
Կրկին ձևեր փոխում նա զանազան,
Բարձրանում էր հետո կողերն ի վեր
Եվ շիկացած ուսն էր շփում եզան...
Իսկ ճաշթողի ժամին դառնում էր շուն,
Թաթերին էր դնում դունչը մռայլ,
Նայում էր ապուրի տաք գոլորշուն,
Թվում էր ուր-որ է պիտի մռռար։
Բայց չէր մռռում, ավաղ, վեր էր կենում,
Մացառներին թողած պոչը փռչոտ,
Նայում սարերն ի վեր, սարերն էր գնում,
Գնում էր չորեքթաթ կամ չոքեչոք։
Գնում էր, չէր լսում,— Այդ ո՞ւր, Բողա՛ր...
Ի՞նչ Բողար, ճախրում էր, չէր նայում ետ։
Գնում էր, որ վաղը երկինքն ի վար
Դառնար կայծակ, կարկուտ, դառնար աղետ:
|