ԹԵՊԵՏԵՎ ԲԱԽՏԸ ՄԵԶ ՇԱՏ ՀԱՐՎԱԾԵՑ
Թեպետև բախտը մեզ շատ հարվածեց
Երկար դարերով, ահեղ հարվածով,
Թեպետև էսպես ցրվեց, տարածեց,
Ձգեց հողեհող, փռեց ծովեծով,
Վկա է սակայն բովանդակ երկիր,
Որ մենք կարեվեր ապրում ենք կրկին,
Եվ ուր հասնում է հայ գիրքն ու գիր՝
Կենդանի է դեռ հայության ոգին:
Եվ թարմ աղմուկով մանկունք մեր մատաղ
Առաջ են խաղում լուսավոր տենչով,
Եվ թնդում են դեռ հայ երգն ու տաղ
Հարազատ լեզվով, հայրենի շնչով:
Եվ իր փլատակ տների տակից
Ելնում է ահա հզոր ժողովուրդ
Իր վեհ ճակատին տանջանք ու թախիծ,
Խորունկ հայացքում մեծ կյանքի խորհուրդ:
Ո՜վ դուք սրբազան Մասիս, Արագած,
Էդ ձեր երկնամուխ գոհար թագերով,
Եվ որ նրանցից վերև խոյացած
Փայլատակում եք լույս-պսակներով՝
Սահակ ու Մեսրոպ, և շատ պանծալիք,
Որ լցրեցիք հայոց աշխարհքն ու սրտեր
Լուսավոր կյանքի սիրով երջանիկ
Ու ձգտում տվիք՝ձգտել դեպի վեր:
Քանի որ դուք կաք, քանի կմնաք,
Հոյակապ սյուներ հայության ոգու,
Մենք միշտ անսասան առաջ պիտ գնանք,
Ինչքան մեր ճամփան լինի ահարկու:
|