Rep Power: 46
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՋԻԿՆԵՐԸ
Հուրն են սիրո սևի սիրուն լույս աղջիկներն Հայաստանի,
Սրտիս վրա քայլող գարուն` կույս աղջիկներն Հայաստանի,
Իմ սիրտն ի՜նչ է, ա'խ, թե ուզեն` բերդեր կառնեն մի հայացքով,
Անառիկ բերդ ու սիրո սյուն` հույս աղջիկներն Հայաստանի:
Մեկը մեկից պարզ ու կախարդ, մեկը մեկից խոսքով քաղցր,
Ետ կբերեն ալևորին, օձ կթովեն աչքով քաղցր, -
Մեկը` աստղիկ, մեկը` լուսնյակ, մեկն` արևի տեսքով քաղցր, -
Իմ Հայաստանն են զարդարում նուրբ աղջիկներն Հայաստանի:
ՈՒ չգիտեմ որի՞ն սիրեմ, որի՞ն թողնեմ անհագ սրտով,
Ամենքին է սրտիս աչքը արևի պես կրակ սրտով,
Երբ հուր ծովի պես են քաշում` ո՞նց դիմանաս վտակ սրտով, -
Ինձ աստղերից ցած են բերում սուրբ աղջիկներն Հայաստանի:
Իմ Սևանը ո՞նց ցամաքեց, երբ սևածով աչքերը կան,
Իրենց նման հարբեցընող գինին քամող ձեռքերը կան,
Վարդ շուրթերին բուրմունքի պես Կոմիտասի երգերը կան, -
Քարից անգամ լույս են քամում բյուր աղջիկներն Հայաստանի:
Բայց մի գանգատ ունի կյանքս` այն, որ ինձ մի վարդ չտվին,
Սուրբ եմ Արա Գեղեցիկի պես` ինձ մի սուրբ Նվարդ չտվին,
Ինձ թողեցին գիրկն ընկածի, դեռ ասում են` դարդ չտվին, -
Գերեզմանս են աչքով փորում զուր` աղջիկներն Հայաստանի:
Առանց նրանց` երգս պաղ էր` արև բացին իմ երգի մեջ,
Նրանց սիրո ձեռագործն է ծիածանը երկնքի մեջ, -
Բայց քաջ կասեմ` մեկին սիրես, լավի՜ն սիրես ու լա'վ սիրես,
Որ քեզ պաշտեն բոլո՜ր սիրուն, լույս աղջիկներն Հայաստանի:
Ես ծնվել եմ ձորերում`
Եղեռնի սև օրերում:
Մայրս կրծքին` օրորել`
Իմ օրոցքն էլ է կորել:
Աչքս բացի` սով տեսա,
Աստված ասաց` "Զոհ է սա":
Դեռ փայտե ձի չհեծած`
Բախտի ձիուց ընկա ցած:
Որբ մնացի ու անուս,
Ես դեռ մանկուց ընկա դուրս:
Վշտի վիհից, գահեր վես,
Հրաշք է, որ հասա քեզ:
Քիչ էր մնում` եղեռնի
Թաթն իմ կոկորդն էլ բռնի:
Բյուրերին է նա հորել`
Ինչպե՞ս է, որ չեմ կորել:
Չեմ պղտորվել, վշտից մեծ
Սոխակս օձի չփոխվեց:
Հոգիս` արցունք ու ոսկի`
Խտացվածքն եմ իմ ազգի:
Այժմ ազգին իմ անչար
Պարտք են Աստված ու աշխարհ:
Հատուցումը եղեռնի`
Երբ էլ լինի` կհառնի:
Իրար գրկեն պիտի ողջ
Այս ազգերն էլ մահագոչ:
Աշխարհ, դու ինձ մի նայիր,
Իմ ողջ ազգին փայփայիր:
Վախենում եմ, թե նրան
Դու պարտք մնաս... հավիտյան:
***
Երկնքի սպիտակ, սպիտակ շուշաններ,
Իջնում եք անշշուկ, իջնում եք ձյուն դառած,
Իջնում եք՝ պարուրում անտառներ ու դաշտեր,
Ու ծածկում իմ աչքից ձորերն իմ թափառած:
Թափվեցե՛ք, իմ ձյուներ, երազներ քնքշաթով,
Թափվեցե՛ք,ծածկեցե՛ք ձորերն իմ հուշերի,
Ա՜խ, հուշերն ինձ անգամ խոցում են շշուկով,
Հուշերիս քուն բերեք մոռացման գիշերի:
Ես ամեն ինչի մեջ նրան եմ տեսնում դեռ,
Ոտքերի հետքերն եմ նշմարում քարերին,
Փռեցե՛ք մոռացման սավաններն, իմ ձյուներ,
Նրա հետ թափառած իմ բոլոր ճամփեքին:
Թող իջնի մազերիս ձմեռը տխրաձայն,
Միայն թե մոռանամ, հեռանամ հուշերից,
Ա՜խ, իմ դառն հուշերը չպիտի քաղցրանան,
Թեկուզև մազերիս ձյունն իջնի՝ ծածակի ինձ...
|
|
__________________
Бог мой, как велико созвездие храбрецов на небосклоне нашей истории.
И как ослепительно их сияние. Увенчаны все, у всех есть шрамы славы.
В зрачках у них молнии, гнев, горечь.
Не осталось, почти не осталось в мире рода, который бы не узнал силу нашей руки.
Г. Нждеh
Judica, Domine, nocentes me: expugna impugnantes me.
Confundantur et revereantur quaerentes animam meam.
|