ՀԱՅՐ, ՕՐՀՆԵ՛
Հայր իմ., օրհնե՛. ժամը հասավ, պիտ՚ երթամ.
Նոր կյա'նք մ՚ինծի կը սպասե
Պատանությունն ես թողուցի, նոր արյուն
Երակիս մեջ կը վազե
Հառա՜ջ, հառա՜ջ, գըլուխս ետ չե՛մ դարձըներ.
Երկընքես վա՛ր թող իյնան
Անվիշտ կյանքիս ամեն աստղեր, հոգըս չէ'.
Անցյալս իջնա թող դամբան
Օհ, ինծի՛ ի՞նչ թե կը փետեմ վարդին թերթ,
Եվ փուշին կյանք կու տամ միշտ,
Թե գըրկաբաց հորձանքին մե՛ջ կը նետվեմ.
Խինդս է՝ ձանձրույթ, սերս է՝ վիշտ
Ամեն խայտանք ջախջախեցի սըրտիս մեջ.
Չեմ վախնար սև ծըծելե.
Վանք մըտնող կույս մ՚եմ՝ որ խըզված իր վարսեր
Անխիղճ, անհոգ, կը դիտե՜...
Հա՛յր, ես կ՚էրթամ այն ճամբայեն՝ որ ճերմակ
Մազերուդ զիս կը տանի,
Վաստակաբեկ ոսկըրներուդ, ծեր սըրտիդ
Եվ սերերուդ կենդանի....
Բավական է. - աշխատեցար, կըրեցիր,
Ամեն նետի, հարվածի
Վահան եղար ինծի համար. հոգիդ է՝
Որ հոգվույս մեջ կը հածի
Իմ արյունս է գոյացած քու քըրտինքեդ.
Հոգնությանդ ծիլն եմ տըխուր
Հոգիդ, կաղնի~, երբ կուրծք կու տար մըրըրկին՝
Ես շուքին տակ, հանգիստ, լուռ
Կը մեծնայի — Հարկ է հիմա ա՛լ հանգչես
Եվ ես քեզի հաջորդեմ...
Խոնջե~նք, խոնջե~նք, կ՚ուզեմ կըռվիլ, աշխատիլ,
Ելլել կյանքին, կյանքին դեմ...
Հայր իմ, օրհնե'. դողդոջ ձեռքերդ գըլխուս դիր.
Թող մատերեդ կաթի վար
Աղոթքդ՝ եկած հոգվույդ պայծառ խորանեն
Վերջին ժամն է. օրհնե՛, հայր
|