Ահա օրիգինալ տեքստը: Նաև նկարները:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ
Հեռ.: (374 10) 517 128
Հեռատիպ: (374 10) 517 301
Էլ-փոստ:
holysee@etchmiadzin.am
Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մայիսի 27, 2007թ.
Շքանշանի հանձնման արարողություն` Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում
ՙՄենք գիտակցում ենք, որ այս դժվարին և ծանր ժամանակներում դեռ աշխատանք ունենք կատարելու` առավել ամրացնելու հավատքը, հույսը, սերը, միաբանության ոգին մեր ժողովրդի զավակաց մոտ և առավել զորացնելու քրիստոնեական բարոյական արժեքները մեր ժողովրդի կյանքում՚
Գարեգին Բ Կաթողիկոս
Մայիսի 27-ին` Հոգեգալստյան տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավարտ Սուրբ Պատարագի տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որի ընթացքին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնեց ԼՂՀ ՙԳրիգոր Լուսավորիչ՚ բարձրագույն շքանշանը:
Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ և թեմակալ առաջնորդներ, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ, ԼՂՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հանդիսությունն սկսվեց Տերունական աղոթքով, ապա ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Սրբազան Հայրն անդրադարձավ Արցախի թեմի վերաբացմանը, Վեհափառ Հայրապետի անմիջական ուշադրության ներքո թեմի արձանագրած ձեռքբերումներին քրիստոնեական դաստիարակության, եկեղեցաշինության, ժողովրդի հոգևոր կարիքների բավարարման ոլորտներում: Պարգև Սրբազանն ընդգծվեց, որ Վեհափառ Հայրապետն ամենից շատ Արցախ այցելած Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, ով մշտապես ակտիվորեն զորավիգ է եղել արցախահայությանը` տարբեր առիթներով հորդորելով աշխարհասփյուռ հայորդներին` սատարելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:
Այնուհետև ընթերցվեց շքանշանի հանձնման հրամանագիրը, ապա ԼՂՀ նախագահը Ամենայն Հայոց Հայրապետի կուրծքը զարդարեց Արցախի ՙԳրիգոր Լուսավորիչ՚ բարձրագույն շքանշանով և Նորին Սրբությանը հանձնեց շքանշանի վկայականը: ՙ...Ես վստահ եմ, որ մեր բոլոր հաղթանակներն սկսվել են Սուրբ Էջմիածնից և առաջին հերթին դրանք մեր հոգևոր հաղթանակներն են: Եթե չլինեին դրանք, երևի մենք չունենայինք մեր մնացյալ հաղթանակները: Մեր հաղթանակների երաշխիքը մեր միասնությունն է և, առաջին հերթին, մեր հոգևոր միասնությունը, որն ստեղծեց բոլոր հնարավորությունները Արցախն ազատագրելու համար: Ես վստահ եմ, որ այն, ինչ որ դուք և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է արել Արցախի համար, դեռ սկիզբն է և կունենա շարունակություն: Ես վստահ եմ, որ մենք Ձեզ հետ միասին, Ձեր գլխավորությամբ և աջակցությամբ դեռ բազմաթիվ հաղթանակներ ենք ունենալու: Մեր բոլոր հաղթանակների ժամանակ մենք զգում ենք, որ մեր թիկունքում կանգնած է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, և սա է մեր հաղթանակների երաշխիքներից մեկը՚,- նշեց ԼՂՀ նախագահը:
Արարողության ընթացքին շնորհավորական խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ նախագահ, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ տիար Ռադիկ Մարտիրոսյանը, ով Գերագույն Հոգևոր Խորհրդի անունից շնորհակալություն հայտնեց Հայոց Հայրապետին այն հոգատարության համար, որ ցուցաբերվում է Արցախի նկատմամբ: Տիար Մարտիրոսյանն այս օրը նշանակալի նկատեց Հայ Եկեղեցու, հոգևորականության և մտավորականության համար:
Վերջում ներկաներին իր պատգամն ու օրհնությունը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունն իր շնորհակալությունը հայտնեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին` շնորհված պետական բարձր պարգևի համար: ՙՄենք այս պարգևն ընդունում ենք սիրով, հպարտությամբ և նաև հուզումով, որովհետև այն իր մեջ խորհրդավոր կերպով ամբողջացնում և պարունակում է հայ ժողովրդի` հանուն Արցախի մղած ազատագրական պայքարի ողջ ընթացքը: ...Այս շքանշանը թանկ ու նվիրական է մեզ համար, որովհետև այն նաև կերտված է Հայրենիքում և ի սփյուռս աշխարհի ապրող մեր ողջ ժողովրդի համատեղ ջանքերի և հանձնառու զոհողությունների արդյունքում: Այս բարձր պարգևը մենք ընդունում ենք նաև որպես Արցախի իշխանությունների և ողջ ժողովրդի սիրո, հարգանքի ու գնահատանքի դրսևորում հանդեպ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, հանդեպ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և մեր Եկեղեցու իրականացրած առաքելությունը ինչպես պատմության ընթացքին, այնպես էլ արցախյան ազատագրական պայքարի տարիներին՚,-ասաց Վեհափառն իր խոսքում:
Հանդիսությունը փակվեց ՙՊահպանիչ՚ աղոթքով և Հայրապետական մաղթերգով:
ԼՂՀ նախագահի շնորհած պարգևը համալրում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին նախկինում շնորհված բազում պետական և հասարակական պարգևների շարքը, որոնց թվում են Հորդանանի բարձրագույն ՙԲեթղեհեմ-2000՚ շքանշանը, ՙՌումինիայի աստղ՚ Ռումինիայի ազգային բարձրագույն պարգևը (2000թ.), Ուկրաինայի Հանրապետության ՙԻշխան Յարոսլավ Իմաստուն՚ շքանշանը (2001թ.), Ֆրանսիայի Պատվո լեգեոնի կոմանդորի շքանշանը (2001թ.), Ռուս Ուղղափառ Եկեղեցու բարձրագույն պարգև` Ս. Անդրեաս Նախակոչ առաքյալի շքանշանը (2004թ.), ՙԴարի բարեգործներ՚ միջազգային բարեգործական հիմնադրամի ՙՍուտակե խաչ՚ շքանշանը (2005թ.), ՌԴ հասարակական բարձրագույն պարգև` ՙՌուսաստանի հպարտություն՚ ոսկե շքանշանը (2006թ.), Ռուսաստանի Դաշնության պետական բարձրագույն պարգև ՙԺողովուրդների բարեկամության՚ շքանշանը (2006թ.):
###
1.