Join Date: Jan 2007
Location: Nederland
Age: 42
Rep Power: 21 
|
Շատ հետաքրքիր ադաթներ ուներ գյումրեցին: Օրինակ, երբ գնում էին աղջիկ տեսնելու, գնում էին ամբողջ հարազատներով: Եվ հարազատներից ամեն մեկն իր հերթին չափում էր աղջկա խելքն ու տնտղում, թե արդյո՞ք ամեն ինչ տեղն է: Մեկը ջուր էր ուզում և ասում.
«Աղջիկ ջան, տար էս կռուշկեն զարկե վեդրոյի գլխին, ջուրմ բեր»: Ու նայում, թե աղջիկը ինչխ բդի ջուր բերե. խելքը տեղն է, թե կռուշկեն բդի վեդրոյին զարկե : Կամ դիտավորյալ բանմ կուզեն, որ աղջիկը գնա գա, տեսնեն՝ ոտքերը ծուռ է, քոռ է, թոփալ է, թե ամեն ինչ նորմալ է: Իսկ եթե տղայի դուրը գալիս էր, հատուկ ձև գոյություն ուներ. հանում էր շախմատաձև թաշկինակը ու քիթը սրբում: Դա հավանության նշան էր: Հետո տղային ու աղջկան թողնում էին առանձին սենյակում՝ ծանոթանալու միմյանց հետ: Հարսանիքից մի քանի օր հետո աղջկա հարազատները հարսի օժիտը տանում էին տղայի տուն: Աղջկա ունևոր լինելը պարզվում էր նրանից, թե քանի ձեռք բրդից անկողին է տարել, քանի հատ բարձ, քանի դյուժին սրբիչ, քանի դյուժին ներքնաշոր: Հարսանիքից մեկ օր առաջ քավորը, ազապբաշին ու փեսայի ընկերները, դուդուկների նվագակցությամբ փեսային տանում են բաղնիք լողացնելու, որը կոչվում էր «փեսա-բաղնիս»:
Նույն ձևով քավորկինն էր հարսին տանում բաղնիք լողացնելու: Այս անգամ թառի, քյամանչայի ու դաֆի նվագի տակ, որը կոչվում էր «հարսն-բաղնիս»:
Հարսանիքի տերն ու տիրակալը քավորն էր: Նա հարսանիքի մասնակիցների կենացները պետք է խմեր ճյուղ առ ճյուղ, թուփ առ թուփ և բոլորն էլ պետք է արտահայտվեին, իրենց շնորհակալությունները հայտնեին: Հարսանիքը պարտադիր շարունակվում էր մինչև լույս, քանի որ հատուկ մոմերով պար կա, որը կոչվում էր «Առավոտլուսուն»: Այդ պարը պարում էին շրջան կազմած, դրսում, լույսը բացվելուն պես, ու հետն էլ երգում էին. «Չեմ ու չեմ ու չեմ, չեմ կըրնա խաղա», «Ծաղիկ ունեմ ալա է» երգերը: Ընդունված էր, ամեն մի կենացից հետո նվագողները պետք է տուշ նվագեին: Եթե մարդը հարգված էր կամ լավ շաբաշ տվող էր, տուշը երկար էին նվագում: Իսկ վերջում հայտնի «Ճամփու-ղայդեն» երաժշտության տակ, քավորին ու խնամիներին տուն էին տանում: Երբ հարսանքավորները տուն էին վերադառնում, հարևան-բարեկամները հարցնում էին, թե վերջում կռիվ եղա՞վ: Եթե կռիվ է եղել, ուրեմն ղայդին, հետաքրքիր հարսանիք է եղել: Հարսանիքի երկրորդ օրը, նորից մեծ ծախս էին անում, ավելի մտերիմ մարդկանցով «Ազաբ բաշու մայմեն» էին բացում ու նորից շարունակում քեֆ ուրախությունը, այն, ինչ հատուկ է էդ հող ու ջրին:
|