Հին Սեր
Մամ ու ծերուկ, երկու թարշամ հոգիներ,
Եկան նըստիլ շուքին ներքև ծիրանվույն ՝
Որուն քընքույշ ծաղիկներն էին զարդարեր
Օր մը գըլուխը հանվույն:
Անոնք սաստիկ կը դողդոջեն ՝ իբր ըլլան
Սիրահարներ հանկարծ իրար հանդիպած.
Բայց քովերնին՝ ցուպե՛րն իրենց լոկ կը մնամ
Խոտին վըրա ՝ գըրկըված:
Չունին այլևս հըրդեհումներն այրունին.
Անոնց հոգին համբույրի երգը չունի.
Ոչ ալ հոգնած կողերնուն մեջ կը ծաղկին
Սերմերը ՝ նման շուշանի:
Պապուն նայվածքըն աչվըներուն մեջ մամուն
Կը նվաղի՝ չըթափանցած դեռ սրտին.
Եվ կը մըսի գաղջ ճառագայթն արևուն
Անոնց ծոցին մեջ ցըրտին:
Եթե փորձե՜ն իսկ տարփանքի փորձ մ'անմեղ
Գարնան դըրդիչ բուրումներեն սըրարբած՝
Կը փըշրի՜ սիրտն ՝ իբրև բաժակ մը բյուրեղ
Հանկարծ կրակին դեմ ճաթած:
Վարդերն անցա՜ն, անցան բոցերն այտերե.
Սերն անոնց կայծ մ'է մոխիրին մեջ թաղված՝
Զոր հիշատակն իր շունչով իսկ կը մարե
Վայրկյան մ'հազի՛վ արծարծած:
Ու հիմակ այս գարնանային իրիկունն՝
Երբ կը բուրեն կինամոնները բըլրան՝
Կ'իյնա անոնց միտքը հին սերն հանկարծույն՝
Հին աղոթքի մը նման:
Եվ կը հիշեն, շուքին տակ նույն ծիրանվույն,
Մեռած գըգվանքն, իրենց տարփանքը հեշտին,
Հետո համբույրն ու հետո ճի՛չը մամուն՝
Եվ իրարու կը ժըպտի՜ն…
Հիասքա՜նչ է
|