View Single Post
Old 18 Jun 07, 19:04   #1 (permalink)
ДИАКОН
VIP Club
MONK's Avatar
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Posts: 728
Rep Power: 18 MONK is on a distinguished road
Wink Հայաստանյայց Եկեղեցու տոները

Թե’ եկեղեցական, թե’ ազգային կյանքում տոները, հիշատակության օրերը հաստատված են հստակ առաքելությամբ` անհատի գիտակցության մեջ արթուն պահել պատմական իրողությունների հետ կապը: Դրանք ենթագիտակցական կապակցում են ստեղծում անցյալի և ներկայի միջև` երաշխավորելով ապագայի կերտումը:
Եկեղեցական օրացույցով տարին բաժանվում է տոնական և պահոց օրերի: Եկեղեցական տոները կոչված են հոգևոր խորհուրդներով օժտելու և կարգավորելու ժամանակը` տարին բաժանելով շրջանների, որոնք յուրօրինակ հոգեղեն իմաստ են հաղորդում քրիստոնյայի կյանքին: Եկեղեցական տոները պատմական իրադարձությունների պարզ վկայակոչումներ չեն. աստվածային տնօրինությունների ուղիով ընթանալը հնարավորություն է ընձեռում հոգով մասնակից դառնալու Փրկչի երկրային կյանքին և տոնից տոն հասունանալու հոգևոր իրողությունների կենդանի վերապրումով: Տոները նաև Եկեղեցու կյանքի տարեգրության յուրօրինակ արտահայտությունն են, ուստի դրանք դարեդար զարգացել են` ներառելով ոչ միայն Քրիստոսի, այլև սրբերի և ազգային-եկեղեցական կարևոր իրադարձությունների հիշատակները:
Եկեղեցական տոները ժամանակագրական առումով բաժանվում են երկու խմբի` անշարժ և շարժական: Անշարժ տոներն իրենց հաստատուն տեղն ունեն օրացույցում, իսկ շարժականները տեղաշարժվում են` կախված լինելով Զատկից, որը նշվում է գարնան գիշերահավասարից հետո լուսնի լրմանը հաջորդող առաջին կիրակի օրը:
Հայոց Եկեղեցու տոները կարգավորվում են Տոնացույցի միջոցով և բաժանվում են երկու խմբի` Տերունի և Սրբոց: Տերունի տոների շարքն իր հերթին բաժանվում է չորս խմբի` Տնօրինական, Աստվածածնի, Խաչի և Եկեղեցու:
Տնօրինական տոները ներկայացնում են Աստվածորդու երկրային առաքելության հանգրվանային դրվագները` Սուրբ Ծնունդ և Աստվածհայտնություն (հունվարի 6), Անվանակոչություն (հունվարի 13), Տեառնընդառաջ (փետրվարի 14), Վարդավառ կամ Պայծառակերպություն (Զատկից հետո 14-րդ կիրակին), Ծաղկազարդ (Զատկի նախորդ կիրակին), Ավագ Շաբաթ (Զատկին նախորդող ամբողջ շաբաթը), Սուրբ Զատիկ կամ Հարություն, Համբարձում (Զատկից հետո 40-րդ օրը), Հոգեգալուստ կամ Պենտեկոստե (Զատկից հետո 50-րդ օրը):
Աստվածամոր տոները յոթն են և կապված են նրան առնչվող կարևորագույն իրողությունների հետ` Աննայի հղացվելը (դեկտեմբերի 9), Ս. Կույսի ծնունդը (սեպտեմբերի 8), Ընծայվելը տաճարին (նոյեմբերի 21), Ավետում (ապրիլի 7), Վերափոխում (օգոստոսի 15-ի մոտակա կիրակին), Գոտու գտնելը (Վերափոխմանը հաջորդող կիրակին) և Տուփի գտնվելը (Հոգեգալստին հաջորդող 5-րդ կիրակին):
Խաչի տոները չորսն են. Խաչի երևումը. հիշատակն է Երուսաղեմում 351թ. Խաչի լուսեղեն նշանի երևման, որ ճառագում էր Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռ և տեսանելի էր ամենքին (Զատկին հաջորդող 5-րդ կիրակին):
Խաչվերաց. հիշատակն է խաչափայտի վերացման` վեր բարձրացման: Խաչափայտը 629թ. պարսկական գերությունից վերադարձվել ու բարձրացվել էր Գողգոթայում (սեպտեմբերի 14-ի մոտակա կիրակին):
Վարագա Ս. Խաչ. տոնը զուտ հայկական ծագում ունի և հիշատակն է 660թ. Վարագա վանքում խաչափայտի մասունքի հայտնաբերման, որն այդտեղ թաքցրել էր Ս. Հռիփսիմե կույսը (Խաչվերացին հաջորդող 2-րդ կիրակին):
Խաչի գտնվելը. 326թ. Հեղինե թագուհու կողմից Տիրոջ խաչափայտի գտնվելու հիշատակը (հոկտեմբերի 26-ի մերձակա կիրակին):
Եկեղեցու տոները երկու բնույթի են. վերաբերում են Եկեղեցի-ժողովրդին և Եկեղեցի-տաճարին:
Նոր կիրակի. Քրիստոնեական Եկեղեցու ստեղծման հիշատակը (Զատկի հաջորդ կիրակին):
Աշխարհամատրան կիրակի. Քրիստոնեական առաջին եկեղեցու` Երուսաղեմի Վերնատան հիշատակը (Զատկից հետո 2-րդ կիրակին):
Շողակաթի տոն. Հայ Եկեղեցու հիմնադրման Լուսավորչի տեսիլքի հիշատակը (Հոգեգալստից հետո 11-րդ օրը):
Ս. Էջմիածնի տոն. Ս. Էջմիածնի կառուցման հիշատակը (Հոգեգալստից հետո 2-րդ կիրակին):
Տապանակի տոն. Եկեղեցու նախատիպ-խորհրդանիշ Ուխտի Տապանակի հիշատակը (Վարդավառի նախորդ շաբաթ օրը):
Տերունական օր է համարվում նաև յուրաքանչյուր կիրակի (հունարեն կյուրակե նշանակում է տերունական), որ նվիրված է Տիրոջ Հարությանը, ուստի ամեն կիրակի մատուցվում է Ս. Պատարագ:
Սրբոց տոները մեծավ մասամբ շարժական են և կոչված են պայծառացնելու Քրիստոսի վկաների հիշատակը և նրանց սրբության ուղին իբրև օրինակ մեզ ավանդելու: Մեր Տոնացույցում նշված են մինչև 15-րդ դարի սրբերը (վերջինը` Ս. Գրիգոր Տաթևացի): Հետագա դարերի սրբերի համար սահմանված է ՙԱմենայն սրբոց՚ տոնը, որով հիշատակվում են բոլոր հին ու նոր, հայտնի ու անհայտ սրբերը: Սրբոց տոներից առավել մեծ ժողովրդականություն են վայելում Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների, Ս. Գրիգոր Լուսավորչի, Ս Սարգիս զորավարի, Վարդանանց և Թարգմանչաց սրբերի տոները:
Եկեղեցական գլխավոր հինգ տոները` Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն, Զատիկ, Վարդավառ, Վերափոխում և Խաչվերաց, կոչվում են ՙտաղավար տոներ՚: Այդ անվանումը կապվում է Հին Կտակարանի Տաղավարահարաց տոնի (Ղևտ. 23. 41-43) հետ և տրվել է այս հինգ տոներին` որպես մեկից ավելի տոնական օրեր ունեցողների: Տաղավար տոներն ունեն իրենց նախընթաց պահոց շրջանը (օրինակ` Զատկին նախորդում է Մեծ Պահքը): Ս. Ծննդյանն ու Ս. Զատկին նախորդող երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Պատարագ: Տաղավար տոներին միացված են նաև առանձին արարողություններ, որով յուրահատուկ շուք և ժողովրդականություն է հաղորդվում այդ տոներին (օրինակ` Ս. Ծննդյանը միացված է Ջրօրհնեքը, Վերափոխմանը` Խաղողօրհնեքը և այլն): Տաղավար տոների հաջորդ երկուշաբթիները կոչվում են Մեռելոց: Մեռելոցներին մատուցվում է Ս Պատարագ և կատարվում Հոգեհանգիստ` ի հիշատակ ՙհավատով ի Քրիստոս ննջած՚ հանգուցյալների:
 
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
MONK is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 18:34.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60